Լրահոս
Օրվա լրահոսը

Ալեծածան թութակները

Մայիս 13,2010 00:00

Թութակների մասին դեռ առաջին անգամ հիշատակվում է Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակներում: Թութակներին համարում էին «հրաշք» թռչուններ, քանի որ հաճախ կարողանում էին խոսել մարդկային ձայնով եւ հեշտությամբ դառնում էին ձեռնասուն: Աշխարհում կա մոտ 320 տեսակի թութակ, որոնց մեծ մասի հայրենիքը Ավստրալիան եւ Հարավային Ամերիկան են: Ալեծածան կամ ալիքավոր թութակներն ամենատարածված եւ սիրելի թռչուններն են: Այս տեսակի թութակների խնամքը եւ բազմացումը դժվար չէ: Ճիշտ խնամքի ու կերակրման դեպքում նրանք կարող են ապրել 12-15 տարի: Սելեկցիոներները 100 տարվա ընթացքում ստացել են ալեծածան թութակների 200 գունատեսակներ, տարբեր գունավորումներով եւ նրբերանգներով: Մեկ զույգ թութակի համար վանդակի չափսերն են՝ 50x30x40 սմ: Ալեծածան թութակները՝ համարվելով խմբակային թռչուններ, իրենց ավելի լավ են զգում, երբ շատ են: Հնարավորության դեպքում նրանց կարելի է պահել ավելի մեծ վանդակներում: Թութակներին կերակրում են հետեւյալ կերախառնուրդով. կորեկ՝ 65%, վարսակ՝ 25%, արեւածաղկի մանր սերմեր՝ 10%: Բացի այդ, շաբաթական 1-2 անգամ պետք է լրացուցիչ կերակրել պինդ խաշած ձվով: Կերաբաժնում պետք է լինի նաեւ լավ լվացված համեմ, հազար, ոչ շատ մաղադանոս, խնձոր, տանձ, գազար:
Վանդակում, առանձին ամանի մեջ մշտապես պետք է լինի նախօրոք լվացված եւ թավայի մեջ ջերմության միջոցով ախտահանված գետի ավազ, մանրացված ձվի կեղեւ եւ կավիճ: Վանդակի ճաղերի արանքում պետք է լինի կերակրի աղի (քարաղի) խոշորակտոր: Խանութներում վաճառվում են նաեւ տարբեր տեսակի կերախառնուրդներ, որոնցից է «Տրիլը»: Այն պարունակում է վիտամիններ, միկրոտարրեր, որոնք անհրաժեշտ են թռչնին: Ջուրը մշտապես պետք է լինի մաքուր եւ 18-20 աստիճան ջերմություն: Ալեծածան թութակների արուն հեշտությամբ տարբերակվում է էգից: Կտուցի վերջին մասում, որտեղ բացվում են քթանցքները, արուներինը կապույտ է, իսկ էգերինը՝ շագանակագույն:
Թութակների բազմացման ամենալավ ժամանակաշրջանը ապրիլից հոկտեմբեր ամիսներն են, երբ ցերեկային լույսի տեւողությունը երկարում է: Նայած վանդակի մեծությանը՝ բնարկղը ամրացվում է վանդակի ներսից կամ դրսից: Բնարկղի երկարությունը 20 սմ է, լայնությունը՝ 18-20 սմ, բարձրությունը՝ 24-26 սմ: Բնարկղի անցքի տրամագիծն է 4,5-5 սմ: Բնարկղի հատակը ծածկվում է 4 սմ հաստությամբ փայտի թեփով: Վերեւի կափարիչը պետք է լինի բացովի: Բնարկղի անցքին ամրացվում է թառ: Էգն ածում է միջինը 5-6 սպիտակ գույնի ձու (48 ժամը մեկ): Թխսումից 18-19 օր անց դուրս են գալիս մերկ եւ անօգնական ճտերը: Ճտերին ձվից դուրս գալուց հետո ամեն օր պետք է տրվի պինդ խաշած ձու: 30-35 օրական ճտերն արդեն ամբողջովին փետրավորված են եւ դուրս են գալիս բնարկղից: Ծնողները դեռ 3-5 օր շարունակում են կերակրել նրանց, որից հետո ճտերը կերակրվում են ինքնուրույն: Մեկ բազմացման շրջանում էգը կարող է 3-4 անգամ սերունդ ունենալ: Սակայն ցանկալի է 2-րդ ճտահանությունից հետո բնարկղը հանել ու էգին հանգիստ տալ՝ մինչեւ հաջորդ գարուն: Այս դեպքում էգը երկար տարիներ կարող է մնալ առողջ եւ ճտեր ունենալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել