Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Մատչելի Երեւան» բոլորի համար

Մայիս 13,2010 00:00

«Աստղիկ» հաշմանդամ երեխաների ծնողների ասոցիացիա հասարակական կազմակերպությունը նախաձեռնել էր մոնիտորինգ՝ «Մատչելի Երեւան» խորագրով, որի արդյունքները քննարկվել են շահագրգիռ բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ համատեղ: Այդ ծրագրի շրջանակներում ուսումնասիրվել են Երեւանի կենտրոնական 9 փողոցներ (Բաղրամյան, Մաշտոցի պողոտա, Չարենցի, Թումանյան, Սայաթ-Նովայի, Կորյունի, Իսահակյան, Աբովյան, Հյուսիսային պողոտա) եւ 59 խաչմերուկ: Կատարվել են մայթերի փորձարկումներ հաշմանդամների մասնակցությամբ եւ նկարահանվել են տեսանյութեր: Ուսումնասիրված մայթերի երկարությունը եղել է 23920 մետր: Արձանագրվել է, որ անցումներում չկան թեքահարթակներ, ավտոկայանատեղիները հարմարեցված չեն անձնական մեքենաներով երթեւեկող հաշմանդամների համար, սայլակավոր հաշմանդամները չեն կարող օգտվել քաղաքում առկա եւ ոչ մի գետնանցումից:
Հիմնախնդրի քննարկմանը մասնակցողներից շատերը նշեցին, որ ժամանակն է մեզ մոտ նույնպես կիրառել եվրոպական բոլոր չափանիշները: Ելույթ ունեցողները մանրամասն անդրադարձան տեղաշարժման խնդիրներ ունեցողների ներկա պահանջներին եւ առաջարկեցին վիճակը շտկելու անհրաժեշտ լուծումներ: Դրանցից առաջնահերթն ու կարեւորագույնը, թերեւս, քայքայված մայթերի որոշ հատվածների շուտափույթ նորոգումն է, ապա անհրաժեշտ է նորմերին չհամապատասխանող թեքահարթակների հարմարեցումը: Պակաս կարեւոր չէ նաեւ գետնանցումների մոտ հաշմանդամների համար վերգետնյա անցումների նախատեսումը, կույրերի համար ձայնային ազդանշան արձակող սարքերի հարմարեցումը եւ հասարակական օբյեկտներին հարող ավտոկայանատեղիներում հատուկ կայանատեղերի նախատեսումը: Եթե հաշմանդամների անարգել երթեւեկելու պայմաններն ապահովող այս բոլոր միջոցառումները սկսվեն ամենավաղ փուլից, համոզված ենք, որ ապագայում հնարավոր կլինի խուսափել նման խնդիրներից: Պարզապես, վաղուց ժամանակն է, որ մեր հասարակությունը ավելի ուշադիր լինի իր կողքին ապրող եւ հենաշարժական կամ այլ խնդիրներ ունեցողների հանդեպ: Բնական արատից ավելի սարսափելին մարդկանց անտարբերությունն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել