Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Շահելու հավանականությունը կկրկնապատկվի

Մայիս 13,2010 00:00

Կարծում ենք, մեր ընթերցողներին կհետաքրքրի այսօր կառավարության նիստում Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի ներկայացնելիք հարցը: Նա կառավարությանն առաջարկում է 2008թ. հոկտեմբերի 30-ի թիվ 1330 որոշման մեջ փոփոխություն կատարել: Այս փոփոխությունն առնչվում է շահող կտրոններին: Եթե կառավարությունը այսօր ընդունի այդ փոփոխությունը, այսուհետ, այսինքն՝ որոշման պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից, շահող կտրոնների բազային պարգեւավճարներ կտրվեն ոչ միայն կտրոնի վրա հատուկ համարի առաջին նիշից հաջորդական հերթականությամբ համարների համընկնման դեպքում, այլեւ վերջին նիշից հաջորդական հերթականությամբ համարների համընկնման դեպքում:
Այսպես, ըստ որոշման նախագծի. «Յուրաքանչյուր վիճակահանության համար նախատեuված բազային պարգեւավճարների հիմնադրամից վիճակահանության արդյունքում շահող կտրոնների բազային պարգեւավճարը տրամադրվում է հետեւյալ չափերով՝ հատուկ համարի առաջին նիշից սկսած՝ հաջորդական հերթականությամբ բոլոր ութ թվերը համընկնելու դեպքում՝ 5 միլիոն դրամ, հատուկ համարի առաջին կամ վերջին նիշից սկսած՝ հաջորդական հերթականությամբ բոլոր յոթ թվերը համընկնելու դեպքում՝ 500 հազար դրամ, հատուկ համարի առաջին կամ վերջին նիշից սկսած՝ հաջորդական հերթականությամբ բոլոր վեց թվերը համընկնելու դեպքում՝ 50 հազար դրամ, հատուկ համարի առաջին կամ վերջին նիշից սկսած՝ հաջորդական հերթականությամբ բոլոր հինգ թվերը համընկնելու դեպքում՝ 20 հազար դրամ, հատուկ համարի առաջին կամ վերջին նիշից սկսած՝ հաջորդական հերթականությամբ բոլոր չորս թվերը համընկնելու դեպքում՝ 5000 դրամ, հատուկ համարի առաջին կամ վերջին նիշից սկսած՝ հաջորդական հերթականությամբ բոլոր երեք թվերը համընկնելու դեպքում՝ 2000 դրամ»: Կա եւս մի հետաքրքիր հավելում. «Առաջին կամ վերջին նիշից սկսած՝ հաջորդական հերթականությամբ առաջին եւ վերջին երեք նիշերը միաժամանակ համընկնելու դեպքում պարգեւավճարը վճարվում է յուրաքանչյուր համընկնման համար»։
Ըստ ՊԵԿ-ի տվյալների՝ 2009 թվականին տրամադրված ՀԴՄ կտրոնների շահած հատուկ համարները կազմել են ավելի քան 9300, որոնց ընդհանուր հաշվով տրամադրվել է շուրջ 67.0 մլն դրամ։ Ըստ նույն աղբյուրի՝ ըստ եռամսյակների շահող կտրոնների քանակը ամբողջ տարվա ընթացքում ունեցել է նվազման միտում: Այսպես, 1-ին եռամսյակում տրվել է 4225 պարգեւավճար՝ ընդհանուր 31 մլն 430 հազար դրամի, 2-րդ եռամսյակում տրվել է 2863 պարգեւավճար՝ 20 մլն 120 հազար դրամի, 3-րդ եռամսյակում տրվել է 1540 պարգեւավճար՝ 10 մլն 565 հազար դրամի, իսկ 4-րդ եռամսյակում տրվել է ընդամենը 686 պարգեւավճար՝ 4 մլն 915 հազար դրամի: Փաստորեն, 1-ին եռամսյակից մինչեւ 4-րդ եռամսյակ պարգեւավճարների քանակը պակասել է ավելի քան 6,1 անգամ, իսկ վճարված գումարները՝ ավելի քան 6,3 անգամ:
Սա նշանակում է, որ մեր սպառողները գրեթե 6 անգամ պակաս են սկսել հետաքրքրվել շահող կտրոններով, այսինքն՝ 6 անգամ պակաս են պայքարել ստվերի դեմ: Եվ հիմա կառավարությունը մտադիր է կրկնակի բարձրացնելով շահումների հավանականությունը՝ մեծացնել մարդկանց շահագրգռությունը՝ կտրոն պահանջելու, այսպիսով՝ կրկնակի ուժով պայքարելու ստվերի դեմ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել