Լրահոս
Օրվա լրահոսը

Ընկերը նաեւ իրացնո՞ղ է

Մայիս 13,2010 00:00

Եթե պատահականությունը չլիներ, Արմավիրի զորամասերից մեկի ժամկետային, շարքային զինծառայողներ Նարեկ Ավետիսյանն ու Առնակ Գրիգորյանը զորամաս կվերադառնային թմրանյութով լեցուն գլանակը պարպած: Մարիխուանա տեսակի թմրամիջոցը զինծառայողներին չհասցրեց «հյուրասիրել» նրանց այցի գնացած՝ երեւանաբնակ ընկեր Արթուր Հարոյանը:
35-ամյա Արթուրը, դեռեւս 2009 թվականի հունիսին Արագածոտնի մարզի Արտեգ գյուղում ապրող իր տատի տան հարակից տարածքից մարիխուանա տիպի թմրամիջոց էր հայթայթել ու խնամքով չորացրել, պահել՝ մինչ այցի կգնար Արմավիրում ծառայող ընկերներին:
Տղաների հանդիպումը շատ չուշացավ եւ տեղի ունեցավ զորամասի անցագրային կետում: Արթուրն ուզում էր փոքր-ինչ թուլացնել զինվորական ընկերների լարվածությունը, նրանց բարձր տրամադրություն հաղորդել: Իսկ որպես «հաղորդիչ-խթանիչ» ընտրել էր թմրանյութը: Վստահ էր՝ ընկերներն իրենից գոհ կմնան: Ի՞նչ իմանար, որ դեռ հաճույքի համը չառած՝ թակարդն են ընկնելու: Այն պահին, երբ Նարեկը մարիխուանան լցնում է դատարկ գլանակի մեջ, հսկիչ անցագրային կետ է մտնում զորամասի հրամանատարական կազմի բարձրաստիճան սպաներից մեկը: Լիցքաթափվել ցանկացող Նարեկը գլանակն անմիջապես վերադարձնում է Արթուրին, բայց դա էլ չի վրիպում սպայի աչքից: Շարքայինի բոլոր արդարացումներն ու բացատրություններն անզոր են լինում փրկելու դրությունը:
Հրամկազմի սպան տեսածի մասին հայտնում է զորամասի հրամանատարին, իսկ վերջինս՝ Արմավիրի կայազորի ռազմական ոստիկանության բաժին:
Փաստի առիթով հարուցվում է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 266 հոդվածի 1-ին մասով (Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի եւ դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը: Պատիժը՝ 3-7 տարի ազատազրկում):
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը լսեց Արթուր Հարոյանի նկատմամբ քրեական գործը: 35-ամյա Արթուրը զղջացել է արածի համար: Հավանաբար հենց սա նկատի ունենալով, դատարանը Արթուրին դատապարտեց նվազագույն՝ երեք տարի ազատազրկման:
Իսկ Նարեկ Ավետիսյանը, ում ձեռքին էր եղել թմրանյութով լի գլանակը, առայժմ խուսափում է պատասխանատվությունից. զորացրվելուց հետո նա հասցրել է թաքնվել իրավապահ մարմիններից: Նարեկ Ավետիսյանի վերաբերյալ քրեական գործի մասը անջատվել է: Նրա նկատմամբ նախաքննությունը կշարունակվի առանձին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել