Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԵՍ ՈՒԶՈՒՄ ԷԻ, ՈՐ ՄԻ ՐՈՊԵ ԿԱՆԳ ԱՌՆԵԻՆՔ ՈՒ ՄՏԱԾԵԻՆՔ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

Մայիս 13,2010 00:00

Ասում է Ստեփանակերտի մամուլի ակումբի նախագահ Գեղամ Բաղդասարյանը

– Մայիսի 7-ին կոչով դիմեցիք Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի ԶԼՄ-ների  ու լրագրողական կազմակերպությունների ղեկավարներին՝ մայիսի 12-ից սկսած դադարեցնել հակամարտության կողմերի միջեւ քարոզչական պատերազմը, «թշնամական գործողությունները»: Ո՞րն էր տեղեկատվական դաշտում հրադադար կնքելու ձեր նախաձեռնության իմաստը։
– Իրական կարգավորմանը, շատ ավելի կոնկրետ՝ պատերազմի վտանգի չեզոքացմանը նպաստելը։ Երբ ժամանակ առ ժամանակ խոսում են բանակցային գործընթացում լավ կամ ոսկե շանսի մասին, ես միշտ հեգնանքով եմ դրան վերաբերվում, եւ ահա թե ինչու։ Կա երկու չափորոշիչ, որոնք ինձ համար լակմուսաթուղթ են հանդիսանում բանակցային ջանքերի լրջության մակարդակը գնահատելու հարցում։ Մեկը ղարաբաղյան կողմի մասնակցությունն է, մյուսը՝ տեղեկատվական պատերազմի դադարեցումը։ Քանի դեռ մենք՝ Ղարաբաղը, չենք մասնակցում բանակցություններին՝ ես դրանց լուրջ չեմ վերաբերվում։ Բոլորն էլ գիտեն, որ պայմանավորվածությունների հիմնական իրականացնողներից մեկը մենք պետք է լինենք, ուստի՝ եթե մեզ չեն ներգրավում, ուրեմն՝ իրականացման հույս էլ չկա։ Բայց այս կտրվածքով ես շատ ավելի մեծ տեղ եմ տալիս երկրորդ չափորոշիչին՝ տեղեկատվական պատերազմին։ Քանի դեռ շարունակվում է տեղեկատվական պատերազմը՝ անիմաստ է խոսել բանակցությունների ու փոխզիջումների մասին։ Հրետանային նախապատրաստության ժամանակ փոխզիջում ձեռք չի բերվում, իսկ տեղեկատվական պատերազմը հենց այդ նախապատրաստությունն է։ Ահա թե ինչու նախաձեռնությունս հենց տեղեկատվական դաշտին էր հասցեագրված։
– Եվ ի՞նչ արդյունք արձանագրեց ձեր կոչը:
– Աշխույժ քննարկումներ են եղել ինտերնետում եւ այլուր։ Ամենատարբեր արձագանքներ ու կարծիքներ են եղել, նաեւ՝ ամենատարբեր մակարդակներով՝ ինչպես հրապարակային, այնպես էլ ոչ հրապարակային։ Արդյունքներից հիմնականում գոհ եմ, դրանք հիմնականում համապատասխանում են ակնկալիքներիս։ Ես, հարկավ, այնքան միամիտ չեմ, որ կարծեի, թե մի հայտարարությամբ կարելի է վերջ դնել տեղեկատվական պատերազմին։ Բնականաբար, հասկանում էի, որ ԶԼՄ-ներն այդ պատերազմի հաղորդիչներն են, այլ ոչ թե պատվիրատուները, հասկանում էի նաեւ, որ տեղեկատվական դաշտի տարբեր սեգմենտներում վիճակը տարբեր է։ Կոչը պարզապես խորհրդածելու առիթ ու խթան էր։ Ես պատրանքներ չունեի, որ բազմաթիվ լրատվամիջոցներ իսկույն կմիանային այս նախաձեռնությանը։ Կան մի շարք թերթեր ու հանդեսներ, որոնք չեն էլ մասնակցում տեղեկատվական պատերազմին ու պատերազմի հրահրմանը։ Պարզ ասած՝ ես ուզում էի, որ մի րոպե կանգ առնեինք ու մտածեինք խաղաղության մասին։ Բոլորի մեկական րոպեները միագումար բավականին ժամանակ կկազմեն։ Եթե հայտարարությունը իմ գործընկերներին ստիպել է  հատկացնել այդ րոպեն, ապա ես բավարարված եմ։
– Այնուամենայնիվ, ի՞նչ կարծիքներ, դիտողություններ կամ նույնիսկ քննադատություններ  եղան:
– Ադրբեջանական արձագանքներում (դրանց կարելի է ծանոթանալ https://karabakh.kavkaz-uzel.ru/articles/168685/ կայքում-Ն. Մ.) գերակշռում էր այն կարծիքը, որ հակամարտության չկարգավորվածության ներկայիս պայմաններում ադրբեջանական մամուլը չի կարող շրջանցել սուր կողմերը։ Սա ինձ համար տարօրինակ էր՝ երկու առումով։ Նախ՝ մի՞թե սուր անկյունները չշրջանցելը նշանակում է հայհոյել ընդդիմախոսին, եւ երկրորդ՝ ես առաջարկում էի բարենպաստ ֆոն ստեղծել հենց կարգավորման համար՝ նպաստելով բանակցային գործընթացին։
Հայկական կողմերի արձագանքներում երկու մտահոգություն կար։ Մեկն այն էր, որ դրանով մենք ի ցույց ենք դնում մեր թուլությունը։ Սա ինձ համար բացարձակապես անընդունելի է, քանի որ նախ՝ ուժեղն է առողջ գաղափարներ առաջարկում, հետո էլ՝ եթե մենք մեր դիպուկահարներին հեռացնում ենք առաջին գծից ու բողոքում, որ ադրբեջանցիները նույնը չեն անում, ապա մի՞թե տեղեկատվական հրադադարն ավելի վտանգավոր է մեզ համար։
Հայկական արձագանքներում նաեւ այն կարծիքը կար, թե իմ կոչում հակամարտության կողմերը համահարթված են, մինչդեռ կողմերի «ներդրումը» տեղեկատվական պատերազմում տարբեր է։ Ի՞նչ ասեմ, ես չէի կարող հանդես գալ միավորող կոչով՝ մեղադրելով կողմերից մեկին կամ ընդգծելով կողմերից մեկի «ծանր մեղքերը» (առավել եւս, որ հրեշտակային անմեղությամբ ոչ ոք էլ աչքի չէր ընկնում ու հնարավոր էլ չէր)։ Դա կնշանակեր խաչ դնել նախաձեռնության վրա։ Ի վերջո, նպատակն այն էր, որ բոլորս մի կողմ դնեինք ամեն ինչ ու իրար նկատմամբ հարգանքով ու առանց մեղադրանքների մտածեինք ապագայի մասին։
Իսկ ինչ վերաբերում է կողմերի «ներդրումների» տարբեր չափերին, ապա՝ ինչ խոսք, դա այդպես է։ Տեղեկատվական պատերազմ՝ դասական կանոններով,  վարում է միայն Ադրբեջանը։ Հայաստանը տեւական ժամանակ չէր մասնակցում, բայց ստիպված եղավ աստիճանաբար ներքաշվել դրանում, ճիշտ է՝ ծուլորեն, օրումեջ, այն էլ՝ հիմնականում անդրադարձային բնույթի, թեեւ նաեւ ցավով պիտի փաստեմ, որ որոշ լրատվամիջոցներ սկսել են հաճույքով մասնագիտանալ այս հարցում եւ ոչ առանց հաջողությունների։ Ղարաբաղյան կողմը գերազանցապես ինչպես չէր մասնակցում, այնպես էլ շարունակում է անհաղորդ մնալ դրան։ Մեկ-մեկ՝ նիրհից արթնանալով եւ պարապությունից ձանձրանալով, պատասխանում է այս կամ այն սադրանքին։ Ղարաբաղում դա որոշակի իմաստով գիտակցված ծուլություն է ու նաեւ արհեստավարժության պակաս։ Մեզ մոտ շատ ավելի լուրջ են վերաբերվում ամեն ինչին, տվյալ դեպքում՝ կամ իսկականից կռիվ ենք անում, կամ՝ չէ։ Տեղեկատվական պատերազմի նման «թիթիզ» բաներ մերոնք չեն սիրում։
Ըստ էության, ես չեմ էլ գտնում, որ մենք պիտի տեղեկատվական պատերազմ վարենք, բայց ահա պարտավոր ենք խելացի ու հետեւողական տեղեկատվական քաղաքականություն վարել. մի բան, որ չենք անում։ Այսպես թե այնպես, ուրախ եմ, որ, այսքանով հանդերձ, նաեւ առողջ ու սրտացավ արձագանքներ են եղել Ադրբեջանից, Հայաստանից ու Լեռնային Ղարաբաղից։
– Ձեր ասած չափորոշիչներից առաջինի՝ ղարաբաղյան կողմի մասնակցության առումով ի՞նչ տվեց նախաձեռնությունը։
– Նախաձեռնությունը կարող էր տալ, այն էլ՝ շատ լուրջ բաներ, բայց ղարաբաղյան կողմի տոտալ թմբիրի պայմաններում այդ հնարավորությունը չօգտագործվեց։ Այսպես, մերոնք մերթընդմերթ, այն էլ, երբ համանախագահները գալիս են Ստեփանակերտ, հայտարարում են, որ առանց ղարաբաղյան կողմի մասնակցության բանակցային գործընթացը չի կարող արդյունավետ լինել, ու վերջ.  սպասում են հաջորդ այցին, որ նույնը կրկնեն։ Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ «նստել թախտին ու սպասել բախտին»։ Մինչդեռ կողմ դառնալու համար պիտի քայլեր անել, հիշեցնել քո գոյության մասին, նախաձեռնություններով ու նոր գաղափարներով հեղեղել միջնորդներին, բոլորին։ Իմ նախաձեռնությունից չօգտվեց ղարաբաղյան կողմը։ Օրինակ, կարելի էր ԱԳՆ-ի մակարդակով ոչ հրապարակավ կամ հրապարակավ դիմել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին եւ առաջարկել արձագանքել ու գնահատական տալ նախաձեռնությանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել