ԵՊՀ-ն հոբելյանական միջոցառումներ է նախաձեռնել
«Տիգրան Մեծը քաղաքական գործչի իսկական դասական իդեալ է մեր ժամանակակից քաղաքական գործիչների համար»,- ասում է ԵՊՀ հայոց պատմության ամբիոնի դոցենտ Արտակ Մովսիսյանը:
Այս տարի լրանում է Տիգրան Մեծի ծննդյան 2150-ամյակը: Այս առիթով ԵՊՀ պատմության ֆակուլտետի նախաձեռնությամբ մայիսի 12-14-ը անցկացվում է միջոցառումների շարք, որի ընթացքում լինելու են զեկուցումներ, ցուցադրվելու են հայագիտական գիտահանրամատչելի ֆիլմեր:
Երեկ ԵՊՀ գլխավոր մասնաշենքի գիտխորհրդի դահլիճում ցուցադրվեց «Տիգրան Մեծ. հայրենապաշտ տիրակալ» գիտահանրամատչելի ֆիլմը: Հեղինակը եւ միջոցառումների կազմակերպիչը հենց Ա. Մովսիսյանն է: Նրա խոսքով, ցուցադրվող ֆիլմերը հանրության լայն զանգվածներին ծանոթ չեն: «Ֆիլմում մանրամասն ներկայացված են մի շարք կարեւոր կետեր եւ վերլուծություններ: Ինչու եմ այդքան շեշտում պետականակերտման հանճար. բոլորիս հայտնի փաստ է՝ նա 45 տարեկանում թագադրվեց մի տեղում, որը ոչ մի բան չէր նշանակում: Այսինքն՝ ոչ մայրաքաղաք էր, ոչ հատուկ թագադրավայր: Մինչեւ Հայաստան մտնելը, դեռ Պարսկաստանում նա մտքում ծրագրել էր ապագա մեծ տերության ուրվագիծը: 20-25 տարվա հեռավորության վրա մարդը ծրագիր է դնում եւ իրականացնում… Նա իդեալական մոդելն է հայոց տիրակալի»:
ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը նկատեց, որ հայոց մեծ արքայի ծննդյան ամյակը 50 կամ 100 տարին մեկ է նշվում. «Տիգրան Մեծը որպես իդեալ մեր ժողովրդի պատմության մեջ մեծ դերակատարում ունի՝ հատկապես ուսանողության մեջ հայրենասեր տիրակալի, հայրենապաշտ, պետականություն կրող արքայի իդեալ ձեւավորելու առումով: Տիգրանն այն անհատականություններից էր, որ առաջինը հայոց պատմության մեջ եռապատկեց մեր տարածքները: Հուսամ, հետագայում Տիգրանի գործունեության բոլոր կողմերը կամբողջացվի եւ կմատուցվի հասարակությանը, մասնավորապես՝ օտարալեզու ուսումնասիրություններով, որը խիստ կարեւոր է ամբողջ աշխարհի մակարդակով նրան ներկայացնելու առումով»: