Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ճապոնական ուղեղի մասին

Մայիս 13,2010 00:00

Արձագանք «Առավոտ» օրաթերթի մայիսի 12-ի «Եվս մի «Չուկոտկայի շաման»՝ ճապոնացի գիտնական» հրապարակման վերաբերյալ:
Հարգելի պարոն Աբրահամյան, նախ ցանկանում եմ իմ երախտիքի խոսքերը հղել Ձեզ օրաթերթում լեզվի խնդիրներին հետեւողական ուշադրության եւ, մասնավորապես, «Եվս մի «Չուկոտկայի շաման»՝ ճապոնացի գիտնական» նյութը պատրաստելու համար, որն ինչպես նշված է՝ «Հատուկ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի համար» է:
Ցանկանում եմ նշել, որ հրապարակումն ինձ դրդեց ժամանակ գտնել եւ մեկ անգամ եւս անդրադառնալ Թադանոբու Ցունոդայի գործունեությանը եւ հոդվածում հիշատակվող ուսումնասիրությունների արդյունքներին: Ի դեպ, որոնումների արդյունքում հետաքրքիր բացահայտումներ եղան, որոնց մասին ցանկանում եմ տեղեկացնել Ձեզ եւ «Առավոտ» օրաթերթի ընթերցողներին:
Բժշկության պրոֆեսոր օտորինոլարինգոլոգ Թադանոբու Ցունոդայի «Ճապոնացիների ուղեղը»”ուսումնասիրությունը, որը հրատարակվել է Ճապոնիայում 1978 թվականին, իր գիտական կոչվելու հավակնությամբ խիստ աղմկահարույց էր: Կատարված սահմանափակ փորձերի հիման վրա Ցունոդան աշխատության մեջ ներկայացնում է, որ աշխարհի բոլոր ժողովուրդները, բացառությամբ ճապոնացիների, ձայնավոր եւ բաղաձայն հնչյուններն ընկալում են ուղեղի ձախ կիսագնդի օգնությամբ՝ կապված տրամաբանական մտածողության հետ: Մինչդեռ ճապոնացիները ձախ կիսագնդով «ընկալում են» միայն բաղաձայն հնչյունները, իսկ ձայնավորները եւ ոչ լեզվական հնչյունները՝ ուղեղի աջ կիսագնդի միջոցով: Այստեղից էլ աներկբա հետեւություն է կատարվում, որ աշխարհի գրեթե ոչ մի ժողովրդի հասու չէ ընկալել բնաձայնական հնչյունները:
Նույնքան միանշանակ են Ցունոդայի դատողությունները այն մասին, որ միայն «ճապոնացու» ուղեղ ունեցող մարդը կարող է յուրացնել ճապոներեն լեզուն, ճապոնական երաժշտությունն ու մշակույթը: Ցունոդայի կարծիքով՝ ճապոնական ուղեղի յուրահատկությունը ի ծնե չէ, այլ առաջանում է ճապոնական միջավայրում ապրելով, եւ արտերկրում, ոչ ազգային միջավայրում ապրող ճապոնացիներն այն կորցնում են:
Միեւնույն ժամանակ ճապոնացիները, որոնք ունեն ավելի տարբերակվող ուղեղ, ընդունակ են յուրացնել օտար լեզուներ եւ մշակույթներ, ինչը, սակայն, նրանց վրա կարող է վատ ազդեցություն թողնել՝ հանգեցնելով յուրահատուկ հատկությունների կորստի: Հարցազրույցներից մեկում Ցունոդան անգամ հայտնել է, որ այն տարիներին, երբ ինքն անգլերեն էր սովորում, զրկվել էր ստեղծագործական շնորհից, եւ միայն այն ժամանակ, երբ հրաժարվեց օտար լեզուներ սովորելուց, կարողացավ ստիպել իր ուղեղին արգասաբեր աշխատել:
Չչարաշահելով Ձեր եւ ընթերցողների համբերությունը Ցունոդայի աշխատությունը ներկայացնելով՝ նշեմ, որ այն լուրջ քննադատության է արժանացել աշխարհի տարբեր գիտնականների կողմից (տե՛ս. Է. Միլլերի, Վ. Անտոնովի, Մայերի, Վ. Ալպատովի, Կ. Վան Վոլֆերենի եւ այլոց աշխատանքները):
Հավելեմ նաեւ, որ ըստ Է. Միլլերի՝ «Ճապոնացիների ուղեղը» գիրքը չի կարող դիտվել ավելին, քան ոչ գիտական աշխատանք: Աշխարհի այլ գիտնականներ այն համարել են կեղծ գիտություն: Բնավ չցանկանալով գիտական բանավեճ ծավալել Թադանոբու Ցունոդայի «Ճապոնացիների ուղեղը» աշխատանքի վերաբերյալ՝ ցանկանում եմ ընդգծել, որ նյարդալեզվաբանության, լեզվամտածողության եւ այդ խնդիրներն ուսումնասիրող այլ հարակից մասնագիտությունների եւ գիտական ուղղությունների ժամանակակից գիտական տվյալներն իրարամերժ եւ վիճելի են եւ դեռեւս ընդունված չեն որպես գիտական «աքսիոմներ» ակադեմիական շրջանակում:
Մեկ անգամ եւս շնորհակալ եմ ուշադրության համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել