Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԻՆՉԵՎ ԻՐԱՑՆԵՆ՝ ԿՓԼՎԻ

Մայիս 13,2010 00:00

«Կենտրոն» համատիրությունը ափսոսում է շենքի վրա գումարներ ծախսել, ինչ է թե՝ մի օր այն իրացվելու է

\"\"Արդեն 70 տարուց ավելի է՝ Պուշկինի 4-րդ շենքը ճանաչվել է 4-րդ կարգի վթարային: Այդ աստիճանը ամենածայրահեղն է. այսինքն՝ անգամ 4-5 բալ երկրաշարժի դեպքում այդ շենքին վտանգ է սպառնում: Չնայած դրան, այդ շենքի համար պատասխանատուները ոչ մի միջոց չեն ձեռնարկում գոնե ժամանակավորապես շենքը կանգուն պահելու համար: Ճիշտ է, այն այժմ գտնվում է իրացման գոտում, եւ բնակիչները պետք է տարհանվեն, սակայն մինչեւ տեղափոխվելը նրանք ապրում են հույսերն Աստծուն, քանի որ շենքն ամեն վայրկյան կարող է փլվել:
Պուշկինի 4-րդ շենքը կառուցվել է 1896 թվականին: Բնակիչների բողոքներին արձագանքելով, օրերս «Առավոտն» այցելել էր նշյալ հասցե: Մայրաքաղաքի կենտրոնում գտնվող այս շենքն անզեն աչքով էլ երեւում է, որ համարյա փլված է. սկսած աստիճաններից, պատշգամբներից, վերջացրած տանիքով՝ կիսականգուն վիճակում են: Շենքում ապրող 9 ընտանիքներն աստիճանները \"\"մի քանի անգամ իրենց ուժերով մասնակի վերանորոգել են, որպեսզի կարողանան առանց վնասվելու դրանցից օգտվել, սակայն դա էլ չի օգնել, բարձրանալիս ու իջնելիս պետք է պարտադիր բռնակներից բռնել, որպեսզի չընկնեն ու ջարդուխուրդ լինեն: Պատշգամբներն էլ տանիքից հոսող ջրերի հետեւանքով քայքայվել են ու փոս են ընկել: Անձրեւաջրերն էլ գնալու տեղ չունեն. լցվում են ուղիղ բնակարաններ ու շենքի տակ՝ էլ ավելի թուլացնելով շինության հիմքը: Շենքից բուրող գարշահոտությունն էլ պատկերն ամբողջացնում է: Բանն այն է, որ տարիներ առաջ այդ շենքի նկուղային հարկը ծառայել է որպես պանրի մառան, ինչի հետեւանքով էլ այսօր շենքով մեկ նեխած պանիրի հոտ է տարածված:
Մեզ հետ զրույցում շենքի 9-րդ բնակարանի սեփականատեր Արթուր Առաքելյանը պատմեց, որ բազմիցս դիմել են Կենտրոն վարչական տարածքի «Կենտրոն» համատիրություն, որտեղից իրենց մշտապես պատասխանել են, որ շենքը հաշվառված է եւ հնարավորության դեպքում իրենք տանիքը կնորոգեն: Սակայն այդպես էլ համատիրությունը ոչինչ չի անում, չնայած բնակիչները բոլոր վարձերը մուծում են: Բնակիչների համոզմամբ, համատիրության անգործության պատճառն այն է, որ շենքը իրացման ճանապարհին է, ինչի պատճառով էլ չեն ուզում գումարներ ծախսեն՝ տանիք վերանորոգեն: Սակայն նկատենք, որ քանի դեռ այնտեղ բնակիչներ են ապրում, համատիրությունը պարտավոր է նրանց՝ շենքի հետ կապված խնդիրները լուծել:
Բնակիչների խոսքերով, իրենք չգիտեն ինչքան պետք է սպասեն մինչեւ նոր տուն տեղափոխվելը, քանի որ իրենց տարածքը 2008 թվականի օգոստոսին կառավարության կողմից օտարվել է եւ վաճառվել «Ռեգեմա» ընկերությանը, որն էլ իր հերթին վաճառել է «Լոկալ Դիվելոփըրզին», բայց բնակիչների հետ պայմանագրեր առայժմ չի կնքվել: Նշենք, սակայն, որ օտարման գործընթացի սկսման վերջնաժամկետը լրանում է 2011 թվականի հունվարի 1-ին: «Ուստի մենք վստահ էլ չենք, որ «Լոկալ Դիվելոփըրզը» ժամանակին կկնքի մեզ հետ պայմանագիր, դրա համար ենք հաճախ դիմում համատիրությանը, որպեսզի տանիքի վերանորոգման աշխատանքներ կատարվեն, թե չէ մենք ինչքա՞ն կարող ենք այսպես անձրեւաջրերի մեջ ապրել: Մենք չենք ասում, որ համատիրությունը պետք է անպայման մեծ գումարներ ծախսի ու մեր տանիքը վերանորոգի, առաջարկում ենք գումարի մի մասն էլ մենք ծախսենք»,- դժգոհեց Արթուր Առաքելյանը:
Թե ինչո՞ւ շենքի տանիքը չեն վերանորոգում, փորձեցինք ճշտել Կենտրոն վարչական տարածքի «Կենտրոն» համատիրության նախագահ Ռոբերտ Գալոյանից, որը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենք չեն պատրաստվում իրացվող տարածքի համար միլիոններ ծախսել: Մեր այն դիտարկմանը, որ սեփականատերը դեռ ժամանակ ունի բնակիչների հետ պայմանագրեր կնքելու, իսկ մինչ այդ շենքում դեռ բնակվում են ընտանիքներ, նա պատասխանեց. «Սկսենք նրանից, որ նրանք բավականին ժամանակ է՝ վարձ չեն վճարում: Չնայած դրան, մենք հաճախակի ենք այնտեղ մասնակի վերանորոգումներ անում»: Սակայն նա չմտաբերեց, թե վերջին անգամ երբ են այդ շենքի տանիքը մասնակի վերանորոգել:
Նշենք, որ բնակիչները ընդամենը 5 ամիս է, որ համատիրությանը վարձ չեն վճարում, քանի որ, ըստ նրանց, վճարելու դեպքում էլ ոչինչ չի փոխվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել