Լրահոս
Օրվա լրահոսը

Քննություն՝ քննությունից առաջ

Մայիս 13,2010 00:00

Արմեն Մանասյանը Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի ավարտական կուրսի ուսանող է, բայց արդեն հանրապետական եւ միջազգային մրցույթների դափնեկիր է։ Նա վերջերս համերգով հանդես եկավ Կամերային երաժշտության դահլիճում՝ «Լոռվա ձոր» հայրենակցական միության հովանավորությամբ։ Դա քննություն էր հանդիսատեսի առջեւ՝ պետական քննությունից առաջ։ Համերգը նշանակալից էր նրանով, որ երիտասարդ դաշնակահարը ներկայացավ ոչ միայն որպես մենակատար, այլեւ՝ նվագակցող։ Ներկայացվող ստեղծագործությունները եւս բազմազան էին՝ Կոմիտաս, Բախ, Մոցարտ, Բեթհովեն, Շուման, Լիստ, Չայկովսկի, Գլիեր, Ռավել, Ֆորե, Բաբաջանյան, կատարումներն էլ՝ հասուն եւ գրավիչ։
Համերգավարը, ով երաժշտագետ Նոնա Ոսկանյանն էր, ոչ միայն իր, այլեւ գործընկերների անունից նշեց, որ ի դեմս Արմեն Մանասյանի՝ դաշնամուրային կատարողական արվեստում գործ ունենք շնորհալի արվեստագետի հետ, ով կարողացել է ոչ միայն հաջող քննություն բռնել տարբեր մակարդակների մրցույթներում, այլեւ առանձնացել իր ստեղծագործական ինքնատիպ ձեռագրով եւ համարձակությամբ։ «Առավոտի» հետ զրույցում Արմեն Մանասյանն երախտիքի խոսք ուղղեց իր դասախոսներին՝ Սերգեյ Քեչեկին եւ Աշխեն Ջիլազյանին, որոնց օգնությամբ համարձակվում է այսպիսի ամբողջական ծրագիր ներկայացնել խստապահանջ հանդիսատեսին։ Իսկ հանդիսատեսի այսպիսի ջերմ վերաբերմունքն իր համար ամենաբարձր գնահատականն է։ «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ Սերգո Երիցյանն էլ տեղեկացրեց, որ իրենք երկար ժամանակ է, ինչ հետեւում ու աջակցում են Արմեն Մանասյանի ստեղծագործական ակտիվ որոնումներին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել