Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԹՈՂ ԻՐԵՆՑ ՔԻԹԸ ՉԽՈԹԵՆ ԱՄԵՆ ՏԵՂ»

Մայիս 13,2010 00:00

Հատուկ դպրոցներում հ/կ-ների կողմից իրականացվելիք մշտադիտարկումը դպրոցներին այնքան էլ դուր չի գալիս

Դեռ նախորդ տարի, երբ շրջանառության մեջ դրվեց Երեւանի մտավոր թերզարգացում ունեցող թիվ 11 հատուկ (օժանդակ) դպրոցի հետ կապված պատմությունը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը հ/կ-ներին առաջարկեց հատուկ ուսումնական հաստատություններում մշտադիտարկում իրականացնող խումբ ստեղծել: Այժմ արդեն հաստատվել է այդ խորհրդի կազմը, որտեղ ընդգրկված է 15 հ/կ: Այս կազմում է, օրինակ, «Վորլդ Վիժն Հայաստան» բարեգործական կազմակերպությունը, որին ժամանակին հանձնարարված էր ՀՀ հանրակրթական դպրոցներում իրականացնել ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ին ուղղված դասընթացներ, որոնք կայացան մի շարք թերություններով: Խորհրդի կազմում ընդգրկվել են այն կազմակերպությունները, որոնք կրթության բնագավառում առնվազն 3 տարվա փորձ ունեն: Խորհրդի նախագահն է «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հ/կ-ի ներկայացուցիչ Արտակ Կիրակոսյանը: Այժմ մշակված է նաեւ մշտադիտարկման խորհրդի աշխատակարգը եւ արդեն սեպտեմբերից այս հ/կ-ների ներկայացուցիչները մուտք կգործեն հատուկ դպրոցներ:
«Առավոտը» ԿԳՆ հանրակրթության վարչության պետի տեղակալ Արտակ Պողոսյանին հարցրեց՝ մի՞թե Կրթության պետական տեսչության պարբերաբար իրականացրած ստուգումները բավարար չեն այս դպրոցներում գոյություն ունեցող խնդիրներին տիրապետելու համար, որ այժմ էլ լրացուցիչ խումբ է դրանով զբաղվելու: Նա պատասխանեց. «Տեսչությունն ունի փոքր ռեսուրսներ, եւ, բնականաբար, ինքն ուսումնասիրություններ կամ տեսչական ստուգումներ իրականացնում է ոչ միայն հատուկ դպրոցներում, այլ բոլոր հանրակրթական ուսումնական հաստատություններում: Բնականաբար՝ նա չի կարող հասցնել մեկ տարվա մեջ մտնել բոլոր ուսումնական հաստատութունները: Այդ պատճառով էլ խումբն օգնող գործիք է նախարարության համար»:
Հատուկ ուսումնական հաստատություններն ամենեւին էլ համակարծիք չեն այս մտքին. ըստ նրանց՝ ընդհակառակը, այս նախաձեռնությունը մի լավ գովազդի եւ PR-ի միջոց է հ/կ-ների համար: Երեւանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 6 հատուկ (օժանդակ) դպրոցի տնօրեն Սլավիկ Միքայելյանը «Առավոտի» հետ զրույցում վրդովվեց. «Դեմ եմ, քանի որ այդ կազմակերպությունների ներկայացուցիչները հատուկ դպրոցների մասին ընդհանրապես պատկերացում չունեն եւ չեն կարող գալ ու մեզ ցուցում տալ, մենք նրանց կարիքը չունենք: Նախարարին էլ ենք տեղյակ պահել, որ ամեն մարդ թող իր գործով զբաղվի, թող իրենց քիթը չխոթեն ամեն տեղ»:
Երեւանի թիվ 16 հատուկ դպրոցի տնօրեն Մարիետա Պետրոսյանն էլ այս կապակցությամբ ասաց. «Դա այնքան էլ ճիշտ չէ: Իհարկե, հատուկ դպրոցները չեն էլ վախենում դրանից: Սարսափելի ոչինչ այդտեղ չենք տեսնում: Առանց այդ էլ շատ հ/կ-ներ մտնում են դպրոց տարբեր հարցերով, այնպես որ, մեր կապը հասարակության եւ հ/կ-ների հետ ամուր է: Նման ավելորդ ուշադրություն, ցուցադրական, ամպագոռգոռ կոչերով, ահաբեկելով, ինչ-որ վատ բան փնտրելով անելը՝ շատ վիրավորական է: Հասարակությանը խուճապի մեջ են գցում եւ շատ ծնողներ սխալվելով՝ իրենց երեխաներին տանում են ներառական կրթության: Ամենեւին դեմ չեմ ներառական կրթությանը, եթե երեխան իսկապես կարող է այնտեղ իրեն լավ զգալ, բայց ծնողներին դնել սարսափելի վիճակի մեջ, հասարակությանը ապատեղեկատվություն տալ, դրանով ոչ ոք, առավել եւս երեխան՝ չի շահում»: Դառնալով հ/կ-ների գովազդին, զրուցակիցս ասաց. «Ես էլ եմ այդպես կարծում: Այդ կազմակերպությունները տարբեր ծրագրեր են բերում, ոչ մեկի համար դա գաղտնիք չէ: Իրենց ռեկլամ անելու համար նրանք հայտարարում են, թե հատուկ դպրոցները մեկուսացրել են երեխաներին, հասարակության հետ ոչ մի կապ չունեն: Ո՞վ ասաց… Օրինակ, համայնքային օլիմպիադայում 9-10 դպրոց է մասնակցել, որտեղ մեր դպրոցը 1-ին, 2-րդ տեղն է գրավել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել