Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՐԱՊԱՐԱԿԵՔ, ԽՆԴՐԵՄ, ՈՂՋ ՑԱՆԿԸ…

Մայիս 13,2010 00:00

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի եզրակացությունը ՀՌԱՀ «…Չափորոշիչների» մասին

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լ. Բարսեղյանը Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահից խնդրել էր իրեն տրամադրել վերջերս հաստատված եւ ՀՀ արդարադատության նախարարությունում գրանցված «Էրոտիկ բնույթի հեռուստահաղորդումների, սարսափ եւ ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, ինչպես նաեւ անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների չափորոշիչների» վերաբերյալ հետեւյալ տեղեկությունները. հիշյալ չափորոշիչների 3-րդ կետի ա) ենթակետում հիշատակված «ազգային գործիչների» ցանկը եւ «մշակութային ժառանգության» նկարագրությունը կամ ցանկագրությունը, 3-րդ կետի բ) ենթակետում հիշատակված «ազգային եկեղեցու կողմից քարոզվող արժեքների» ցանկը, 3-րդ կետի գ) ենթակետում հիշատակված «բարոյական նորմերի» ցանկը, 3-րդ կետի դ) ենթակետում հիշատակված «հանցագործ աշխարհի բարքերի եւ վարվելաձեւերի» ցանկը եւ/կամ նկարագիրը:
ՀՌԱՀ նախագահ Գ. Ամալյանը ապրիլի 19-ին պատասխանել է տեղեկության հարցմանը. «Ի պատասխան Ձեր 13.04.2010թ. թիվ 1/2010 հարցման, տեղեկացնում եմ, որ իրավական ակտերում օգտագործվող բոլոր բառերն ու արտահայտությունները չէ, որ ենթակա են սահմանման ձեւով նկարագրության կամ ցանկագրման: Կան հասարակության կողմից համընդհանուր ընկալում ստացած հասկացություններ եւ արտահայտություններ, որոնք սահմանումների կարիք չունեն: Իրավական ակտերում բառերը եւ արտահայտությունները սահմանվում կամ նկարագրվում են միայն այն դեպքերում, եթե դրանք տվյալ իրավական ակտում կիրառվում են համընդհանուր ընկալումից տարբերվող իմաստով: Նույն այս տրամաբանությամբ բազմաթիվ միջազգային եւ հայաստանյան իրավական ակտեր հաճախ հիշատակում են «հանրության բարքերը», «մշակութային արժեքները» կամ «բարոյականությունը», որոնք հասկանալու եւ կիրառելու համար սահմանումների եւ ցանկագրումների կարիք չկա, բավական է քաղաքացու հանրակրթական մակարդակը: Առհասարակ ցանկագրում հնարավոր է միայն այն դեպքում, երբ այն կարող է լինել սպառիչ եւ հաստատուն: Ճիշտ այդպես՝ հնարավոր չէ ցանկագրել բնության մասին պատկերացումները եւ գիտելիքները, ժողովրդական կենցաղն իր դրսեւորման տարբեր ձեւերով, որոնք համարվում են մշակութային ժառանգության մաս: Ելնելով վերոգրյալից՝ հայտնում եմ. ազգային գործիչների, ազգային եկեղեցու կողմից քարոզվող արժեքներ, բարոյական նորմերի եւ հանցագործ աշխարհի բարքերի եւ վարվելաձեւերի ցանկեր Ձեզ չեն կարող տրամադրվել՝ նման ցանկերի բացակայության եւ առհասարակ դրանց ստեղծման անհնարինության պատճառով: Ինչ վերաբերում է «մշակութային ժառանգության» նկարագրությանը, ապա առաջարկում ենք Ձեր այս հարցի պատասխանը գտնել «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» եւ «Ոչ նյութական մշակութային ժառանգության մասին» ՀՀ օրենքներում, իսկ մշակութային ժառանգության ցանկագրություն ստանալու համար դիմեք ՀՀ մշակույթի նախարարություն, քանի որ նա է վարում մշակութային ժառանգության առարկաների (օբյեկտների) պետական ցուցակները»:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը, ուսումնասիրելով այս պատասխանը եւ այնտեղ հիշատակված օրենսդրական ակտերը, մեկնաբանում է, որ.
1. ՀՌԱՀ-ը՝ որպես կարգավորող մարմին, անկարող է իրավական գնահատականներ տալ հեռուստառադիոհաղորդումներում իր հաստատած «Էրոտիկ բնույթի հեռուստահաղորդումների, սարսափ եւ ակնհայտ բռնություն պարունակող ֆիլմերի, ինչպես նաեւ անչափահասների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հաղորդումների չափորոշիչներով» (այսուհետեւ՝ «…Չափորոշիչներ») նախատեսված՝ ազգային գործիչներին, մշակութային ժառանգությունը վարկաբեկող եւ նսեմացնող հնարավոր դրվագներին, որովհետեւ չի տիրապետում այս հասկացությունների ցանկերին եւ/կամ ցանկագրությանը:
2. ՀՌԱՀ-ը՝ որպես կարգավորող մարմին, անկարող է իրավական գնահատականներ տալ հեռուստառադիոհաղորդումներում իր հաստատած «…Չափորոշիչներով» նախատեսված՝ ազգային եկեղեցու կողմից քարոզվող արժեքների նսեմացնող եւ վարկաբեկող հնարավոր դրվագներին, որովհետեւ չի տիրապետում այս արժեքների նկարագրությանը:
3. ՀՌԱՀ-ը՝ որպես կարգավորող մարմին, անկարող է իրավական գնահատականներ տալ հեռուստառադիոհաղորդումներում իր հաստատած «…Չափորոշիչներով» նախատեսված՝ բարոյական նորմերի ժխտման հնարավոր դրվագներին, որովհետեւ չի տիրապետում այդ նորմերի նկարագրությանը:
4. ՀՌԱՀ-ը՝ որպես կարգավորող մարմին, անկարող է իրավական գնահատականներ տալ իր հեռուստառադիոհաղորդումներում հաստատած «…Չափորոշիչներ»-ով նախատեսված՝ հանցագործ աշխարհի բարքերի եւ վարվելաձեւերի՝ հասարակության մեջ տարածման հնարավոր դրվագներին, որովհետեւ չի տիրապետում այդ բարքերի եւ վարվելաձեւերի նկարագրությանը:
5. Վերոհիշյալ չորս հանգամանքներին ՀՌԱՀ-ը տեղյակ է, բայց հավակնում է «…Չափորոշիչների» ներդրման միջոցով չափած-չափորոշած ունենալ հեռուստառադիոհաղորդումները: Իսկ դա անհնարին է անել առանց աչքի առաջ ունենալու ընդհանրական-տեսական եւ ապագա կոնկրետ չափումների առիթներով հնարավոր ծագող վեճերը՝ հեռարձակող-ՀՌԱՀ մակարդակում եւ հեռարձակող-դատարան-ՀՌԱՀ մակարդակներում: Երկրորդ մակարդակում վեճերի հավանականությունը չնչին է, որովհետեւ հեռուստառադիոընկերությունները տեղյակ են, որ նման վեճերի դեպքում հայաստանյան դատարանները վերահաստատելու են ՀՌԱՀ դիրքորոշումը: Այս գիտելիքը հեռարձակողներին կանխավ դնում է ինքնագրաքննության մեջ եւ ստիպում իրենց հեռարձակումների բովանդակությունը համապատասխանեցնել ՀՌԱՀ որոշում կայացնող(ներ)ի ճաշակին, կամքին, ցանկություններին եւ մյուս հարակից հանգամանքներին: Այսպիսով «…Չափորոշիչների» գոյությունը սոսկ հեռարձակողների «բովանդակային» կարգավորման իրավականության նմանակում է եւ գրաքննության շղարշ:
6. ՀՌԱՀ-ի հետ համաձայնելով, որ «…իրավական ակտերում օգտագործվող բոլոր բառերն ու արտահայտությունները չէ, որ ենթակա են սահմանման ձեւով նկարագրության կամ ցանկագրման», համարում ենք, որ տարրական եւ տրամաբանական անհրաժեշտություն է ցանկացած ոլորտի կարգավորման չափորոշիչների հայտարարման փաստաթղթում կամ համապատասխան հավելվածներում ունենալ գոնե այդ չափորոշիչների հասկացությունների նկարագրական, չափագրական եւ/կամ ցանկագրական սահմանումները: Հակառակ դեպքում, ուղղակի անհնարին կլինի չափորոշել՝ չափել չափելիքը, այս դեպքում՝ ստուգել հեռուստառադիոհաղորդումների համապատասխանությունը ՀՌԱՀ-ի ընդունած եւ հայտարարած չափորոշիչներին: Կամ ՀՌԱՀ-ը չափորոշելու է այնպես, ինչպես կոնկրետ չափող կամ ստուգող պաշտոնյաները իրենց գիտելիքների, աշխարհընկալման, նախասիրությունների, դաստիարակության, հավատքի եւ այլ հանգամանքների ազդեցությամբ կոնկրետ հեռարձակողի կոնկրետ հեռուստառադիոհաղորդման պարագայում հարմար կգտնեն կամ հարմար չեն գտնի՝ դրանից բխող ակնհայտորեն հնարավոր խտրականությամբ հանդերձ:
Սահմանել, որ ազգային գործիչներին չի կարելի վարկաբեկել կամ նսեմացնել առանց սահմանելու այդ գործիչների ցանկը, նշանակում է ստիպել հեռուստառադիոհեռարձակողներին՝ կռահել, թե տեսնես ում են Գ. Ամալյանն ու ՀՌԱՀ-ը համարում ազգային գործիչներ, որոնց չի կարելի վարկաբեկել եւ նսեմացնել, եւ ում՝ ոչ, որ երեւի կարելի է վարկաբեկել եւ նսեմացնել: Կրոնական եւ եկեղեցական գործիչները ազգային գործիչնե՞ր են արդյոք այս «Չափորոշիչներով», թե՞ չեն, Նիկողայոս Մառն ու Ֆրիտյոֆ Նանսենը ազգային գործիչնե՞ր են, Սերգեյ Մերկուրովն ու Իգոր Նովիկովը ազգային գործիչնե՞ր են, գուցե միայն քաղաքական ակնառու հաջողությունների հասած գործիչներն են, որ ըստ ՀՌԱՀ «…Չափորոշիչների» ազգային գործիչներ են, իսկ ի՞նչ ասել է «ակնառու հաջողությունների հասա՞ծ»…, ազգային գործիչնե՞ր են արդյոք Գետադարձ կաթողիկոսն ու Վարազդատ թագավորը, ՀՀ ԱԺ պատգամավորները ազգային գործիչնե՞ր են, իսկ նախորդ գումարման ԱԺ պատգամավորնե՞րը, իսկ Մուղդուսի՞ն, Խանջյանը, Ժիրինովսկին, Շիրակի մարզպետը, Ս. Կասյանը, Ս. Շահումյանը, Ղուկաս Ղուկասյանը: Ոստիկանապետը, գլխավոր դատախազը, Սահմանադրական դատարանի նախագահը ազգային գործիչնե՞ր են, նրանց ենթակա ոստիկանապետերը եւ դատախազները, Հայաստանում դատավոր աշխատող մարդի՞կ …Մեկի համար՝ այո, մյուսի համար՝ ոչ: Ոչ մեկի կարծիքն այս եւ հարանման դեպքերում այնքան կարեւոր չէ, որքան ՀՌԱՀ-ինը, որովհետեւ այս մարմինն է, որ կարող է պատժել ազգային գործիչներին հեռուստառադիոհաղորդումներում վարկաբեկող եւ նսեմացնող հեռարձակողներին: Բայց քանի դեռ ՀՌԱՀ-ը, ըստ իր պատասխանի, իրավական տեսանկյունից տեղյակ չէ, թե ովքեր են ազգային գործիչներ, իսկ ովքեր՝ ոչ, հեռարձակողները կռահելու են, թե ովքեր են ազգային գործիչների եւ ովքեր՝ ոչ ազգային գործիչների խմբերում: Իսկ թե ինչպես են նրանք կռահում, հայտնի է. նրանց կռահումները պիտի լինեն ՀՌԱՀ կարծիքի սահմանադաշտում եւ նրանց կռահումները պարտավոր են փոփոխվել այնպես, որ միշտ մնան ՀՌԱՀ փոփոխական կարծիքի սահմանադաշտում: Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը սա կոչում է ինովացված գրաքննություն:
Չվարկաբեկել եւ չնսեմացնել հասկացությունների ՀՌԱՀ հնարավոր մեկնաբանության մասով խնդիրները նույնպես լուրջ են. կարելի՞ է արդյոք վարկաբեկել կամ նսեմացնել ճշմարտությամբ, իսկ բազմակարծությա՞մբ, կարելի՞ է արդյոք նսեմացնել կամ վարկաբեկել փաստերի շարադրմամբ, կարելի՞ է փաստերի հիման վրա կարծիք ունենալ գործչի մասին, հնարավո՞ր է, որ այս կարծիքին գործիչը համաձայն լինի, իսկ ՀՌԱՀ-ը համարի, որ այն նսեմացնող է եւ վարկաբեկիչ, հնարավո՞ր է, որ կարծիքը սխալ լինի…
Մյուս չափորոշիչների մասին հեշտությամբ կարելի է ասել նույնը, ինչ ասվեց «ազգային գործիչներին չվարկաբեկելու եւ չնսեմացնելու» վերաբերյալ:  
7. Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը որոշակի վերապահումներով իր համաձայնությունն է հայտնում այն մտքին, թե «Առհասարակ ցանկագրում հնարավոր է միայն այն դեպքում, երբ այն կարող է լինել սպառիչ եւ հաստատուն»: Համարում ենք, որ կարելի է ցանկագրել անգամ այն փաստական կամ տեղեկատվական պաշարը, որը սպառիչ չէ, եւ հնարավոր է, որ կանխավ իմանանք, որ այդ ցանկը համալրվելու է, այսինքն հատատուն էլ չէ, փոփոխական է, կարող է համալրվել, կրճատվել կամ խմբավորվել: Բայց տարակուսանք է հարուցում այն հանգամանքը, որ ՀՌԱՀ-ը, վերոհիշյալ մտքին տիրապետելով, համարձակվել է ցանկագրել անչափահաuների առողջության, մտավոր եւ ֆիզիկական զարգացման, դաuտիարակության վրա հնարավոր բացաuական ազդեցություն ունեցող հաղորդումների չափորոշիչները: Այսինքն, այդ անելիս համարել է, որ այդ չափորոշիչները սպառիչ են եւ հաստատուն: Բայց եթե իրականում այդպես լիներ, նույն հանձնաժողովը մի քանի տող անց չէր գրի, թե «ազգային գործիչների, ազգային եկեղեցու կողմից քարոզվող արժեքներ, բարոյական նորմերի եւ հանցագործ աշխարհի բարքերի եւ վարվելաձեւերի ցանկեր Ձեզ չեն կարող տրամադրվել նման ցանկերի բացակայության եւ առհասարակ դրանց ստեղծման անհնարինության պատճառով»: Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը անիմաստ է համարում վերլուծել այդ պատասխանի այլ հակասական եւ երկիմաստ մտքերը:
8. «…Չափորոշիչների» վերոհիշյալ ակնհայտ անորոշությունների պարունակած սպառնալիքների մասին հեռուստառադիոհեռարձակողների գրեթե համատարած լռությունը վկայությունն է այն բանի, որ նրանք ընդհանուր առմամբ հաշտ են եւ այդ չափորոշիչների գոյության, եւ դրանցով իրենց գործունությունը կարգավորելու առաքելություն ունեցող մարմնի հետ: Սակայն այդ հաշտությունը չի կարող արդարացնել այդօրինակ խնդրահարույց կարգավորող փաստաթղթի գոյությունը, որովհետեւ հեռարձակողների օգտագործած հաճախականությունները հանրային սեփականություն են, իսկ ՀՌԱՀ-ը հանրային միջոցներ օգտագործող հիմնարկ է: «Ասպարեզը» չափազանց վտանգավոր է համարում, որ այս երկու խումբ հանրային ունեցվածքի տիրապետողները եւ կառավարիչները հանրային միջոցներն օգտագործում են ոչ թե հանրության տեղեկատվական կարիքների բավարարման համար, այլ հենց դրա դեմ:
9. Պատմության, հարկատուների եւ հեռարձակողների առաջ բարեխիղճ լինելու համար հարկ է, որ ՀՌԱՀ-ը շուտափույթ նախաձեռնի «…Չափորոշիչների» կասեցման, ապա՝ շահագրգիռ կողմերի ազնիվ մասնակցությամբ դրա վերանայման, հիմնովին վերամշակման եւ տրամաբանված փոփոխությունների գործընթացը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել