Լրահոս
Օրվա լրահոսը

Հիսուս Քրիստոսի Համբարձման տոն

Մայիս 13,2010 00:00

Այս տարի մեր Տեր Հիսուս Քրիստոսի Համբարձման օրը Հայ առաքելական եկեղեցին տոնում է մայիսի 13-ին: Տոնը նշվում է Ս. Զատիկին՝ Քրիստոսի Հարությանը հաջորդող 40-րդ օրը, երբ Տերն իր աշակերտների հետ բարձրացավ Ձիթենյաց լեռը եւ համբարձվեց երկինք (Գործք Ա:9-11, Մարկ. ԺԶ:19-20, Ղուկ. ԻԴ:50-53): Նախքան համբարձվելը՝ պատգամեց. «Գնացե՛ք, աշակերտ դարձրե՛ք բոլոր ազգերին, նրանց մկրտեցե՛ք Հոր, Որդու եւ Սուրբ Հոգու անունով: Ուսուցանեցեք նրանց պահել այն բոլորը, ինչ որ ձեզ պատվիրեցի: Եւ ահա ես ձեզ հետ եմ բոլոր օրերում՝ մինչեւ աշխարհի վախճանը» (Մատթ. 28:19-20): «Իսկ նրանք ելան ու քարոզեցին Ավետարանն ամբողջ աշխարհում՝ Տիրոջ գործակցությամբ…» (Մարկ. 16:20): Առաքյալներն իրենց քարոզության իշխանությունը ձեռնադրությամբ փոխանցեցին եպիսկոպոսներին, նրանք՝ իրենց հաջորդներին եւ այդպես շարունակ մինչեւ այսօր: Դրա համար էլ հայ եկեղեցին կոչվում է Առաքելական, իսկ հայ ժողովուրդը՝ Հայ առաքելական եկեղեցու զավակ եւ առաքելական քարոզության կրող: Քանի որ «Հիսուս Քրիստոս նույնն է երեկ, այսօր եւ հավիտյան» (Եբր. 13:8):  
Համբարձումով իր լրումին հասավ մարդացյալ աստծո փրկագործական առաքելությունը: Ադամի գործած մեղքից հետո, երբ մարդը դուրս մնաց դրախտից,  հանուն անկյալ մարդու՝ Աստծո Միածին Որդին իջավ երկնքից, մարդացավ՝ ծնվելով Ս. Կույսից, Իր խոսքով եւ կյանքով բացահայտեց փրկության ճանապարհը, խաչի վրա թափված արյամբ քավեց մարդու մեղքերը, մահվամբ եւ հարությամբ ավերեց դժոխքը, հաղթեց մահվանը եւ համբարձվեց երկինք՝ բացելով մարդու առաջ երկնքի արքայության ճանապարհը:
Համբարձման տոնը ժողովրդի մեջ հայտնի է նաեւ «Վիճակ» եւ «Ջան գյուլում» (գյուլ՝ վարդ, ծաղիկ) անուններով: Ժողովրդական ավանդությամբ, տոնի ժամանակ ամենուրեք կատարվում է վիճակահանություն եւ պարզվում, թե տվյալ տարում որ աղջիկն է ամուսնանալու: Յոթ աղբյուրից հավաքած ջրով լի կուժերի մեջ գցում են ծաղկաթերթեր եւ աղջիկներին պատկանող իրեր: Այնուհետեւ դեռահաս մի աղջկա հագցնում են հարսի զգեստ, վերցնում կուժերը, ծաղիկները եւ շրջում տնետուն: Այս ամենը զուգորդվում է երգերով, կատակներով եւ դրամահավաքով: Հետո սկսվում է վիճակահանությունը: Նրան, ում պատկանի առաջին իրը, մոտալուտ ամուսնություն կսպասվի: Կուժից հանում են մյուս իրերը, որոնց պատկանող անձանց նախապես գրված խրատներ եւ բարեմաղթանքներ են տրվում:
Հնում Համբարձման օրվա տոնակատարություններն սկսվում էին չորեքշաբթի օրվանից: Սովորության համաձայն, կանայք այդ օրն անվանում են «Ծաղկամոր կիրակի»: Ծաղկամայրը, ըստ ավանդության, քրիստոնյա Վառվառե կույսն է, ով փախչելով կռապաշտ հորից, ապաստանում է աշտարակի մոտ գտնվող Արայի լեռան քարանձավում: Հայրը հետապնդում է աղջկան, գտնում եւ նահատակում է: Քարանձավը, ուր նահատակվել է Վառվառե կույսը, դեռեւս միջնադարից ուխտատեղի է: Ժողովուրդը հավատում է, որ քարանձավի պատերից մշտապես հոսող ջուրը Վառվառե կույսի արցունքներն են, որոնք բուժիչ ազդեցություն ունեն: 
Ամեն տարի ավանդաբար Համբարձման տոնի օրը նշվում է նաեւ Հայրապետական աթոռի՝ Սիս քաղաքից Մայր աթոռ Ս. Էջմիածին վերադարձի հիշատակը։ Պատմության թելադրանքով 484 թվականից Հայաստանի տարբեր վայրերում հանգրվանած Հայրապետական աթոռը 1441 թվականին Վաղարշապատի ազգային-եկեղեցական ժողովի որոշմամբ մեկընդմիշտ վերահաստատվում է Լուսավորչահիմն Ս. Էջմիածնում։
Արարատյան Հայրապետական թեմի մամլո դիվան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել