Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ում մտքով անցնում է՝ իրեն Քրիստոս է հռչակում

Մայիս 13,2010 00:00

«Ինձ համար հասկանալի չէ աղանդ հասկացությունը, ինձ համար կա խղճի ազատություն հասկացություն, երբ մարդիկ իրենց համոզմունքների ու խղճի թելադրանքով բավարարում են իրենց հոգեւոր կարիքները, ինչը ես համարում եմ դրական ու կարծում եմ, որ չպետք է արգելվի կամ հետապնդվի»,- երեկ «Հայելի» ակումբում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի վանաձորյան գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Հոգեբան Սամվել Խուդոյանն  էլ կիսով չափ համաձայնեց. «Այո՛, դա ճիշտ է, եթե աղանդավորները չընկնեն տնետուն կամ դպրոցներ եւ տարբեր հոգեբանական տեխնիկաներ կիրառելով՝ կաշառքներով, նվերներով հոգիներ չորսան: Ավելի վատ դեպքեր էլ են լինում. մարդուն բռնացնում են ու ասում՝ եթե չփրկվես, կմեռնես, շատ անգամ ահաբեկման հողի վրա են մարդկանց քաշում իրենց շարքերը, իսկ առաքելական եկեղեցին ազատություն է տալիս ու ասում՝ ընտրի՛ր»: Հոգեբանը նկատեց, որ Հայաստանում վերջին տարիներին ում  մտքով ինչ անցնում է՝ այնպես էլ անում է. «Շատ աղանդավորներ իրենց Քրիստոս են հայտարարում ու այդ հողի վրա գիտե՞ք, թե ինչքան «հրաշքներ» են գործում՝ մեռելներ սաղացնում,  մարդիկ էլ հիպնոսի ներգործության տակ հավատում են»: Իսկ բժիշկ-հոգեբան Արմեն Ներսիսյանն էլ դիմեց պարոն Սաքունցին. «Ինձ շատ են դիմում ծնողներ ու ասում՝  հիսունական եմ, իմ երեխային համոզեք, որ մասնակցի մեր  հավաքներին, հիմա ես ո՞նց վարվեմ՝ ըստ ձեր ասած խղճի ազատությա՞ն»: Պարոն Սաքունցն էլ ասաց, թե ինքը չի կարծում, որ մարդը կարող է ամբողջ կյանքում հիպնոսի ազդեցության տակ լինել. «Մեզ որեւէ քաղաքացի երբեւէ չի դիմել, թե որեւէ հոգեւոր կազմակերպություն հետապնդում է կամ ստիպում է մասնակցել իրենց հավաքներին»:
Պարոն Խուդոյանն էլ հայտնեց. «Հիմա իսկական զոմբիացված վիճակ է, 10 տարեկան երեխան լաց է լինում, որովհետեւ աղանդավորական ճամբարում նրան ներշնչել են, թե մեղքեր է գործել ու պետք է մեռնի… կամ 18 տարեկան աղջիկը հիպնոսի ազդեցությամբ ամեն օր սպասում էր աշխարհի վերջին: Դեպքերը շատ են, 70-80% դեպքերում հոգեբանական աշխատանքները չեն էլ օգնում»:
Պարոն Սաքունցի դիտարկմամբ. «Եթե մարզպետը, քաղաքապետը ու դպրոցների տնօրենները հրավիրվում են ընդհանուր ժողովի՝ թեմի առաջնորդի մոտ եւ քննարկում, թե ինչպես պայքարեն աղանդների դեմ, այս կերպ առաքելական եկեղեցին ցանկանում է դպրոցները իր վերահսկողության տակ պահել եւ հաստատել իր գերիշխանությունը»: Նրա կարծիքով, նման ժողովներում անհրաժեշտ է հրավիրել նաեւ հոգեւոր այլ կազմակերպությունների ներկայացուցիչների: Հոգեբան Սամվել Խուդոյանը հարցրեց. «Ի՞նչ եք ցանկանում ասել՝ պետական հատուկ հրահանգ կա՞»: Սաքունցը դժվարացավ պատասխանել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել