Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ ԱՅԼ ՆԱԽԱԳԱՀՆԵՐ ԱՅՑԵԼԵԼ ԵՆ

Մայիս 13,2010 00:00

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը երեկ ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուի հետ հանդիպումից հետո «Ազատություն» ռ/կ-ին փոխանցեց, որ նաեւ անդրադարձել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելությունից նրա հրաժարվելու թեմային. «Մենք հարցրինք դրա մասին, քանի որ տարբեր՝ հակասական տեղեկատվություն կար: Ինքը մեզ պարզաբանեց, որ նման պարտադրանք չէին դրել ԵԽԽՎ այլ նախագահների առջեւ»:
ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանին «Առավոտը» հարց ուղղեց, թե արդյոք Հայաստան այցելած ԵԽԽՎ այլ նախագահներն իրոք նո՞ւյնպես չեն այցելել Մեծ եղեռնի զոհերի հուշահամալիր: Նա պարզաբանեց, որ մինչ այս Հայաստան են այցելել ԵԽԽՎ 3 նախագահներ, որոնցից երկուսը մինչ այդ պաշտոնում ընտրվելն էին այցելել Ցեղասպանության հուշահամալիր. «Մասնավորապես՝ լորդ Ռասսել Ջոնսթոնը եւ Լյուիս Մարիա դե Պյուչն այցելել էին մինչեւ նախագահ իրենց ընտրվելը, եւ դրանով է պայմանավորված, որ չեն այցելել Ցեղասպանության թանգարան եւ հարգանքի տուրք չեն մատուցել զոհերի հիշատակին: Իսկ Ռենե Վան դեր Լինդենն այցելել է՝ որպես ԵԽԽՎ նախագահ»:
Նշենք, որ ԵԽԽՎ նախագահ Ռենե Վան դեր Լինդենը ոչ միայն ծաղկեպսակ է դրել Եղեռնի զոհերի հիշատակին, այլեւ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հուշամատյանում էլ գրել է. «1915 թվականին հայերը շատ են տանջվել, դա մեծ ցավ է: Պետք է հուսալ, որ պատմությունը երբեք չի կրկնվի: Հարկավոր է աղոթել բոլորի համար: Համոզված եմ` ԵԽԽՎ-ն օգտակար կլինի Հայաստանին կայուն, հարուստ Եվրոպայի կազմում հաշտ ապրելու գործում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել