Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈ՞ՒՄ Է ԽԵՂԱԹՅՈՒՐԵԼ

Մայիս 13,2010 00:00

\"\"Ըստ ԱԳ նախարար Էդուարդ Նալբանդյանի եւ ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանի՝ այո:

Ստրասբուրգում՝ Եվրախորհրդի նախարարների կոմիտեի 120-րդ նստաշրջանի ժամանակ ՀՀ ԱԳ նախարարը հայտարարել է. «ԵԱՀԿ արտգործնախարարների՝ անցյալ դեկտեմբերին Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Աթենքում ընդունված հայտարարությունը շեշտադրում է ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը, ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, տարածքային ամբողջականությունը՝ որպես հակամարտության կարգավորման հիմնարար սկզբունքներ»: ԱԳ նախարարը հիշեցրել է նաեւ, որ նույն սկզբունքներն ընկած են 2007-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից առաջարկված մադրիդյան փաստաթղթի հիմքում. «Այդ փաստաթղթի գոյությունն անգամ մեկ տարուց ավելի հերքվում էր Ադրբեջանի կողմից, մինչեւ նրանք վերջապես հայտարարեցին, որ իբրեւ թե ընդունում են այն՝ որոշ բացառություններով»: Ըստ Էդուարդ Նալբանդյանի, եթե փորձ անենք պարզել, թե ինչին է Ադրբեջանը համաձայնել, ինչին՝ ոչ, ապա կտեսնենք, որ ամենաշատը բացառություններն են, իսկ ընդունված դրույթներն էլ՝ իրենց կամայական ներկայացմամբ: Նախարարը ասել է, որ Ադրբեջանը շարունակում է խեղաթյուրել ընթացող բանակցությունների էությունն ու օգտագործում է ցանկացած հնարավորություն՝ բոլոր մակարդակներով ուժի կիրառման սպառնալիքներով հանդես գալու համար:
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արամ Սաֆարյանի մեկնաբանությամբ, ԱԳ նախարարի այս հայտարարություններն ուղղված են հետեւյալին. «Անցյալ ամառ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ ՌԴ նախագահների կողմից մոտ մեկ տարի առաջ Իտալիայում արված հայտարարությունից հետո ծավալվեց մեր տարածաշրջանում: Ես նկատի ունեմ ղարաբաղյան կարգավորման գործընթացի աշխուժացումը եւ քաղաքական քննարկումները Հայաստանում, Ադրբեջանում եւ համահովանավոր երկրներում: Այս քննարկումների ընթացքում ակնհայտ դարձավ, որ Ադրբեջանը պատրաստ չէ խաղաղ լուծման՝ այն փոխզիջումների հիման վրա, որոնք արձանագրված էին 2007 թվականի մադրիդյան փաստաթղթի փիլիսոփայության հիմքում: Այդ անկարողությունը կամ չցանկությունը ադրբեջանական կողմը քողարկեց քարոզչական պատերազմի աշխուժացմամբ՝ այս անգամ դաշնակցելով իր գործընկեր Թուրքիայի հետ, եւ այս համատեղ աշխուժացման նպատակներից մեկը պետք է լինի տորբեդահարել բանակցությունները 2007-ի փիլիսոփայության սկզբունքներով եւ, դրանք նենգափոխելով՝ առաջ քաշել այլ սկզբունքներ, սկզբունքներ, որոնք ձեռնտու են Ադրբեջանին, եւ որոնք մեկ տարվա ընթացքում փորձում են ներկայացնել իբրեւ ձեռք բերված պայմանավորվածություն: Այնինչ դա այդպես չէ, եւ հենց դրա մասին է հայտարարել Նալբանդյան Էդուարդը»: Պարոն Սաֆարյանը խնդրեց իր մեկնաբանության մեջ հատուկ շեշտել հետեւյալը. «Այս փոխադարձ մեղադրանքները, թող թույլ տրվի ասել՝ հռետորաբանությունը, իհարկե, վերջ չունի, եթե մենք մի կողմից՝ անընդհատ արձանագրենք, որ հերթական անգամ Ադրբեջանը վարում է մերժողական քաղաքականություն, մյուս կողմից էլ ասենք, որ այդ կապակցությամբ Հայաստանն ասելիք չունի կամ՝ չի պատրաստվում սրան համարժեք հակահարված տալ: Դրա համար ես կարծում եմ՝ մեր դիվանագիտության, մեր քաղաքական ուժերի խնդիրը պետք է լինի միջազգային շրջանակներին բացատրելը, ցույց տալը այս ադրբեջանա-թուրքական համաձայնեցված քաղաքականության ամբողջ անբնականությունը եւ անիրականանալիությունը: Մենք խնդիր ունենք թույլ չտալու, որ ղարաբաղյան հարցի քննարկումները տեղափոխվեն այլ հարթակներ, ինչին ձգտում է Ադրբեջանը, օրինակ՝ ներքաշելով պարոն Մեւլութ Չավուշօղլուին: Սա ոչ հեռանկարային գործունեություն է, եւ սրանք բացահայտելու ուղղությամբ մենք պետք է միջազգային ասպարեզում հանդես գանք մեր ներքին քաղաքական դաշտի համաձայնեցված դիրքորոշումներով»: Մեր զրուցակիցը վստահ է՝ չի կարելի թույլ տալ, որ Ադրբեջանը եւ Թուրքիան ձեռք ձեռքի տված, միասնական նոր քարոզչական-քաղաքական պատերազմ սկսեն մեր երկրի դեմ եւ հաղթեն այդ պատերազմում: ԵԱՀԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավարը այսօր խորհրդարանում պատրաստվում է հանդիպել ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուին, քանի որ, ինչպես ինքն ասաց՝ «պարոն Չավուշօղլուին որոշ բաներ ունեմ ասելու»: Իսկ թե կոնկրետ ինչ է ասելու՝ չմանրամասնեց: Իսկ Չավուշօղլուի հետ նախատեսված հանդիպման բոյկոտումը Դաշնակցության կողմից Արամ Սաֆարյանը չի կիսում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել