Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼՂ ՀԱՐՑՈՎ ԵՆԹԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՇՈՒՐՋ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՉԿԱ

Մայիս 14,2010 00:00

\"\"Երեկ Երեւանում հայտարարեց ԵԽ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Մեւլութ Չավուշօղլուն

ԵԽԽՎ նախագահը վիրավորվեց

Կոալիցիայի պատգամավորների հետ ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուի երեկվա հանդիպման ընթացքում սուր զրույց է եղել: Ինչպես «Առավոտին» պատմեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ «Նա փորձում էր զրույցը տանել Եվրոպայի խորհրդի առջեւ Հայաստանի պարտավորությունների կատարման շուրջ՝ «Ընտրական օրենսգիրք», ոստիկանության բարեփոխումներ եւ այլն: Դավիթ Հարությունյանն, իհարկե, ներկայացրեց այդ ուղղությամբ կատարվելիք քայլերը: Բայց ես ասացի՝ պարոն Չավուշօղլու, բոլորս էլ հասկանում ենք, որ հիմնական ինտրիգը ԵԽԽՎ ԼՂ հարցով ենթահանձնաժողովի աշխատանքն է, որը Դուք փորձում եք վերսկսել: Եվ ասացի, թե իր անձի հետ կապված խնդիր չունենք, բայց ինքը ներկայացնում է Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը, որը 18 տարիների ընթացքում Լեռնային Ղարաբաղի հարցում եղել է կողմնակալ ու պաշտպանել է բացառապես Ադրբեջանի շահերը: Ասացի, որ մենք չունենք վստահություն, թե որպես ԵԽԽՎ նախագահ՝ կրկնակի չափանիշներ չեք կիրառի եւ կլինեք անաչառ: Չավուշօղլուն ափերից դուրս եկավ եւ ասաց, թե ոչ ոք իրավունք չի տվել իրեն վիրավորել, ու իմ այս հայտարարությունը խտրականության դրսեւորում է: Ըստ նրա, եթե չեն վստահում իրեն՝ միայն այն պատճառով, որ թուրք է, ապա դա բացահայտ ազգային խտրականություն է, ինչը չի համապատասխանում ԵԽ-ում մեր բոլորի որդեգրած արժեքներին»:

Նա նաեւ Անթալիայի պատվիրակն է

«Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանը հանդիպման նախօրեին «ՆՏ»-ին հայտնել էր, թե մտադիր են բարձրացնել «ԵԽԽՎ-ի նախագահի մակարդակին ուղղված հարցեր», եւ «եթե Չավուշօղլուն ինչ-որ ձեւով իրեն որպես թուրք կդրսեւորի՝ մենք էլ համապատասխան հարթության մեջ կտանենք խոսակցությունը»: Երեկ հանդիպումից հետո «Առավոտի» հարցին, թե ի վերջո Չավուշօղլուն իրեն ինչպե՞ս դրսեւորեց՝ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց. «Նա հայտարարում էր, թե Հայաստանում է իբրեւ ԵԽԽՎ նախագահ, բայց իրականում պահում էր իբրեւ Թուրքիայի քաղաքական գործիչ»: Եվ պատմելով հանդիպման մասին՝ նշեց. «Նա, իհարկե, շատ էր ցանկանում, որ մենք խոսեինք Հայաստանի քաղբանտարկյալներից ու ժողովրդավարության, մարդու իրավունքների հարցերից: Մենք նրան ասացինք, որ դրան չանդրադառնալու երկու լուրջ պատճառ ունենք՝ առաջինն իր հետաքրքրություններն են ԵԽԽՎ շրջանակներում, քանի որ «Գոլոդոմոր» եւ այլ կարգի խնդիրներով է զբաղվել ու Հայոց ցեղասպանության ու ԼՂ մասին տեսակետներ հայտնել, եւ երկրորդը՝ նա Հայաստանի լավագույն օգնականը չի կարող լինել այդ հարցերում: Եվ այս առումով՝ որպես ԵԽԽՎ նախագահ, մեծ անելիքներ ունի գլուխ բարձրացրած ազգայնականությամբ երկրներում ժողովրդավարությունը հասարակության սեփականությունը դարձնելու առումով, սկսած իր երկրից՝ Թուրքիայից, վերջացրած Ադրբեջանով»:

Ի պատասխան Լարիսա Ալավերդյանի եւ Անահիտ Բախշյանի այն հարցադրման, թե ինչո՞ւ Թուրքիան մինչ այժմ չի կատարում միջազգային կառույցներին անդամակցելիս ստանձնած պարտավորությունները՝ բաց սահմաններ ունենալու առումով, Չավուշօղլուն՝ ըստ պրն Սաֆարյանի, ասել է, թե «իր անելիքը ԵԽԽՎ նախագահի պաշտոնում տեսնում է 2 կողմերին հորդորելը, որ վավերացնեն արձանագրությունները»: Հարցը տվողներն ընդգծել են, թե Թուրքիան դա պարտավոր էր անել ա՛յլ պարտավորությունների շրջանակում, բայց չի արել մինչ այժմ:

«Ժառանգություն» խմբակցության ղեկավարը նաեւ պատմեց, որ հօգուտ Ադրբեջանի իր հայտարարությունների համատեքստում Չավուշօղլուն ասել է, թե «ինքն ունի 2 մանդատ՝ ԵԽԽՎ նախագահի եւ Անթալիայի պատգամավորի, ու մենք պարտավոր ենք հարգել իր 2 մանդատները: Մենք նրան հորդորեցինք, որ այսուհետ հարցազրույց տալիս նախապես հայտարարի, թե ո՛ր մանդատի շրջանակներում է արտահայտում այս կամ այն միտքը»:

Խոսել է Նիկոլ Փաշինյանի մասին

Ասուլիսում ԵԽԽՎ նախագահի խոսքի նախաբանը հիմնականում Հայաստանի ժողովրդավարացման խնդիրների մասին էր: Մասնավորապես կարեւորեց, որ 2008-ի ընտրությունից հետո ստեղծված ճգնաժամի հաղթահարմանն ուղղված առաջարկները Հայաստանը կատարի բարեխղճորեն եւ առանց ձգձգումների. «Դեռեւս կան 2 հարցեր, որոնք չեն ստացել բավարար լուծում: Նախ՝ անընդունելի է, որ որեւէ մեկը պատասխանատվության չի կանչվել 10 մահվան կապակցությամբ՝ 2008-ի մարտի դեպքերի առումով: Հասարակական վստահությունը չի վերականգնվի, քանի դեռ անհատական արդարությունը չի իրականացվել: Եվ ԵԽԽՎ տեսանկյունից՝ լրիվ չի լուծված նաեւ 2008-ի մարտի դեպքերի հետեւանքով ազատազրկված մարդկանց հարցը: Մասնավորապես այս համատեքստում ես իշխանությունների առջեւ բարձրացրել եմ նաեւ պարոն Փաշինյանի հարցը: Այս 2 օրերի ընթացքում իմ քննարկումները հայ զրուցակիցների հետ հիմնականում սեւեռվել են երկրում անհրաժեշտ ամենակարեւոր բարեփոխումների շուրջ: Առաջինը՝ ընտրական համակարգի բարեփոխումները՝ խիստ կարեւոր է, որ 2012-ի ընտրությունները կազմակերպվեն եվրոպական ամենաբարձր չափանիշներին համապատասխան: Սա ցույց կտա ձեր քաղաքացիներին, ինչպես նաեւ արտաքին աշխարհին, որ Հայաստանը շրջել է իր ոչ շատ վաղ անցյալի մութ էջը եւ հաստատակամ առաջ է ընթանում ժողովրդավարական բարեփոխումների ուղով»:

Հայտնի չէ՝ ով կղեկավարի

ԵԽԽՎ նախագահը խոսքի նախաբանում անդրադարձավ նաեւ ԼՂ հարցով ենթահանձնաժողովին. «Չկա համաձայնություն առ այն, թե որ անձը կարող է լավագույնս նախագահել այդ հանձնաժողովում, ինչպես նաեւ՝ չկա համաձայնություն դրա հստակ ձեւաչափի եւ մանդատի շուրջ: Արդեն առնվազն 1 տարի է, ինչ այս հարցը գտնվում է բյուրոյի օրակարգում: Իմ պարտականությունը՝ որպես նախագահի, այն է, որ ես հետամուտ լինեմ բյուրոյի օրակարգին, մինչեւ ընդունվի համապատասխան որոշում»:

«Առավոտի» հարցն առնչվում էր Չավուշօղլուի բազմիցս արած պնդումներին, թե հենց ինքն է գլխավորելու այդ հանձնաժողովը: Մասնավորապես հիշեցրինք, որ 2005-ին, երբ քննարկվում էր ԼՂ հակամարտության վերաբերյալ զեկույցը, նաեւ 2007-ին՝ իր ելույթներում խոսել էր «Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքի 20%-ի օկուպացիայի» մասին, կարեւորել մեր երկրի վրա ճնշումներն ուժգնացնելու անհրաժեշտությունը եւ ընդհանրապես՝ կրկնել այն բոլոր պնդումները, որոնք ԼՂ խնդրի կապակցությամբ պարբերաբար անում են ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակները: «Արդյոք ճի՞շտ եք համարում, որ ԼՂ հարցով նման բոլորովին ոչ չեզոք, կողմնակալ դիրքորոշում ունեցող անձը գլխավորի Վեհաժողովի ենթահանձնաժողովը: Թե՞ անցած տարիներին վերանայել եք Ձեր դիրքորոշումն այս հարցում ու, դառնալով ԵԽԽՎ պաշտոնյա, 180%-ով շրջադարձ կատարել նախկին տեսակետներից»,- հարցադրմանը պրն Չավուշօղլուն պատասխանեց. «Չեմ ուզում մեկնաբանել իմ հայտարարությունները, որոնք արվել են որպես Թուրքիայի պատվիրակության ղեկավար»: Եվ հավելեց. «Բյուրոն դեռեւս իր որոշումը չի ընդունել ԼՂ-ի ժամանակավոր հանձնաժողովի վերաբերյալ, որեւէ մեկը չի ղեկավարում այն, եւ բյուրոն ինքը պետք է որոշի, թե ով կլինի այդ հանձնաժողովի նախագահը»: Ընդգծեց. «Այս ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությունն իմ հեղինակած նախաձեռնությունը չէ»:

«Հարգեք իմ որոշումը»

«Երկիր Մեդիայի» թղթակիցը հիշեցրեց, որ Հայաստան եկած ԵԽԽՎ այլ նախագահներ այցելել են Ծիծեռնակաբերդ, իսկ Չավուշօղլուն հրաժարվեց. «Այս իրավիճակում Հայաստանի հասարակությունն ինչպե՞ս կարող է հավատալ, թե Դուք կարող եք անաչառ լինել Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում՝ որպես ԵԽԽՎ նախագահ»: Ի պատասխան՝ նա ասաց. «Վեհաժողովի կանոնակարգում կամ բանաձեւերում չկա որեւէ դրույթ, որը պարտադրի նախագահի այցելությունն այս կամ այն վայր: Եվ երբ ես նայում եմ նախորդ նախագահների՝ Դե Պյուչի եւ Վան Դեր Լինդենի պաշտոնական այցելությունների օրակարգը, նրանք նույնպես չեն այցելել այդ վայրը: Բայց եւ այնպես, սա իմ անձնական որոշումն էր՝ որպես ԵԽԽՎ նախագահ: Ես հարգում եմ Ձեր կարծիքը, բայց բոլորը պետք է հարգեն նաեւ իմ որոշումը»: Թղթակիցը հրապարակեց, որ 1999-ին ԵԽԽՎ նախագահ Ռասել Ջոնսթոնը, ինչպես նաեւ 2005-ին ԵԽԽՎ նախագահ Վան Դեր Լինդենն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Չավուշօղլուի արձագանքն էր, թե նման տեղեկություն չունի. «Գուցե նրանք դա անհատակա՞ն որակով են կատարել»:

«Ժամանակի» թղթակիցն էլ փորձեց պարզել, թե ինչ պատասխան է լինելու ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի ԵԽԽՎ-ին ուղղված նամակին, որում առաջարկվել էր դիտորդներ ուղարկել մայիսի 23-ին կայանալիք ԼՂՀ խորհրդարանի ընտրությունների ընթացքին հետեւելու համար։ Չավուշօղլուն ասաց, որ ԵԽԽՎ բյուրոն այդ հարցը քննարկել է ապրիլին ու որոշել դիտորդներ չուղարկել. «Բյուրոյի եւ Եվրախորհրդի ավանդույթն է դիտորդներ չուղարկել այն ընտրություններին, որոնք տեղի են ունենում սառեցված հակամարտությունների խնդրահարույց գոտիներում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել