Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՅԱԲՆԱԿ ՎԱՅՐԵՐԸ ՄԻՆՉԵՎ 1915Թ.

Մայիս 13,2010 00:00

Այնթապ, Ադանայի նահանգ, Կոզանի սանջակ (Սիս)

Լեռնային Կիլիկիայի հայաբնակ խոշորագույն բնակավայրերից մեկն էր հայաշատ  Հաճըն քաղաքը: Այն  ընկած  է Տավրոսի լեռների գրկում՝  Քերմես լեռան լանջին: Գեղատեսիլ լեռնային բնաշխարհ ունի Հաճընը,  հաճելի աչք շոյող, որի պատճառով էլ ստացել է Հաճըն անվանումը:  Հաճընը ընկած է Մարաշից մոտավորապես 90 կմ հյուսիսարեւմուտք:
Երբեմնի բերրի ու շենաշատ Հաճընը հարուստ էր եկեղեցիներով ու վանքերով, որոնց առընթեր գործում էին հայկական դպրոցներ ու վարժարաններ: Հաճընը ունեցել է շուրջ 35 000 բնակիչ, 9 դպրոց, ամերիկյան քոլեջ, 3 եկեղեցի, 3 վանք, 12 ջրաղաց:
 Հաճընի նշանավոր եկեղեցիներն էին Ս. Գեւորգը, որն  ուներ մեկ դպրոց՝ 57 աղջիկ եւ 112 տղա աշակերտներով,  Ս. Թորոսը, որի հարակից դպրոցում սովորում էին 12 աղջիկ եւ 87 տղա: Գործում էր նաեւ կենտրոնական վարժարանը, որտեղ սովորում էր 283 տղա: Բացի եկեղեցիներին կից գործող դպրոցներից, ավելի ուշ բացվել էր նաեւ մեկ այլ՝  Սահակյան-Մեսրոպյան դպրոցը: Հաճընում կային նաեւ բողոքական եւ կաթոլիկ համայնքներին պատկանող մեկական եկեղեցիներ:
Հաճընում էր գտնվում նաեւ հայտնի Ս. Աստվածածին եկեղեցին, բողոքական համայնքներին պատկանող երկու  եւ հայ  կաթոլիկներին պատկանող մեկ աղոթատեղի: Քաղաքի հյուսիսային հատվածում գտնվող էր Ս. Հակոբ վանքը՝ շրջանի գլխավոր հոգեւոր կենտրոնը: Այս վանքն ուներ  մեկ դպրոց:
Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին Ս. Գեւորգ եկեղեցում սովորող աշակերտների թիվը հասնում էր 1250-ի:
 Պատմական Հաճընը հայտնի է  մրգագործությամբ, ինչպես նաեւ երկաթագործությամբ եւ կտավագործությամբ: Այն նշանավոր տնտեսական ու մշակութային  կենտրոն էր, եւ համարվում էր  Կապադովկիայի կողմից Կիլիկիայի դարպասը:
Մուդրոսի 1918 թ. հոկտեմբերի 30-ի զինադադարից հետո տարագրության ամբողջ դառնությունը ճաշակած 8000 հաճընցիներ վերադառնում են Կիլիկիա՝ հայրենի ծուխը կրկին պահելու  վճռականությամբ: Շուտով, սակայն,  քեմալական վտանգը դառնում է բացահայտ: Հաճընցիները ստիպված դիմում են ինքնապաշտպանության: Զենքի ընդունակ 600 տղամարդկանցից կազմվում են վաշտեր եւ 60 հոգուց բաղկացած հեծյալ ջոկատ: Ընդհանուր հրամանատար է նշանակվում Սարգիս Ջեբեջյանը:
1920թ. մարտի 28-ին սկսվում է թուրքական կանոնավոր բանակի հարձակումը:
Հոկտեմբերի 15-ին զինամթերքը սպառված, սովի մատնված քաղաքն ընկնում է:
Բնակչությունը սրի է քաշվում:   Փրկվում  է ընդամենը 400 հաճընցի: Ճակատագիրը նրանց սփռում է աշխարհով մեկ…
Հաճընի փրկված հայերի մի մասը  բնակություն է հաստատում Հալեպում ու Քեսաբում:
«Հաճընի հայությունը 1915թ.  ենթարկվեց կազմակերպված բռնի տեղահանության: Կենդանի մնացած հատ ու կենտ հաճընցիներ 1918թ. կրկին փորձեցին վերադառանալ իրենց հայրենի քաղաքը:  Երբ շրջանում ֆրանսիական զավթիչները փետրվար ամսին նահանջեցին, հաճընցիները կազմեցին  ինքնապաշտպանական կոմիտե, եւ ութ ամիս շարունակ պայքարեցին թուրքական զորքերի դեմ: 1920թ. հոկտեմբերին հայերի ապստամբությունը ճնշում են հարյուրապետներ Օսման Թուֆանը (Թուֆան փաշա) եւ Սեիմ Բեյլերը: Որոնք եւ «փրկում են» գավառը»,- գրում է tr.wikipedia-ն:
Իսկ 1922թ. քաղաքը  վերանվանվեց Սիմբեյլի՝  հայերին ճնշած փաշայի պատվին: Այսօր այն մտնում է Ադանայի նահանգի կազմի մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել