Հայաստանում մետրոսեքսուալներ չկա՞ն
Մետրոսեքսուալ տերմինը առաջին անգամ գործածվել է 1994 թվականին՝ բրիտանացի լրագրող Մարկ Սիմփսոնի կողմից, բնութագրելու համար ժամանակակից այն տղամարդկանց (անկախ սեռական կողմնորոշումից), ովքեր աչքի են ընկնում գեղագիտական բարձր ճաշակով եւ բավական ժամանակ ու գումար ծախսում իրենց արտաքինին հետեւելու համար, չեն խուսափում գեղեցկության սրահներ այցելելուց: 19-րդ դարում նման արտաքինով երիտասարդներին «դենդի» էին կոչում:
Հայ իրականության մեջ էլ դենդիներ կան: Տեղական դենդիները հատկապես հետեւողական են իրենց մատների նկատմամբ: Ինչ վերաբերում է հոնքեր հանելուն եւ մազերի ոճային սանրվածքին, ապա մեր դենդիները կամ մետրոսեքսուալները այնքան էլ չեն նախընտրում:
Մատնահարդար Քրիստինեն «Առավոտի» հետ զրույցում պատմում է, որ իր այցելուների մեջ քիչ են մետրոսեքսուալները, նրա կարծիքով՝ Հայաստանում գրեթե չկան այդպիսիք: Քրիստինեի հաճախորդները հիմնականում արտերկրից ժամանած հյուրեր են:
Ըստ մատնահարդարի, հայ իրականության մեջ դեռ չի ձեւավորվել տղամարդկանց մատներ հարդարելու, խնամելու կուլտուրան: Քրիստինեն նշում է, որ աղջիկները, ի դեպ, տղաների հետ ծանոթանալիս առաջին հերթին ուշադրություն են դարձնում ձեռքերի մաքրությանը:
«Սա պետք է տղաներն անպայման հաշվի առնեն»,- ասում է նա ու նաեւ հերքում է հայերի մեջ տարածված այն կարծիքը, թե մատնահարդարին դիմող տղամարդը «ղզիկ» է:
Նրա խոսքերով, այժմ շատ գեղեցկության սրահներ կան, որտեղ գործում են VIP սրահներ, եւ որտեղ տղաները կարող են առանց որեւէ բարդույթի այցելել, խնամել ձեռքերը եւ մատները:
Քրիստինեն, ի տարբերություն շատ մատնահարդարների, հաճույքով է աշխատում տղամարդ հաճախորդների հետ: Իսկ մեր հարցված մատնահարդարների մեծամասնությունը խոստովանեց, որ հրաժարվում են աշխատել տղամարդկանց հետ: Երբ փորձեցինք ճշտել պատճառները՝ բոլորի կարծիքները համընկան: Բանն այն էր, որ հարցված մատնահարդարները ամուսնացած էին, իսկ մի քանիսը պարզապես խանդոտ ընկերներ ունեին. այստեղ եւս մենթալիտետի խնդիր է: Այդ իսկ պատճառով մեր մատնահարդարները սպասարկում էին միայն կանանց: Հուրախություն ոմանց, մեր զրուցակիցը նշում է, որ ինքը այս կարգի բարդույթներ չունի, դեռ ամուսնացած չէ, բայց եթե ամուսնանա էլ, ապա դա չի խանգարի իրեն զբաղվել իր նախընտրած մասնագիտությամբ:
Թեեւ Քրիստինեն նշում է, որ իր պրակտիկայում պատահել է, երբ տղամարդ հաճախորդ է եկել, բայց ինքը մերժել է նրան սպասարկել: Մատնահարդարը երկու բառից արդեն ճանաչում է այցելուին՝ «երբեմն պատահում է, որ պարզապես վանում է տվյալ հաճախորդի՝ ինձ դիմելու տոնը…»:
Հարցրի, թե ինչի մասին են սովորաբար վարսավիրանոցում մատները հարդարելիս խոսում տղամարդիկ, չէ՞ որ կանայք հիմնականում բամբասում են սկեսուրներից, պատմում իրենց հոգսերը, նույնիսկ անձնական կյանքը վստահում մատնահարդարին կամ լավագույն դեպքում՝ խոսում գնումներից, ֆիրմային խանութներից:
Քրիստինեի փոխանցմամբ, այս հարցերում տղամարդիկ բավական զուսպ են եւ մատնահարդարին հաստատ չեն պատմում, թե ինչ զոքանչ ունեն… Հիմնականում մատները հարդարելու ընթացքում նրանք ծավալում են սովորական զրույց… Թեեւ Քրիստինեի հաճախորդների շրջանում, ինչպես ինքն է նշում՝ նաեւ հանդիպում են ոչ սովորական զրույցներ: Մատներ հարդարելու գալիս են նաեւ ոչ ավանդական կողմնորոշում ունեցող տղաները:
Մատնահարդարը նշում է, որ այս կարգի կողմնորոշում ունեցող տղաների հետ աշխատելիս էլ որեւէ բարդույթ չունի: Քրիստինեն ասում է, որ միակ բանը, որ արվամոլները սիրում են՝ հաճոյախոսություններն են, նրանք ցանկանում են լինել ուշադրության կենտրոնում:
Ի դեպ, մի այդպիսի 17-ամյա երիտասարդի Քրիստինեն համոզել է փոխել մտադրությունը՝ արհեստական երկարացնելու եղունգները: «Ես նրան համոզեցի՝ մտքափոխվեց: Ասացի, ի վերջո, դու ընտանիք ես գնալու…»,- հիշում է Քրիստինեն:
Զրույցի վերջում գումարից էլ հարցրինք, թե որքան արժե մատնահարդարին այցելելը: Ըստ Քրիստինեի մատուցած ծառայության՝ արժեքը սկսվում է 3000 դրամից, եւ կարող է տատնվել մինչեւ 5000 դրամը:
Ի դեպ, հավելենք, որ շատերը (ոչ միայն տղամարդիկ, այլեւ կանայք) պարզապես խուսափում են այցելել մատնահարդարների մոտ, քանի որ չեն վստահում գեղեցկության սրահների սարքավորումների (մկրատ, խարտոց եւ այլն) սանիտարահիգիենիկ մաքրությանը՝ անկախ սրահի VIP լինելու աստիճանից: Մատնահարդարման պարագաները միշտ չէ, որ ախտահանվում են հատուկ լուծույթներով, ինչն էլ կարող է բերել ոչ միայն մաշկային, այլեւ առողջության համար խիստ վտանգավոր մի շարք հիվանդությունների: Թեեւ գեղեցկության սրահներում բոլոր մատնահարդարները կհերքեն այս փաստը եւ կպնդեն, որ հենց իրենց սրահում, ինչպես հարկն է, ախտահանվում են բոլոր գործիքները: