Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մի օր կգան ու կտանեն տուն

Մայիս 13,2010 00:00

Վանաձորի «Տարեցների տուն» հիմնադրամի 51 բնակիչներից 3-ը Հայրենական մեծ պատերազմի վետերաններ են:
Տոնի առիթով նրանց շնորհավորելու համար Վանաձորի «Տարեցների տուն» հիմնադրամ այցելած Ազգային նոր պահպանողական շարժման Լոռու մարզային կոմիտեի ներկայացուցիչները վետերաններին հանձնեցին փոքրիկ նվերներ: ԱՆՊՇ Լոռու մարզային կոմիտեն չէր մոռացել նաեւ մյուս տարեցներին. նրանց նախաձեռնությամբ Վանաձորի «Մերլին Մոնրո» գեղեցկության սրահի աշխատակիցները հարդարեցին տարեցների մազերը՝ այդկերպ իրենց հոգատարությունն ու ուշադրությունը նվիրելով նրանց:
Ավետիսյան Ժորան իր ապրած 86 տարիներից 3-ն արդեն անց է կացրել տարեցների տան պատերի ներքո: «Բերին-գցեցին ծերանոց, էլ ինչ գան տանեն: Մենք տուն չունենք, մեր տունն էստեղ է»,- ասում է Հայրենական մեծ պատերազմի վետերանն ու հիշում. «Պատերազմի ժամանակ մեր ջոկատը հասավ մինչեւ Բեռլին, հաղթեցինք թշնամուն ու հաղթանակած վերադարձանք տուն»: Կնոջ մահից հետո «Տարեցների տան» այժմյան բնակիչը հայտնվեց այստեղ, թե ինչու, մինչեւ հիմա ինքն էլ չի հասկանում: «Երկհարկանի տուն ունեինք: Եղբորս ընտանիքի հետ էի ապրում: Մի օր էլ բերեցին ու թողեցին էստեղ»,- նշում է երբեմնի զինվորը:
«Ծերատանն ապրող մարդիկ առաջին հերթին ուշադրության կարիք ունեն, մեր նախաձեռնության նպատակն է ինչ-որ չափով ուշադրություն դարձնել նրանց, որպեզի այս մարդիկ զգան, որ հանրությունն իրենց չի լքել, իրենց կողքին է»,- ասում է Ազգային նոր պահպանողական շարժման Լոռու մարզային կոմիտեի նախագահ Ռաֆայել Մուրադյանը: Նա այն կարծիքն է հայտնում, որ ծերատանը հայտնվելու առաջին պայմանը ուշադրության պակասն է. «Եթե մարդն իր ընտանիքի կողմից անուշադրության է մատնվում, ապա աստիճանաբար հայտնվում է այնտեղ»:
«Այս մարդիկ հայտնվում են այստեղ հիմնականում այն ժամանակ, երբ ոտքից-ձեռքից ընկնում են, էլ չեն կարողանում իրենց խնամել, երբ հարազատների համար հոգս են դառնում»,- Վանաձորի «Տարեցների տուն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Քոչարյանն էլ այս կարծիքն ունի:
70-ամյա ծերունին էլ կնոջ մահից հետո իր ոտքով ստիպված եկել եւ ապաստան է գտել այստեղ. «Տղայիս ու հարսիս հետ չբարիշեցի, ասի՝ ես կգնամ փողոցում կապրեմ, բայց ձեր հետ չեմ ապրի,- ծերատուն գալու իր պատճառներն է բացատրում Ռաֆայել պապը,- էս աշխարհում սաղ սուտ ա, երեխաներ էլ եմ ունեցել, պահել-մեծացրել, բայց ո՞ւր են»:
«Այցելությունները շատանում են հիմնականում այն օրերին, երբ ծերերը թոշակ են ստանում»,- ասում է Վանաձորի «Տարեցների տուն» հիմնադրամի տնօրենը եւ ավելացնում, որ եթե նախկինում մարդիկ ծերատուն գալիս էին այն պատճառով, որ զավակներ չունեին, ապա այսօր գալիս են, որովհետեւ, թեեւ ունեն հարազատներ, սակայն վերջիններս ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում կամ չեն ցանկանում խնամել նրանց:
Վանաձորի «Տարեցների տուն» հիմնադրամից գործունեության 17 տարվա ընթացքում ընդամենը 4-5 տարեցներ են տուն տարվել, մյուսներն իրենց կյանքի վերջին տարիներն այստեղ են անցկացնում:
Չնայած այս ամենին՝ ծերատանն իրենց կյանքի մայրամուտը դիմավորող մարդկանց համար միակ փափագը թերեւս իրենց հարազատների նկատմամբ խեղդող կարոտը հաղթահարելն ու հոգու խորքում թաքնված հույսն է՝ մի օր կգան ու կտանեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել