Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԵԾ ԿՈՐՈՒՍՏՆԵՐ՝ ՄԱՐԶԵՐՈՒՄ

Մայիս 13,2010 00:00

\"\"Անբարենպաստ եղանակի պատճառով գյուղացու բերքը անձրեւը տարավ

Ապրիլի 28-ից մայիսի 3-ը ընկած ժամանակահատվածում Սյունիքի մարզում տեղացած ձյան ու անձրեւների հետեւանքով 467 միլիոն 445 հազար 600 դրամի վնաս է հասցվել այգեգործությանը: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետ Խաչիկ Խաչատրյանը: Նրա խոսքով, ամենաշատ վնասը կրել են հատկապես Սիսիանում, Գորիսում, Կապանում: Պարոն Խաչատրյանի խոսքով, մարտի վերջերին իրենց կատարած մեկ այլ ուսումնասիրության արդյունքներն էլ վկայում են, որ ջրա-ցրտահարման հետեւանքով պտղատու այգիների եւ նորաստեղծ տնկիներին հասցված վնասի չափը կազմել է 130 միլիոն 270 հազար դրամ: Պարոն Խաչատրյանի խոսքով, նախորդ տարվա համեմատությամբ մարզի բերքը ցրտահարությունից կրկնակի է տուժել. «Անցած տարի միայն ցրտահարությունն էր, իսկ այս տարի ցրտահարությունից մնացած բերքն էլ ուտում են երկարատեւ անձրեւների պատճառով առաջացած սնկային հիվանդությունները»: Պարոն Խաչատրյանը նկատեց, որ չնայած այդ հիվանդությունների դեմ պայքարելու համար համապատասխան թունանյութեր կան, սակայն դրանք բավականին թանկ արժեն, եւ գյուղացին դժվարությամբ է ձեռք բերում. «Հիմնականում ոչ էլ օգտագործում են»: Ի տարբերություն Սյունիքի մարզի, մյուս մարզերում վնասված բերքի եւ վնասի չափերը պարզելու համար դեռ ուսումնասիրությունները ընթացքի մեջ են, բայց որոշակի պատկեր ոլորտի պատասխանատուներն արձանագրեցին:
 Լոռու մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետ Վազգեն Օհանյանը մեզ տեղեկացրեց. «Հուրախություն մեզ, դեռ կարկուտ չի եկել, ու ցրտահարության դեպքեր չեն գրանցվել, բայց սա չի նշանակում, որ տարին գյուղացու համար բարեբեր էր, ավելի քան մեկ ամիս անձրեւները չդադարեցին, ինչը կարկուտից էլ վատ է, անձրեւների պատճառով ձգձգվեց գարնանացանի ընթացքը»: Պարոն Օհանյանի խոսքով, իրենց մարզի այգիներում էլ այս տարի սնկային հիվանդությունների վարակ կա, բայց իրավիճակը վերահսկելի է. «Սնկային հիվանդությունները մեր մարզում ավելի շատ կարտոֆիլին պետք է վնասեին, բայց կարտոֆիլ դեռ չենք ցանել»:
 Մեզ հետ զրույցում Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետ Հայկազ Տերտերյանն ասաց, որ միայն Փոքր Վեդիի տվյալներով՝ 90%-ով վնասվել է ծիրանը, 70%-ով՝ դեղձը: Այս մարզում էլ անձրեւային եղանակի պատճառով դեռ գարնանացանը հետաձգվել է. «Գյուղացիների մի մասը եգիպտացորեն է ցանել, բայց մի կողմից թռչուններն են հանում, մյուս մասն էլ նեխում է, չի ծլում, ձմերուկ են ցանել, բայց սա եւս ծիլեր չի տալիս, կարող է հետո լավ լինի, մի բան դուրս գա, բայց այսօրվա դրությամբ ահավոր վիճակ է, բերքը լինելու է ուշ ու քիչ է: Սնկային հիվանդություններն էլ մնացածն են տանում, չգիտեմ, վիճակը վատ է»,- ասաց պարոն Տերտերյանը:
 Կոտայքի մարզպետարանի գյուղատնտեսության բաժնի պետ Մհեր Եղիազարյանն էլ «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ ուսումնասիրությունները ընթացքի մեջ են, հատկապես տուժել են Նաիրիի տարածաշրջանում կորիզավոր պտղատեսակները: Այս մարզում էլ պատկերը նույնն էր, անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով գարնանացանը հետաձգվում է, իսկ սնկային հիվանդությունների դեմ պայքարելու համար էլ խոչընդոտ կա.«Սրսկումները չենք կարողանում անել, որովհետեւ ամեն օր վայրկյանը մեկ անձրեւ է գալիս»: Վայոց ձորի մարզում կարկտահարությունից բերքը չի տուժել, բայց փոխարենը տուժել է ցրտահարությունից: «Մեզ մոտ հիմնականում ցրտահարվել են կորիզավոր պտուղները՝ ծիրանը, դեղձը եւ սալորը, բայց 20 օր շարունակ անձրեւ տեղաց, ու փաստորեն ցրտահարությունից փրկված բերքն էլ փչացավ, շարքից դուրս եկավ»,- «Առավոտին» տեղեկացրեց մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Բաբկեն Մկրտչյանը: Մարզում գարնանացանը 50%-ով հետ է ընկել. «Մեր մարզում էլ գլուխ են բարձրացրել սնկային հիվանդությունները, բայց պետք է հնարավորություն լինի դրանց դեմ պայքարելու, եթե հանկարծ շատ ցանկանանք պայքարել, չենք կարողանա, հողը գոնե մի 5 ժամ պետք է չոր վիճակում մնա, մեր վիճակը շատ վատ է»:
Տավուշի մարզպետարանից տեղեկացրին, որ ցրտահարության դեպքեր այս տարի չեն եղել, իսկ երկարատեւ անձրեւներից վնասվել են այն ծառատեսակները, որոնք ծաղկած են եղել, հիմնականում՝ սալորը, բալը. «Դեղձ, խնձոր ու սերկեւիլ կա, ոնց որ թե չի վնասվել, նորմալ է»: Գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Ռազմիկ Մելիքջանյանը վստահեցրեց, որ սնկային հիվանդությունների առումով խնդիրներ չեն լինի. «Ոչ մի վատ հետեւանք չի ունենա»: Արմավիրի մարզում խոստացան ուսումնասիրությունները ներկայացնել հաջորդ շաբաթներին: Մյուս մարզերի համապատասխան բաժիններ չկարողացանք կապվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել