Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԳՐՔԵՐԸ ՍՏԱՑԱՆ ՏԱՐԵՎԵՐՋԻՆ

Մայիս 13,2010 00:00

Լոռու մարզի ռուսական դպրոցներում կարծում են, թե գիրք չունենալն այնքան էլ մտահոգիչ չէ, պատկան կառույցներն էլ անտարբեր են խնդրին:

\"\"

Արդեն 5 տարի է Լոռու մարզի Գուգարքի շրջանի ռուս բնակչությամբ՝ Լերմոնտովո եւ Ֆիոլետովո համայնքների դպրոցները գրքեր չեն ստանում: Հայաստանի անկախացումից հետո ռուսական դասարանների դասագրքերը դպրոցները ստացել են Ռուսաստանի դեսպանատան միջոցով: Գրքեր ուղարկելու խնդրանքներին ու դիմումներին ՌԴ դեսպանատունը վերջին անգամ արձագանքել է 5 տարի առաջ՝ 1976 թվականի հրատարակության գրքեր ուղարկելով:
«Երբ կանչում են գրքեր ստանալու, մնացորդն են մեզ տալիս, մայրաքաղաքի դպրոցներին բաժանելուց հետո են հիշում շրջաններին: 5 տարվա ընթացքում ոչ մի գիրք չի ավելացել»,- ասում է Լերմոնտովոյի միջնակարգ դպրոցի տնօրեն Վահան Հովսեփյանը: Զարմանալի է Ռուսաստանի դեսպանատան դիրքորոշումը, քանի որ նշված գյուղերի բնակիչների ու երեխաների մեծ մասը ռուսական անձնագրեր ունեն եւ ՌԴ քաղաքացի են: Լերմոնտովոյի դպրոցում հայկական դասարաններ կան՝ 25 աշակերտով, իսկ ռուսականում՝ 119: Ֆիոլետովոյի միայն ռուսական դասարաններում 197 աշակերտ է սովորում:
Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության մասնագետները նշում են, որ դասագրքերի շրջանառու հիմնադրամի (ԴՇՀ) միջոցով, համապատասխան գումար վճարելու դեպքում հնարավոր է բոլոր դպրոցներին հայկական հրատարակության (հայոց լեզու, գրականություն, հայ ժողովրդի պատմություն, հայ եկեղեցու պատմություն) գրքերով ապահովել: Լերմոնտովոյի դպրոցը հիշյալ հիմնադրամի հետ պայմանագիր ունի եւ հայկական դասարանների աշակերտների համար դասագիրք ստանում է (վերջին 2 տարում՝ համայնքապետի օգնությամբ), իսկ ռուսական դասարանների աշակերտների բավարար քանակությամբ գրքեր չունենալը պայմանավորված է ֆինանսների սղությամբ: Գումարի բացակայության պատճառով Ֆիոլետովոն ընդհանրապես գիրք չի ստանում, նույնիսկ պայմանագիր չունի ԴՇՀ-ի հետ: Այստեղ նաեւ զարմանում են, որ տարիներ առաջ, երբ անվճար գրքեր էին տրամադրվում, իրենց դպրոցը հայկական գրքեր չի ստացել՝ ձեռք է բերել իր ուժերով: «Այբբենարանն ու մինչեւ չորրորդ դասարանների աշակերտների գրքերը անվճար են, միշտ էլ բերում եմ, իսկ այլ գրքեր գնել ամբողջ դպրոցի համար չենք կարող, քանի որ վերջին տարիներին բանկում մեր հաշվին փոխանցումներ չենք կատարել, իմաստ էլ չունի, միեւնույն է՝ ծրագրերը շատ բարդ են: Քննական դասարանների աշակերտներն են միայն գիրք գնում, որպեսզի պարապեն ու քննություն կարողանան հանձնել»,- ասաց Վահան Հովսեփյանը: Իսկ գնված գիրքը շրջանառվում է մի քանի տարի, փոխանցվելով ցածր դասարանների աշակերտներին:
Դպրոցներում այժմ էլ դասավանդում են Խորհրդային միության ժամանակ հատուկ ռուսական դասարանների համար տպագրված գրքերով, առայժմ մաշվածության խնդիր չկա, քանի որ Վանաձորի թիվ 4, 11 ռուսական եւ 14 նախկին ռուսական դպրոցների հին գրքերը տեղափոխել են գյուղերի դպրոցներ, սակայն այդ գրքերն էլ չեն բավականացնում ու իրար հարեւան 2-3 երեխայի մեկ գիրք են տալիս:
Լոռու մարզպետարանում խնդրի լուծմամբ շահագրգռվեցին մեր հարցադրումներից հետո: Չնայած ուսումնական տարին ավարտվում է, սակայն օրերս Վանաձորի դպրոցների հայոց լեզվի չօգտագործվող գրքերն էլ են փոխանցել Ֆիոլետովոյի դպրոցին, իսկ հայ ժողովրդի պատմության եւ հայ եկեղեցու պատմության գրքերի պահանջն ընդհանրապես չկա: «Միեւնույն է, ուսուցիչը թարգմանում է ռուսերեն եւ թելադրում աշակերտներին»,- ասում է Ֆիոլետովո գյուղի դպրոցի տնօրեն Վալերի Միրզաբեկյանը:
Չնայած գրքերի սահմանափակ քանակին, ռուս երեխաների ծնողները շահագրգռված են, որ երեխան լավ հայերեն իմանա. «Մեկ է, մենք այստեղ ենք ապրում, մեր երեխաներն այստեղ են ուսումը շարունակելու, եթե 1990-ականներին չենք գնացել, հիմա առավել եւս չենք գնա»,- ասաց ծնողներից մեկը: Պատմում են, որ 1990-ականներին գյուղից 20 ադրբեջանցի ընտանիք է գնացել, ռուսներն են նրանց տները գնել:
Լերմոնտովո համայնքում՝ հակառակը, մտածում են, որ սովորելը երկրորդական, երրորդական պլան է մղված, միեւնույն է, շատերը Ռուսաստանի քաղաքացի են եւ հայտնի չէ՝ դպրոցն ավարտելուց հետո կմնա՞ն Հայաստանում: Եթե մնան էլ, ուսումը շարունակելու տեղ չունեն: Պատճառաբանում են, որ միայն մայրաքաղաքում է հնարավոր ռուսական բուհ ավարտել, բայց ծախսերը մեծ են եւ Երեւան չեն գնում, իսկ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի ռուսական ֆակուլտետի տեղերն այնքան սահմանափակ են, որ ռուսական դպրոցների շրջանավարտների 1/3-ին էլ չի բավականացնի: Մի խնդիր էլ կա, ծնողի համար ավելի կարեւոր է երեխան հողամասում աշխատելով շահույթ ստանա, քան լավ սովորի:
Դպրոցների տնօրենները նշում են, որ սովորողն առանց գրքի էլ սովորում է, իսկ չսովորողը օգտվում է իրավիճակից: Գրքերի սահմանափակ քանակի պատճառով ուսուցիչները ստիպված հին գրքերը համադրելով այսօրվա ծրագրի հետ՝ իրենց համար ուսումնական պլան են մշակում եւ առաջնորդվում դրանով:
Անցած տարի Լերմոնտովոյի դպրոցում ուշագրավ դեպք է գրանցվել. թեստի հարցերին պատահական պատասխանած վատ սովորողներն ավելի բարձր գնահատական են ստացել, քան համեմատաբար լավ սովորողները: Ռուսական դպրոցների համար ծրագրերը մշակելու խնդրանքով դպրոցների ուսուցիչները բազմիցս դիմել են Կրթության ազգային ինստիտուտին ու կրթության եւ գիտության նախարարությանը, բայց խնդրով զբաղվող չի եղել: Ստացվում է, որ խնդրի լուծմամբ շահագրգիռ միակ կողմը ուսուցիչն է, որի ձայնը մինչ այժմ չի լսվել համապատասխան օղակներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել