Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՊԱՏԱԿԸ՝ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՎԱՐԿԱՆԻՇ

Մայիս 13,2010 00:00

Անցած մի քանի շաբաթվա ընթացքում Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում անցկացված երեք մրցումներով, երկուսը՝ մանեժում, մեկը՝ բացօթյա, ձիասպորտի մրցաշրջանը Հայաստանում պաշտոնապես բացվել է:

Երեկ «Առավոտը» զրուցեց մարզաձեւի հանրապետական ֆեդերացիայի գլխավոր քարտուղար, մարզական մեկնաբան Կարեն Գիլոյանի հետ:
– Ինչո՞ւ է ձիասպորտի մրցաշրջանը մյուս մարզաձեւերի համեմատությամբ ուշ մեկնարկում:
– Ձիասպորտը յուրահատուկ մարզաձեւ է, որում հավասարապես կարեւոր դերակատարություն ունեն թե մարդը, թե կենդանին: Հատկապես երկրորդը պետք է պատրաստ լինի մրցմանը, լավ մարզավիճակ ունենա: Ու ասածիս լավագույն ապացույցը արդեն անցկացված մրցումներն են: Նժույգներն առայժմ չունեն լավ ու մաքուր ցատկ: Նույնիսկ պատվո պատվանդան բարձրացած հաղթող անձնակազմերը զերծ չեն մնացել տուգանային միավորներից: Սովորաբար, վիճակը կարգավորվում է մրցաշրջանի միջնամասից սկսած:
– Ինչո՞ւ է ձիասպորտում այդպես լինում:
– Պատասխանը միանշանակ չէ: Նույնը կա նաեւ որոշ այլ մարզաձեւերում: Օրինակ, աթլետիկան, որում դահլիճներում գրանցված արդյունքներն ու ռեկորդները տարբերվում են բաց տարածքներում գրանցվածներից: Եթե բանական մարդն է այդպիսին, կենդանին՝ առավել եւս: Բացի դրանից, ձիասպորտի մեր ակումբները ձմեռային մարզումներ անցկացնելու պայմաններ չունեն: Իսկ եթե անգամ ունենային, միեւնույն է, նժույգը առաջին անգամ մրցման ելնելով բնական պայմաններում, մի որոշ ժամանակ անհարմար վիճակում է հայտնվում՝ ազատ տարածք, կանաչ խոտ եւ հազար ու մի նման զգացողություններ: Դրանք ազդում են մարզական ցուցանիշների վրա: Մանրամասն բացատրությունների շարքը կարելի է անսահման շարունակել:
– Մրցաշրջանը բացված է համարվում, երբ կազմակերպվում է առաջին պաշտոնական մրցո՞ւմը:
– Հայաստանում մեր մարզաձեւի ցանկացած մրցում անցկացվում է ֆեդերացիայի հովանու ներքո: Այնպես որ, ձիասպորտի մրցաշրջանը պաշտոնապես բացված է: Դրանցից առաջինը մանեժում կազմակերպել է հենց ֆեդերացիան: Դրան հաջորդել է «Սիլ Գրուպ» ակումբի գավաթի խաղարկությունը: Եվ երրորդը «ԲԵԿՈ»-ի գավաթն էր, որն արդեն անցկացվեց բացօթյա:
– Բայց վերջինը անհամեմատ ճոխ էր կազմակերպված:
– Տեղեկացնեմ, որ ֆեդերացիան իր հովանու ներքո բոլոր մրցումներն էլ լավ է կազմակերպում: Եվ գրեթե բոլորում էլ հանդես են գալիս նույն անձնակազմերը: Պարզապես, «ԲԵԿՈ»-ն ցանկացավ նաեւ գովազդային լավ ակցիա անել, ինչը ստացվեց: Դա իրենց իրավունքն է, ողջունելի նախաձեռնություն: Ձիասպորտի ֆեդերացիայում ընդունված է յուրաքանչյուր մրցմանը սահմանել մեկ միլիոն դրամ մրցանակային ֆոնդ: Այդ գումարը սեփական միջոցներից տրամադրում է ֆեդերացիայի նախագահ Հայրապետ Հայրապետյանը, քանի որ ֆեդերացիան դեռ չունի համապատասխան այնպիսի հզոր հովանավորներ, ինչպես աշխարհում կամ Եվրոպայում: Ավելին, պարոն Հայրապետյանը հրաժարվել է ձիասպորտի ֆեդերացիայի պետական աջակցությունից: Եվ գիտե՞ք ինչի համար: Քանի դեռ նա մարզաձեւի պահպանմամբ ու զարգացմամբ զբաղվելու անձնական միջոցներ ունի, մտածում է, որ այդ գումարն ավելի հարկավոր է այլ մարզաձեւերի: Վերադառնալով «ԲԵԿՈ»-ին, ասեմ, որ ինքն էլ սահմանել էր իր մրցանակները՝ նվերներ մասնակիցներին, լուրջ տեխնիկա՝ մրցանակակիրներին: Նման քայլերը ողջունելի են, քանի որ դրանք մրցումները դարձնում են ավելի գեղեցիկ, նպաստում մասնակիցների թվաքանակի աճին: Ի դեպ, ֆեդերացիան իր առջեւ նպատակ է դրել՝ հնարավորին չափ շատ կազմակերպել նմանատիպ կոմերցիոն մրցումներ:
– Իսկ մակարդակը հաշվի առնվելո՞ւ է:
– Անպայման: Մասնավորապես, արգելքների հաղթահարման մրցումներ աշխարհում կազմակերպվում են չորս դասերում, որոնցից բարձրագույնը «A» դասն է: Մենք այդ դասի, որն աշխարհի առաջնությունների եւ օլիմպիական խաղերի մակարդակն է, մարզիկ եւ նժույգ առայժմ չունենք: Այնտեղ արգելքների բարձրությունը 160 սմ է: Բայց ունենք մի քանի անձնակազմ «B» կարգի, հատկապես շատ՝ «C»-ի եւ «D»-ի, որը սկսնակների դասն է: Տարեսկզբին ֆեդերացիան ըստ դասերի գրանցել է բոլոր ակումբների անձնակազմերը եւ կազմակերպում է իր մրցումները: Հուսանք, որ հեռու չէ այն օրը, երբ մենք էլ բարձրագույն կարգի հեծյալ եւ նժույգ կունենանք: Համենայնդեպս, դրա համար արվում է հնարավոր ամեն բան:
– Խոսեցիր օլիմպիական մակարդակի անձնակազմ ունենալու մասին: Անցած տարվա վերջին հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարվեց, որ Գերմանիայում բնակվող մեր հայրենակից Քերի Աղաջանյան-Շոպֆը այսուհետեւ հանդես է գալու Հայաստանի դրոշի ներքո եւ օլիմպիական վարկանիշ նվաճելու իրական հնարավորություններ ունի: Այն էլ ձիասպորտի, թերեւս, ամենաբարդ ձեւում՝ գեղավարգում:
– Այո: Քերին, որ մեր մեծ հայրենակից Քըրք Քըրքորյանի զարմուհին է, արդեն պաշտոնապես ներկայացնում է Հայաստանը, հանդես գալիս մեր եռագույնի ներքո: Նա աշխարհի մակարդակով բարձրակարգ հեծյալ է: Ունի իր սեփական ձիանոցը, ամենաբարձր դասի նժույգներ: Օլիմպիական վարկանիշային մրցաշրջանն արդեն սկսվել է: Սակայն մի չնախատեսված խնդիր կա: Նրա լավագույն նժույգի աչքն է բորբոքվել եւ կենդանին ներկայումս բուժում է անցնում: Հույս ունենք, որ արդեն հունիսին Քերին այդ նժույգով ասպարեզ կմտնի: Մենք նրա հետ օլիմպիական վարկանիշի լուրջ հույսեր ենք կապում:
– Իսկ եթե նժույգը պատրաստ չլինի՞:
– Քերիի ամուսինն էլ, որ Գերմանիայի 10 ամենահարուստ մարդկանցից մեկն է, սուրճի բիզնեսի ամենահաջողված գործարարը, իր սեփական ձիանոցն ունի՝ ընտրագույն նժույգներով: Ծայրահեղ դեպքում նա իր նժույգներից մեկը կտրամադրի:
– Վարկանիշային մրցումները նույնպե՞ս բարձրագույն կարգի են:
– Միանշանակ: Գերմանիայում վարկանիշի հավակնող շուրջ 10 հազար մարզիկ կա: Քերին այդ մրցումներին չէր մասնակցի, եթե ինքն էլ նրանցից մեկը չլիներ: Ավելին ասեմ: Նա ժամանակին եղել է Ամերիկայի լավագույն հեծյալներից մեկը, հիմա մտնում է Գերմանիայի 50 լավագույնների մեջ: Իսկ Գերմանիայում թեկուզ 50-րդը լինելը նշանակում է, որ նա կարող է աշխարհի կամ օլիմպիական մրցումներում առաջինը լինել:
– Ձիասպորտում վարկանիշերն ի՞նչ սկզբունքով են բաշխվում:
– Ամեն ամիս վարկանիշային մրցում կա՝ թիմային եւ անհատական, որոնցում մասնակիցները միավորներ են հավաքում: Որոշակի հաշվարկներով գալիս է մի սահման, որն արդեն օլիմպիական ուղեգիր է տալիս: Բայց մի նրբություն կա: Եթե վարկանիշի համար պայքարում ես անհատական մրցումներում, պարտավոր ես տեղ զբաղեցնել, ճշգրիտ հիմա չեմ հիշում լավագույն վեցի կամ յոթի մեջ: Եթե Քերիին դա հաջողվի, արդեն իսկ ֆանտաստիկ արդյունք կլինի:
– Քերի Աղաջանյան-Շոպֆը, որքան հասկացանք, նյութական անսահմանափակ հնարավորությունների տեր է: Հետաքրքիր է, մեր ֆեդերացիան ինչպե՞ս է համագործակցում նրա հետ:
– Փառք Աստծո, մեր ֆեդերացիայի նախագահը նույնպես պակաս հնարավորությունների տեր չէ եւ ֆեդերացիան որոշ հոգսեր վերցրել է իր վրա: Համագործակցում ենք որպես հավասարը հավասարի հետ: Կողմերից յուրաքանչյուրն ունի իր անելիքը: Հենց Քերիի առաջարկով մենք նրա համար ստեղծել ենք բոլոր պայմանները, ընդհուպ՝ մինչեւ միջազգային ֆեդերացիայի հետ բոլոր խնդիրները կարգավորելը: Մեր հարաբերությունները բարեկամական են: Ֆեդերացիան նրան ասել է. «Մեր պահանջ-ցանկությունը մեկն է՝ օլիմպիական վարկանիշ: Կլինի՝ հրաշալի է, չի ստացվի՝ սարսափելի ոչինչ չկա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել