Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Պոստ-ֆաքտում» ծանուցագիր

Մայիս 13,2010 00:00

Երեկ Շամշյանին, իբր, հարցաքննության էին հրավիրել

Փետրվարի 24-ին հերթական անգամ, այս դեպքում՝ ՀՀ գլխավոր դատախազության շենքի մուտքի մոտ, բռնության էր ենթարկվել «Չորրորդ իշխանություն» եւ «Առավոտ» թերթերի ֆոտոթղթակից Գագիկ Շամշյանը:
Գագիկ Մարգարյան անուն-ազգանունով ոստիկանը դատախազության շենքի մոտ հարձակվել էր իրեն լուսանկարող Շամշյանի վրա՝ փորձելով խոչընդոտել նրա աշխատանքին, սեռական բնույթի հայհոյանքներ տեղալով՝ ձեռքին եղած պայուսակով մի քանի հարված է հասցրել ֆոտոթղթակցի դեմքին եւ ականջին ու մտել դատախազություն (հենց Գլխավոր դատախազության կայքում տեղադրված միջադեպի տեսագրության մեջ հարվածի պահը հստակ ֆիքսված էր): Շամշյանը միջադեպից հետո բուժօգնություն էր ստացել «Նաիրի» բժշկական կենտրոնում. նրա մոտ ականջաթաղանթի արյունազեղում էր ախտորոշվել: Ի դեպ, բժշկի կողմից տրված ախտորոշումն էլ հենց նրա ձայնով փոխանցել էր նաեւ «Ազատություն» ռ/կ-ն: Ու թեեւ դեպքի հենց հաջորդ օրը սույն ոստիկանի լուսանկարը տպագրվել է «Առավոտի» առաջին էջում, այդուհանդերձ, օրեր ու նույնիսկ ամիս տեւեց, մինչեւ մեր խեղճուկրակ իրավապահները պարզեցին խուլիգանի ինքնությունը: Հարուցվեց քրգործ, որում Շամշյանը ներգրավվեց որպես տուժող: Սակայն այս անգամ էլ հանցագործը մնաց անպատիժ, թերեւս, նաեւ այն «ծանրակշիռ» պատճառով, որ նա ոստիկան էր:
Արդեն ապրիլի 13-ին Շամշյանը հրավիրվել էր գործի վարույթն իրականացնող Կենտրոնի ոստիկանության քննչական բաժին, որտեղ քննիչ Բեգոյանը նրան տեղեկացրել էր, թե հարուցված քրգործը ոստիկանի գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով կարճվել է, եւ փոխարենը գործից մաս է անջատվել ու քրգործ է հարուցվել՝ այս դեպքում Շամշյանի կողմից, իբր, սուտ մատնություն կատարելու մեղադրանքով:
Երեկ արդեն «Առավոտի» խմբագրությունը կեսօրից հետո Ոստիկանության քննչական վարչության քննիչ Գ. Բեգոյան ստորագրությամբ Շամշյանին հասցեագրված մի նամակ ստացավ: Երբ Գ. Շամշյանի հետ միասին բացեցինք նամակը, պարզվեց, որ նամակն արդեն իսկ ուշացումով է ստացված: Դրանով Շամշյանին նույն օրը, ժամը 11-ին, հրավիրել էին հարցաքննության՝ իրեն առաջադրված ՀՀ ՔՕ 333-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով՝ սուտ մատնություն, որը զուգորդվել է մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելով առաջադրված մեղադրանքի կապակցությամբ՝ որպես մեղադրյալ: Ինչպես «Առավոտի» հետ զրույցում ասաց Շամշյանի պաշտպան Հովիկ Արսենյանը, իր վստահորդին՝ որպես մեղադրյալ հարուցված քրգործում ներգրավելու որոշումը կար դեռ մի քանի օր առաջ. «Բայց ես քննիչին բացատրեցի, որ իրենք նման իրավունք չունեն, որովհետեւ այն որոշումը, որով քրգործը կարճվել եւ հետապնդումն էլ դադարեցվել է՝ գտնվում է բողոքարկման փուլում: Դեռ այն ժամանակ, մինչեւ այս վերջին ծանուցումը ստանալը, մենք այս որոշման դեմ բողոք էինք ներկայացրել Գլխավոր դատախազին: Նա որոշումը վերահասցեագրել էր Երեւանի դատախազություն, որտեղից էլ Երեւանի դատախազի տեղակալ Խաչատրյանի ստորագրությամբ պատասխան էր ստացվել, թե՝ քրգործը կարճելու որոշումը վերացնելու հիմքեր իրենք չեն տեսնում: Դրանից հետո արդեն մենք ստիպված էինք դիմել դատարան, ինչը եւ արել ենք, ու մայիսի 13-ի առավոտյան արդեն քրգործի կարճման դեմ մեր բողոքը կլինի նաեւ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի տրամադրության տակ»:
Փորձեցինք հասկանալ՝ Շամշյանին նման ծանուցում ուղարկելը օրենքի խախտո՞ւմ է, թե՞ անփութություն: «Բոլորը միասին: Մարդուն մեղադրանք են առաջադրել այն դեպքում, երբ նա բողոքարկում է այն քրգործի կարճման որոշումը, որն իր դեմ հարուցված քրգործի հիմք է դարձել: Սա կազուս է»,- ասաց Հ. Արսենյանը՝ հավելելով, որ իր վստահորդն այս նոր գործով հարցաքննության, թերեւս, չի գնա: Պաշտպանը նաեւ նկատեց, որ «քննչականը» այս պայմաններում Շամշյանին հարցաքննության կանչելու ծանուցագիր ուղարկելով, իբր, ուզում է հիմքեր ստեղծել՝ նրան պատասխանատվության կանչելու համար: «Չեմ կարծում, թե դա քննիչի որոշումն է եղել: Բոլորին էլ պարզ է, որ կա ցուցում՝ հիմքեր ստեղծել Շամշյանի նկատմամբ հետապնդում իրականացնելու, նրան անազատության մեջ պահելու համար»,- հայտարարեց պաշտպան Հովիկ Արսենյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել