Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԻԱՆ ԵՐԲԵՔ ՉԻ ԿԱՐՈՂ ՄԻՋՆՈՐԴ ԼԻՆԵԼ

Մայիս 14,2010 00:00

Այսպես են կարծում հայաստանյան քաղաքական ուժերը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները երեկ հանդես են եկել հերթական հայտարարությամբ, որում ասված է. «ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ) եւ Իգոր Պոպովը (Ռուսաստան) մայիսի 12-ին Բրյուսելում հանդիպում են ունեցել Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ եւ քննարկել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունների ընթացիկ փուլը: Սպասվում է, որ համանախագահները համանման հանդիպում կունենան Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովի հետ հունիսի սկզբին»:

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպմանը ներկա է եղել նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը: Հանդիպման օրակարգում էին արցախյան հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ մադրիդյան առաջարկությունների շուրջ կողմերի դիրքորոշումների մոտեցմանն առնչվող հարցեր: Ըստ ամենայնի, որոշակի աշխուժացում է սկսվել, եւ իրար հաջորդող այս հանդիպումների արդյունքն իրեն երկար սպասեցնել չի տա: Նկատենք, որ Թուրքիայում գտնվելու ընթացքում ՌԴ նախագահն իր հերթին հարկ էր համարել հայտարարել, թե առաջիկայում տեղի է ունենալու Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումները։ Որոշ վերլուծություններ հանգեցնում են այն մտքին, որ այս ակտիվացումը կապված է Թուրքիայի որոշ նկրտումների հետ: Գաղտնիք չէ, եւ Թուրքիան չի էլ թաքցնում, որ փորձում է Լեռնային Ղարաբաղի խնդրում միջնորդ դառնալ:

ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը երեկ հայտարարել է, որ Թուրքիան երբեք չի կարող միջնորդ դառնալ Ղարաբաղի հարցում, քանի որ «իրականում իրենք կողմ են եւ չեն կարող միջնորդ լինել։ Իր ասելն ու ցանկությունը դեռ չի նշանակում, որ այդպես կստացվի։ Սակայն արձանագրությունների առկայությունը Թուրքիային հնարավորություն է տալիս այդ մասին հաճախ խոսելու»:

Նաեւ նշել է, որ Թուրքիան՝ որպես կողմնակալ դիրքորոշում ունեցող, որպես Ադրբեջանի շահերը շատ ակտիվորեն պաշտպանող, ինչ-որ տեղ այդ իմաստով կարող է կողմ համարվել, բայց ոչ՝ բանակցություններին մասնակցող կողմ։

Թուրքիայի համար բանակցային կողմ դառնալու հնարավորություն Կիրո Մանոյանը չի տեսնում: Ի դեպ, գրեթե բառացի նույն բանն էր ասել նաեւ ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը օրերս մեր թերթի հետ զրույցում: ԲՀԿ-ն ներկայացնող, ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը եւս Թուրքիայի միջնորդ դառնալու հավանականության մասին կոշտ դիրքորոշում ունի եւ այդ մասին նա ասել է «7օր»-ին. «Սա առաջին դեպքը չէ, երբ Թուրքիան փորձում է այս կամ այն կերպ սողոսկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման սուբյեկտների մեջ»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի վարչապետը, խոսելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրի մասին, ասել էր, որ եթե ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խումբը հետագայում էլ հաջողությամբ գործի, ապա Թուրքիան, հնարավոր է, կքննարկի բանակցային գործընթացին իր մասնակցության հարցը։ ԲՀԿ-ական պատգամավորը Թուրքիայի վարչապետի այս հայտարարությունը դիտարկում է այսպես. «Ես այս հայտարարությունը դիտարկում եմ Թուրքիայի համառ ցանկության կոնտեքստում՝ ինչ-որ կերպ մասնակցություն ունենալ ԼՂ հակամարտության կարգավորմանը։ Որեւէ մեկը չի արգելում Էրդողանին այդ ցանկությունները բարձրաձայն հայտարարել այս կամ այն ձեւաչափով, այս կամ այն երկրի նախագահի կամ բարձրաստիճան որեւէ մեկ այլ պաշտոնյայի հետ հանդիպման ժամանակ։ Միանշանակ է, որ հայկական կողմի համար դա բացարձակապես անընդունելի է, եւ ինչպես որ Թուրքիայի այսօրինակ ցանկությունները միշտ բախվել են պատին եւ իրականություն չեն դարձել, ես վստահ եմ, որ այս անգամ եւս դա լինելու է այդպես, եւ Թուրքիայի ցանկությունը մնալու է ընդամենը լոկ ցանկություն»:

Ղարաբաղի հարցում հայաստանյան քաղաքական գրեթե բոլոր ուժերը միակարծիք են եւ միակարծիք են նաեւ ընդդեմ Թուրքիայի միջնորդության հարցում: Իսկ թե մեր կարծիքը ով կհարցնի՝ դեռ այնքան էլ պարզ չէ: Չի բացառվում, որ առանց մեզ հարցնելու՝ մի օր Թուրքիան ներգրավվի որպես միջնորդ, քանի որ այդ երկիրը եւս ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, իսկ թե անդամությունից մինչեւ համանախագահություն քանի քայլ է՝ դեռ ոչ ոք չի հաշվարկել: Կամ՝ գուցե մենք սխալվո՞ւմ ենք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել