Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՂԱԴՐՈՂԸ ՄԵՂԱԴՐԵՑ ՆԱԵՎ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻՆ

Մայիս 13,2010 00:00

«Փախուստ բանտից- 4»

Երեկ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահող դատավոր Արթուր Օհանյանը (լուսանկարում) ավարտեց ցմահ ազատազրկման դատապարտված Մհեր Ենոքյանի եւ Սողոմոն Քոչարյանի փախուստի գործի քննությունը: Սկսվեց դատական վիճաբանությունների փուլը, ինչը նշանակում է, որ կողմերը պետք է հանդես գան ճառերով:

Մեղադրող Հարություն Հարությունյանը հանդես եկավ ճառով, որը մի քանի անգամ ընդհատվեց դահլիճում գտնվող դատապարտյալների հարազատների ռեպլիկներով:

Մինչ ճառը սկսելը, մեղադրողը դատարանին փոխանցեց «Գորիս» քրեակատարողական հիմնարկից փախչելու գործով Ենոքյանի եւ Քոչարյանի 2005թ. հունվարի 1-ի, նույն գործով քրեական վերաքննիչ դատարանի 2005 թ. հուլիսի 22-ի դատավճիռները: Մհեր Ենոքյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կատարել է փախուստի փորձ, եւ երեկ դատարան ներկայացվեց Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանի 2005թ. հոկտեմբերի 13-ի դատավճիռը նույնպես:

Մեղադրող Հարություն Հարությունյանն իր ճառը սկսեց ոչ թե անցյալ տարվա նոյեմբերի 27-ի «Նուբարաշեն» ՔԿՀ-ից Ենոքյանի եւ Քոչարյանի փախուստից, այլ՝ թե նախկինում նրանք ինչ գործով են դատապարտվել: Մասնավորապես ասաց, որ «Ամբաստանյալներն, օգտվելով լրագրողների ներկայությունից, փորձեցին խուսափել պատասխանատվությունից»:

Դատապարտյալների այն հայտարարությանը, թե իրենց դատավճիռը չի համապատասխանում կատարած հանցանքին, ըստ մեղադրողի, իրականությանը չի համապատասխանում: Հարություն Հարությունյանը հայտարարեց, որ բժշկական ինստիտուտի 3-րդ կուրսի ուսանող Մհեր Ենոքյանը մարդասպան է, սպանել է 19-ամյա Իոսիֆ Աղաջանովին:

Վանդակաճաղի ետեւում ոտքի կանգնեց դատապարտյալ Մհեր Ենոքյանը՝ հայտարարելով, թե մեղադրողը ակնհայտ ստում է. «այնքան անզոր է, որ սուտ է խոսում»: Նա բղավում էր, որ իր քրեական գործում նման փաստ չկա, թե ինքն է սպանել Աղաջանովին: Դահլիճից միջամտեց նաեւ Մհերի եղբայրը, որին նախագահող Օհանյանը դուրս հրավիրեց:

«Կեցցե Հայաստանի արդարադատությունը»՝ ծափ տվեց Մհերի բժշկուհի մայրը: Դատախազը շարունակեց իր ճառը, ասելով, որ դատապարտյալների զինանոցը սպառված է, որ Մհեր Ենոքյանն ու Արամ Հարությունյանն են սպանել Իոսիֆին…

Նա դիմեց ԶԼՄ-ներին, որ Ենքոյանի «սրտաճմլիկ» պատմությունները հրապարակելու փոխարեն թերթի էջերում զետեղեն 19-ամյա Իոսիֆի քարկոծված դիակի պատկերը…

«Նրանք փորձում են խառնակչության եւ ուժի միջոցով խոսել»,- շարունակեց մեղադրող Հարություն Հարությունյանը, եւ ասաց, որ Սողոմոնն էլ 100 դոլարի համար փորձել է հանրապետությանը օգնող բարեկամ պետության քաղաքացուն կյանքից զրկել:

Ակնհայտորեն զայրացած դատախազը իր ճառով մի քիչ հեռուն գնաց, մասնավորապես անդրադառնալով Մհեր Ենոքյանի այն ցուցմունքին, թե  պահվել է «մանյակների, արվամոլների հետ նույն խցում»: «Ենոքյանը բեմականացված դժգոհություն է հայտնում: Թող հրապարակի ինքնակամ թլպատման փաստը: Նույն արվամոլներն են ասել, թե նրանք են արվամոլները»:

Ինչ վերաբերում է ծեծին ու խոշտանգումներին, այստեղ էլ միջամտեց Ենոքյանի պաշտպանը՝ Ռոբերտ Ռեւազյանը՝ ասելով, որ Մհերին առաջին փախուստից հետո ծեծել են: Իսկ եվրոպական միջազգային փաստաթղթերով դատապարտյալի վրա չի դրված իր նկատմամբ կատարվածի ապացուցման բեռը:

Մեղադրողը հիմնավորված համարեց անցյալ տարվա նոյեմբերին դատապարտյալների փախուստի գործով ձեռք բերված ապացույցները, վկայությունները, ցուցմունքները, իրեղեն ապացույցները: Նա առաջարկեց 8 տարվա ազատազրկում: Իսկ պատժի սկիզբը կհաշվվի անցյալ տարվա դեկտեմբերի 18-ից. «Նրանք 35 տարի պետք է մնան ոչ թե այլոց մեղքով, այլ իրենց»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին փախուստի դիմածները 21 օր ազատության մեջ մնալուց հետո բռնվեցին:

Պաշտպանական ճառին պատրաստվելու համար 10 օր ժամանակ խնդրեց պաշտպան Ռոբերտ Ռեւազյանը: Վերջին դատական նիստը նշանակվեց մայիսի 24-ին:

Ենոքյանը նիստից հետո բարձրաձայնեց, թե կբացի վարագույրները, որոնք իր գործով փակվել են Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ այլոց պատճառով…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2010
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31