Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԻ ՔԱՆԻ ԹԵԿՆԱԾՈՒ, ԲԱՅՑ ԱՆՂԵԿԱՎԱՐ ԹԱՏՐՈՆ

Մայիս 13,2010 00:00

Գյումրիի Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում կրքերը չեն հանդարտվում

«Առավոտը» քանիցս անդրադարձել է Գյումրիի Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնին, տեղեկացնելով երկու տնօրենների միաժամանակ պաշտոնավարման փաստի մասին: Տեղեկացրել ենք նաեւ թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանի պաշտոնից հրաժարվելու եւ 2008թ. թատրոնի գեղարվեստական խորհրդատուի պարտականությունները ստանձնելու մասին: Մինչ օրս թատրոնը գեղարվեստական ղեկավարի մասով «անտեր» է: Դերասանախմբի զգալի մասը չհաշտվելով այս մտքի, ինչպես նաեւ հստակ չարտահայտված խաղացանկային քաղաքականության հետ, վերջերս պահանջել է վերջնական լուծում տալ գեղարվեստական ղեկավարի նշանակման հարցին: Տեղի են ունեցել գեղարվեստական խորհրդի մի քանի նիստեր, որոնց ընթացքում առաջարկվել են չորս թեկնածուի անուններ՝ Նիկոլայ Ծատուրյան, Ռաֆայել Գրիգորյան, Հովհաննես Հովհաննիսյան եւ Լյուդվիգ Հարությունյան: Դոմինանտում են Ծատուրյանի ու Գրիգորյանի անունները:
Ինչպես ասում են, ղեկավարի թեկնածուների պակաս թատրոնը չունի, բայց ունի վճռականության պակաս, ինչից էլ զայրացած, մեծ թվով դերասանների հորդորով վերջերս հրավիրվել է ստեղծագործական անձնակազմի ժողով եւ դիմում հղվել ՀՀ մշակույթի նախարարին, խնդրելով թատրոնի գեղարվեստական ղեկավար նշանակել Նիկոլայ Ծատուրյանին:
Մոտ մեկ ամիս է անցել, սակայն մինչ օրս աճեմյանցիները չեն ստացել որեւէ պատասխան, չնայած այս հարցով մի քանի անգամ զրուցել են նախարարի հետ:
Կապվեցինք Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Գեւորգ Խաչատրյանի հետ: Վերջինիս խոսքերով՝ ով էլ նշանակվի թատրոնի գեղարվեստական ղեկավար, ինքը մեծ հաճույքով կաշխատի, քանի որ մասնագիտությամբ դերասան է՝ լավ գիտի ռեժիսորի արժեքը: Պարոն Խաչատրյանը փոխանցեց նաեւ այն, որ օրերս Ն. Ծատուրյանի հետ իրենք պետք է հանդիպեն նախարարին, ինչից հետո, հավանաբար, ամեն ինչ պարզ կդառնա:
Մեզ հետ հեռախոսազրույցում Ն. Ծատուրյանն ասաց հետեւյալը. «Հավանաբար գիտեք, որ ես երեք տարի աշխատել եմ որպես գեղարվեստական ղեկավար եւ պիտի ասեմ, որ իմ թեկնածությունը առաջարկել են դերասանները, որոնք ինձ պարզապես խնդրում են կրկին ստանձնել այդ պաշտոնը: Վերջերս այլ առիթով հանդիպել եմ նախարարի հետ եւ տիկին Պողոսյանն ասաց, որ օրերս ինձ կհրավիրի իր մոտ: Նշեմ, որ ես էլ իմ պայմաններն ունեմ, հազար ու մի հարցեր կան (չմանրամասնեց- Ս. Դ.)»:
Ռաֆայել Գրիգորյանի հետ կապվել չհաջողվեց, քանի որ նա ներկայումս գտնվում է ԱՄՆ-ում:
ՀՀ մշակույթի նախարարության ժամանակակից արվեստի եւ ժողովրդական արհեստների վարչության թատերարվեստի գծով գլխավոր մասնագետ Վարդան Գրիգորյանն էլ այս առիթով հայտնեց, որ Գյումրիի թատրոնի գեղարվեստական ղեկավարի հարցը առայժմ քննարկման փուլում է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել