Սոֆիայում շախմատի աշխարհի թագի համար Վիշվանաթան Անանդ-Վեսելին Տոպալով մրցամարտն ավարտվեց աշխարհի գործող չեմպիոն՝ հնդիկ գրոսմայստերի հաղթանակով:
Մրցաշարը լուսաբանող շախմատային մեկնաբանները, որոնք հիմնականում գրոսմայստերներ են, համոզված էին, որ եզրափակիչ՝ 12-րդ պարտիայում սպիտակներով խաղացող Տոպալովը պետք է ռիսկի գնա եւ ամեն ինչ անի մեկ միավոր վաստակելու եւ պայքարը հիմնական մրցաշարի ընթացքում իր օգտին ավարտելու համար: Հակառակ դեպքում, կանոնակարգով նախատեսված թայ բրեքում, որի ժամանակ մրցակիցները պայքարելու էին արագ շախմատի սկզբունքներով, Անանդն իրեն ավելի վստահ է զգալու: Սակայն մասնագետները զգուշանում էին նաեւ, որ ռիսկը կարող է բուլղարացու համար «մահվան ելք ունենալ»:
Եվ այդպես մտածողները չսխալվեցին: Բազմափորձ Վիշին սկզբնախաղը հաջող անցնելուց հետո աստիճանաբար տիրեց նախաձեռնությանը եւ 56-րդ քայլից հետո մատի սպառնալիքի տակ Տոպալովին հարկադրեց անձնատուր լինել: Մրցամարտի ընդհանուր հաշիվը դարձավ 6,5:5,5, եւ Վիշվանաթան Անանդը պահպանեց աշխարհի չեմպիոնի թագը՝ արժանանալով նաեւ ընդհանուր $2 միլիոն մրցանակային ֆոնդից հաղթողի համար նախատեսված $1,2 միլիոնին: Իսկ Տոպալովը որպես սփոփանք բավարարվեց $800 հազարով:
Քանի որ Անանդի այս հաղթանակից հետո աշխարհի չեմպիոնների ցանկը նոր համալրում չունեցավ, կարծում ենք, արժե հիշել մինչ այժմ եղած բոլոր շախմատային արքաներին:
Դասական շախմատ:
Վիլհելմ Ստեյնից՝ 1886-1894 թվականներ, Էմանուիլ Լասկեր՝ 1894-1921, Խոսե Ռաուլ Կապաբլանկա՝ 1921-1927, Ալեքսանդր Ալյոխին՝ 1927-1935, 1937-1946, Մաքս Էյվե՝ 1935-1937, Միխայիլ Բոտվիննիկ՝ 1948-1957, 1958- 1960, 1961-1963, Վասիլի Սմիսլով՝ 1957-1958, Միխայիլ Տալ՝ 1960-1961, Տիգրան Պետրոսյան՝ 1963-1969, Բորիս Սպասսկի՝ 1969-1972, Ռոբերտ Ֆիշեր՝ 1972-1975, Անատոլի Կարպով՝ 1975-1985, Գարրի Կասպարով՝ 1985-2000, Վլադիմիր Կրամնիկ՝ 2000-2006:
ՖԻԴԵ-ի վարկածով:
Անատոլի Կարպով՝ 1993-1999, Ալեքսանդր Խալիֆման՝ 1999-2000, Վիշվանաթան Անանդ՝ 2000-2002, Ռուսլան Պոնոմարյով՝ 2002-2004, Ռուստամ Կասիմջանով՝ 2004-2005, Վեսելին Տոպալով՝ 2005-2006:
Միացյալ չեմպիոն:
Վլադիմիր Կրամնիկ՝ 2006-2007, Վիշվանաթան Անանդ՝ 2007 թվականից: