Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԵՌԱՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԿԹՎԱՅՆԱՑՎԻ

Մայիս 13,2010 00:00

Առաջիկայում կառավարությունը կքննարկի «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որը բխում է ռադիոհեռուստատեսային հեռարձակման թվայնացման հայեցակարգից: Երեկվա ասուլիսում հեռարձակման թվայնացման տեխնիկական խմբի ղեկավար Սիմոն Աղաջանյանն ասաց, որ թվայնացման նախագծի արժեքը կազմում է 12 մլրդ դրամ, իսկ արտադրանքը թվային ֆորմատով ապահովելը հեռուստաընկերությունների համար կարժենա $300-400 հազար: Նա նաեւ ասաց, որ այս միջոցները հեռուստաընկերությունները պետությանը կվերադարձնեն 10 տարվա ընթացքում:
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանն էլ ասաց, որ հուլիսի 20-ին կանցկացվի լիցենզավորման առաջին մրցույթը, ինչի արդյունքում կընտրվի 18 հեռուստաալիք, որոնցից 9-ը՝ մայրաքաղաքային, 9-ն էլ՝ համապետական. «Այն ընկերությունները, որոնք կհաղթեն, ըստ նոր օրենքի, կվճարեն պետական տուրք՝ տարեկան լիցենզիայի տեսքով, որը կապահովի պետական ներդրումների վերադարձելիությունը»: Պարոն Պետրոսյանը հավելեց, որ լիցենզիան գործելու է 2011 թ. հունվարի 20-ից եւ ուժի մեջ կմնա 10 տարի: Նախատեսել են թվայնացնել նաեւ 4 ռադիոկայան:
Փոխնախարարի խոսքով, թվայնացման նպատակը բազմաբովանդակ հեռուստառադիոհեռարձակման լայն հասանելիության եւ մատչելիության, նաեւ հաճախականությունների տիրույթի արդյունավետ օգտագործման ապահովումն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել