Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՌԱԶՄԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Մայիս 13,2010 00:00

Թուրքիան եւ Ադրբեջանը ռազմարդյունաբերության ոլորտում համատեղ արտադրության պայմանագրեր են ստորագրել: Այդ մասին հաղորդում է «Ազատություն» ռ/կ-ն: Ստորագրված պայմանագրերի համաձայն, Թուրքիայի ու Ադրբեջանի ռազմարդյունաբերական ձեռնարկությունները համատեղ արտադրելու են գիշերային տեսողության ու ջերմադիտարկման սարքավորումներ, ինչպես նաեւ ռազմատեխնիկական մատակարարում է կատարվելու ինժեներական սարքավորումների համատեղ արտադրության համար։ Պայմանագրերը Թուրքիայի պաշտպանության նախարար Վեջդի Գյունուլի եւ Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարար Յավեր Ջամալովի կողմից ստորագրվել են Հորդանանում, որտեղ Թուրքիան ու Ադրբեջանը մասնակցում են Ամանում բացված «Հատուկ գործողություններ SOFEX-2010» ցուցահանդեսին։
Թուրքիայի պաշտպանության նախարարը ասել է, թե Թուրքիան Ադրբեջանին 200 միլիոն դոլարի ռազմական օգնություն է տրամադրել։ «Ադրբեջանի բանակի սպաները հնարավորություն ունեն կրթություն ստանալ Թուրքիայի ռազմական դպրոցներում։ Թուրքիայի բանակի սպաները վարժանքներ են անցկացնում Ադրբեջանի զինված ուժերում»,- հայտարարել է նա։
Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Թուրքիան ու Ադրբեջանը կարող են ռազմական գործընկերության համաձայնագիր ստորագրել, Վեջդի Գյունուլը ասել է, թե համաձայնագրեր, պայմանագրեր ստորագրվել են Ադրբեջանի պաշտպանական բնագավառի բոլոր ոլորտներում, եւ որ այս համագործակցությունը արդեն օրենսդրական հիմքեր ունի. «Մենք նույն ժողովրդի զավակներն ենք։ Մենք պատրաստ ենք Ադրբեջանի հետ համագործակցել բոլոր ոլորտներում»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել