Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Բջջայինն ու քննությունները հակացուցված են

Մայիս 13,2010 00:00

Բուհական քննությունները՝ նոր կարգով

Միասնական քննություն հանձնելու համար դիմում-հայտերի ընդունման գործընթացն ավարտված է: Երեկ Գնահատման եւ թեստավորման կենտրոնում (ԳԹԿ) նախքան ասուլիսը այս մասին տեղեկացրեց ԳԹԿ-ի մամուլի պատասխանատու Գայանե Մանուկյանը: Այս տարի դիմորդների թիվը 17665 է, որը նախորդ տարվա համեմատ նվազել է: Ամենաշատ դիմում-հայտերը հայոց լեզու եւ հայ գրականությունից են եղել՝ 11162, մաթեմատիկայից՝ 9290, անգլերենից՝ 7787, իսկ պարսկերենից 1 հայտ է եղել: Երեւանից դիմորդների թիվը կազմել է 6160, մարզերից աչքի է ընկել Շիրակը՝ 1522 դիմորդով, Լոռին՝ 1430, Արմավիրը՝ 1330, փոքր թիվ է գրանցվել Վայոց ձորից՝ 381: Արդեն հայտնի են նաեւ միասնական քննությունների օրերը: Քննությունների առաջին փուլը կմեկնարկի հունիսի 1-ին եւ կավարտվի հունիսի 23-ին: Քննությունների մեկնարկի օրը շրջանավարտները քննություն կհանձնեն կենսաբանություն, ընդհանուր պատմություն, աշխարհագրություն առարկաներից, իսկ հունիսի 4-ին՝ հայոց լեզու եւ հայ գրականությունից: Քննաշրջանի վերջին օրը դիմորդները քննություն են հանձնելու ռուսաց լեզվից:
ԳԹԿ-ի մշակումների եւ կազմակերպական բաժնի պետ Կարո Նասիբյանը երեկ նաեւ մեկնաբանեց մարտի 11-ին կառավարության կողմից հաստատված բուհերի ընդունելության նոր կարգը, որը մշակվել է ԳԹԿ-ի մշակումների եւ կազմակերպական ու իրավաբանական բաժինների կողմից: Ըստ Կ. Նասիբյանի՝ կատարվել են մի շարք փոփոխություններ, դիմում-հայտերը դիմորդները, ի տարբերություն նախորդ տարվա, սկսել են հանձնել մեկ շաբաթ շուտ՝ մայիսի 5-ից: Այս տարվա գարնանային զորակոչից զորացրվածները, օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններում ուսումն ավարտողները եւ նրանք, ովքեր ՀՀ քաղաքացի չեն, կարող են բուհերում իրենց դիմումները հանձնել մինչեւ հուլիսի 10-ը, վերջիններս քննություններ կհանձնեն հուլիս ամսին անցկացվող լրացուցիչ փուլի ընթացքում: Նոր կարգով փոխվել են նաեւ քննության ընթացքում դիմորդի վարքի կանոնները: Եթե նախկինում խախտումների դեպքում զգուշացումներ էին լինում, ապա այս տարի որեւէ խախտման դեպքում դիմորդը միանգամից կհեռացվի՝ ստանալով անբավարար: Խախտումներից են, օրինակ, բջջային հեռախոսով քննասենյակ մտնելը եւ խոսելը, ծածկագրից օգտվելը, շրջվել-խոսելը եւ այլն:
ԳԹԿ-ի մշակումների եւ կազմակերպական բաժնի պետն անդրադարձավ նաեւ այս տարի Ոստիկանական ակադեմիա դիմողների դժգոհություններին. «Մեզ դիմում են շրջանավարտների ծնողները, դպրոցի տնօրենները: Բնականաբար, այդ շրջանավարտները ուշացել են առաջին փուլին մասնակցելու իրավունքից, որովհետեւ հայտագրման ժամկետն ավարտվել է ապրիլի 10-ին: Սակայն լինի դա Ոստիկանական ակադեմիայի, թե այլ դիմորդ, որը չի մասնակցել առաջին փուլին, բոլորը մասնակցում են լրացուցիչ փուլին, որը տեղի է ունենալու հուլիսին, իսկ քննությունների հայտագրումը ԳԹԿ-ում սկսվելու է հունիսի 24-ից մինչեւ հուլիսի 1-ը: Այդ շրջանավարտները պետք է մայիսի 5-ից մինչեւ հունիսի 1-ը իրենց գործերը հանձնեն համապատասխան բուհեր»: Ապա հավելեց, որ ԳԹԿ-ն նոր կարգով կազմակերպելու է նաեւ կենտրոնացված եւ ներբուհական քննությունները:
Կ. Նասիբյանը ընդգծեց նաեւ, որ եթե նախորդ տարվա շրջանավարտն ունի վկայագիր, ապա այս տարի դրա միավորը հնարավոր կլինի օգտագործել նույն մասնագիտությամբ բուհ ընդունվելու համար. «Եթե երիտասարդը գտնում է, որ որեւէ առարկայից կարող է վերաքննություն հանձնել եւ ավելի բարձր գնահատական ունենալ, թույլատրվում է՝ պայմանով, որ անբավարար պետք է չստանա»: Ինչ վերաբերում է քննությունների համար վճարվող գումարի չափին, ապա այստեղ փոխոխություններ չեն եղել:
 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել