Լրահոս
Օրվա լրահոսը

Գիշեր, բայց՝ թանգարանային

Մայիս 13,2010 00:00

Լրացնելով Թանգարանների միջազգային օրվա առթիվ կազմակերպվող բազմաթիվ միջոցառումները՝ Ֆրանսիայի մշակույթի նախարարությունը 2005թ.-ից հանդես եկավ «Թանգարանների գիշեր» նախաձեռնությամբ, որն ընթանում է Եվրոպայի խորհրդի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո:
«Թանգարանների եվրոպական գիշեր»-2010-ի առթիվ հանդես գալով ողջույնի ուղերձով՝ Ֆրանսիայի մշակույթի նախարար Ֆրեդերիկ Միտերանը նշել է, որ այս նախաձեռնությունը նպաստում է հյուսել նոր կապեր՝ եվրոպական մայրցամաքի թանգարանների միջեւ, այն հրավիրում է ողջ հասարակությանը բացահայտելու ամենամոտ մշակութային միջնորդների՝ թանգարանների անսպառ հարստությունները: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը՝ միանալով «Թանգարանների եվրոպական գիշեր» համաեվրոպական ձեռնարկին, 2010թ. մայիսի 15-ի շաբաթ օրը կհյուրընկալի Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների խմբերին՝ հույներ ու ասորիներ, հրեաներ ու լեհեր, ուկրաինացիներ ու բելառուսներ, վրացիներ ու գերմանացիներ, եզդիներ ու քրդեր: Հնավայրին, թանգարանի մշտական ցուցադրությանը եւ «Ուրարտուից Երեւանի գարեջուր» ժամանակավոր ցուցահանդեսին ծանոթանալուց հետո մասնակիցները կհավաքվեն թանգարանի ներքին բակում՝ հաճելի եւ անկաշկանդ մթնոլորտում ունկնդրելու ազգային փոքրամասնությունների կատարողական խմբերի ելույթները, թանգարանի հարկի տակ միասին անցկացնելու երեկոն եւ ավելի լավ ճանաչելու միմյանց: Ասորական «Նինվե», քրդական «Ժիան», ուկրաինական «Ձվինոչոկ», հայկական «Ակունք», վրացական «Իվերիա» համույթները կցուցադրեն մշակույթների բազմազանությունը՝ խորհրդանշելով հարգանքն ու համերաշխությունը յուրաքանչյուրի մշակույթի նկատմամբ:
Ընդառաջ գնալով 2010-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Մշակույթների մերձեցման միջազգային տարի հայտարարելու որոշմանը՝ միջոցառումը կկրի «Ճանաչենք զմիմյանս» խորագիրը եւ կսկսվի «Թանգարանների գիշերվա» մեկնարկի հետ՝ մայիսի 15-ին, ժամը 18-ին: Միջոցառման իրականացմանն աջակցել են «ՄԱՊ» ՓԲԸ-ն, «Նուշիկյան» ասոցիացիան եւ «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» հասարակական կազմակերպությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել