Լրահոս
Օրվա լրահոսը

Մեծ Բրիտանիան արդեն նոր կառավարություն ունի

Մայիս 13,2010 00:00

Բրիտանական Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը հավանություն է տվել մայիսի 6-ին երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքում հաղթած Պահպանողական կուսակցության հետ կոալիցիոն կառավարություն ձեւավորելուն: Երեքշաբթի օրը կեսգիշերին պահպանողականների առաջնորդ՝ 43-ամյա Դեւիդ Քեմերոնը հայտարարվեց Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ: Լեյբորիստական կուսակցության առաջնորդ, մինչ այս գործող վարչապետ Գորդոն Բրաունի հրաժարականից հետո, երեքշաբթի ուշ երեկոյան, Դեւիդ Քեմերոնին Բուկինգհեմյան պալատում ընդունել է Միացյալ Թագավորության թագուհի Ելիզավետա Երկրորդը, որտեղից նոր վարչապետն ուղեւորվել է իր նստավայր՝ Դաունինգ-սթրիթ 10:
Կոալիցիոն կառավարությունում նրա գործընկեր, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Նիկ Կեգգլին կզբաղեցնի փոխվարչապետի պաշտոնը, կուսակցության որոշ անդամներ ներկայացված կլինեն նաեւ կառավարության կազմում եւ կզբաղեցնեն առանցքային պաշտոններ:
Այսպիսով, ինչպես արձանագրում է BBC-ն, Բրիտանիան Ուինսթոն Չերչիլի զինվորական կառավարությունից հետո առաջին անգամ կղեկավարվի կոալիցիոն կառավարության կողմից: Արդեն հայտնի է, որ պահպանողականների եւ լիբերալ-դեմոկրատների միջեւ ձեռք բերված համաձայնության արդյունքում, երկրի ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցնելու է Քեմերոնի մերձավոր զինակից Ջորջ Օսբորնը, ԱԳՆ-ն՝ Ուիլյամ Հեյգը, պաշտպանության նախարարի պաշտոնում կնշանակվի Լիամ Ֆոքսը:
Նոր, կոալիցիոն կառավարությունը մոտ ապագայի համար ծրագրել է ամրագրել բրիտանական խորհրդարանի լիազորությունների ժամկետը: Ենթադրվում է, որ յուրաքանչյուր գումարման խորհրդարանները լիազորություններ կունենան 5 տարի ժամկետով: Նոր կառավարությունը մտադիր է նաեւ սահմանափակել ԵՄ անդամ չհանդիսացող երկրներից Մեծ Բրիտանիա ներգաղթողների թիվը, այն դեպքում, եթե ԵՄ-ն Մեծ Բրիտանիային առաջարկի իրեն հանձնել երկրի ներքին խնդիրների հետ կապված որոշումների վրա ազդելու իրավունքը, ապա այդ առաջարկը պետք է դրվի հանրաքվեի: Լիբերալ-դեմոկրատները պարտավորվել են նաեւ ներկայիս խորհրդարանի գործունեության ընթացքում չպաշտպանել երկիրը եվրոյի գոտուն միանալու որեւէ նախաձեռնություն: Եվ, ի վերջո, բրիտանական կոալիցիոն կառավարության անդամ կուսակցությունները համաձայնության են եկել երկրի ընտրական համակարգը բարեփոխելու եւ այն հանրաքվեի ներկայացնելու շուրջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել