Համշեն (Համամաշեն) Ռիզեի նահանգ
Պատմական տեղեկությունների համաձայն՝ 8-րդ դարում, չդիմանալով արաբական տիրապետության ճնշումներին, Մեծ Հայքի Այրարատ, Արագածոտն, Կոտայք եւ Վասպուրական նահանգների գավառներից շուրջ 12 000 հայ Շապուհ եւ Համամ Ամատունի իշխանների եւ մի քանի նախարարների գլխավորությամբ գաղթում եւ բնակություն է հաստատում Սեւ ծովի հարավարեւելյան մասում՝ Ֆորթունա գետի հովտում: Այստեղ Համամ Ամատունին, ըստ hamshen.org կայքի, վերականգնելով ավերված Տամբուր քաղաքը, իր անունով կոչում է Համամաշեն, այսինքն՝ Համամի շեն, որը հետագայում դառնում է Համշենի հայկական իշխանության կենտրոնը: Ավելի ուշ քաղաքը ստացավ Համշեն (հայերեն) կամ Հեմշին (թուրքերեն) անվանումը: Տարիների ընթացքում այս իշխանության տարածքն ընդլայնվեց՝ ընդգրկելով սեւծովյան մի շարք շրջաններ եւս՝ Հոպա, Բորչկա, Տրապիզոն, Օրդու եւ այլն: Բնակիչները հայտնի էին իբրեւ համշենցիներ, խոսում էին համշեներեն, որը հայոց լեզվի բարբառներից է: Համամ Ամատունու հիմնադրած իշխանությունը կործանվեց 1489 թ., երբ Համշենը գրավվեց թուրքերի կողմից, որոնք սկսեցին բռնի կերպով հավատափոխ անել հայերին:
17-18-րդ դարերում Համամշենը բացառապես հայաբնակ էր։ Սակայն այն եւս անմասն չմնաց կոտորածներից ու արհավիրքներից: Օսմանյան բռնաճնշումներից խույս տալու նպատակով հայերից շատերը տեղափոխվում են արեւմուտք՝ Գունեյսու, Կալկանդերե, Օֆ, Սյուրմենե, Արսին, Յոմրա, Տրապիզոն, Գիրեսուն, Օրդու, Ֆաթսա, Սամսուն, Սինոպ, Ադաբազար, հասնում մինչեւ Նիկոմեդիա։
Մինչեւ 1915 թ. Համշենում եւ շրջակա տարածքներում հայաբնակ էր մոտ 100 անուն գյուղ՝ Զեֆանոս, Սամարուքսա, Կուխլա, Շանա (Ծինկիլա, Կյուշանա), Ճոշարա, Կալաֆկա, Ուզ, Ապիոն, Կռոմիլա, Փերվանա, Գատրա, Էլեմոնաս, Վահանացիք, Մախթելա, Քութունոց, Քինուցոց, Սարես, Ալչաք-տերե, Ժուժք, Փիրկի, Մանտրալ, Փլաթանա, Սաթարիա, Մալա, Անիֆա, Վերանա, Էլեու, Ֆոշ, Ղալինոս, Կիրասոն, Օրտու, Կիրասոն, Չամալ, Մուսագըրգ, Քելթեփէ, Խոճղոլու, Սռլլար, Խոշկելիր, Պազարսու, Գուշճի էորեն, Ալաճատամ, Սայաճա, Գրմա, Պուլթան, Գատըր, Չաթալ, Ֆոտանա, Թեփեքեոյ, Չաթախ, Օրթաըյմախ, Էրենճիք, Մարթիլ, Թեքյուր, Թախտալըգ կամ Ղափուղայա, Էորեյի-պեյ, Գոնուքլուք, Գապալաք, Գուրշունլու,, Գարա-ըթլուք, Աղուլուճ, Ղապա-Ճեվիզ, Էյրի-տերե, Ուլու-Փունար, Կեովճե-քեոյ, Աղճա-կյունե, Սըթա-սու, Յուչ-փունար, Քեոքլիք, Էքինճիք, Քերփիճլիք, Յաղպասան, Պալչըգ, Քելաս, Եոքյուզքեոյ, Ղոճաման-պաշ կամ Ղարաճալը, Էլեմտաղը, Սուլուճա, Չըպըգըլըգ, Ղայա-արտը: (Ցուցակը ներկայացված է ըստ՝ բ.գ.թ., դոցենտ Հայկանուշ Մեսրոպյանի «Համշենահայության տեղաշարժերը եւ բարբառային առանձնահատկություները» հոդվածի):
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին համշենահայերի որոշակի հատվածի հաջողվում է խույս տալ ջարդերից եւ բնակություն հաստատել Կովկասում եւ Սեւ ծովի արեւելյան ափերին, մասնավորաբար՝ Սուխում, Ադլեր, Կուդեպստա, Խոստա, Մացեստա, Սոչի, Լոո, Մծարա, Ծեբելդա, Շափշուկա, Նոր Աֆոն, Գագրա, Գանդիադի, Գելենջիկ եւ այլ բնակավայրերում։
Համշենահայեր են նաեւ Աբխազիայի Գագրայի շրջանի Ալախաձե գյուղի բնակիչների մեծ մասը, որոնք 20-րդ դարի սկզբին գաղթել են Սամսունից։
Թուրքական բարբարոսությունները սարսափելի միջոցներով էին հասնում դավանափոխության: Նրանք, ովքեր հակառակվում էին, սպանվում էին եւ նետվում Ֆորթունա գետը: Հայկական ամեն ինչ այստեղ ոչնչացվում էր, եկեղեցիներն ավերվում էին կամ վերածվում մզկիթների: Հավատափոխությունից եւ հալածանքներից խուսափելու համար շատ համշենահայեր նորից բռնեցին գաղթի ճանապարհը՝ սփռվելով Սինոպսից մինչեւ Բաթում: 19-րդ դարի 60-70 թթ., հատկապես ռուս թուրքական պատերազմից հետո, Համշենի մեծ մասը գաղթեց եւ հաստատվեց Սեւ ծովի կովկասյան ափերին՝ Սուխում, Մծարա, Գագրա, Կրասնոդարի շրջան:
Համշենահայերի արտագաղթը զանգվածային բնույթ ստացավ Մեծ եղեռնի ժամանակ: Ներկայումս համշենահայերի իսլամացած մասը բնակվում է Թուրքիայի պոնտական ափին, իսկ Սեւ ծովի աբխազական ու ռուսական ափին բնակվող համշենահայերը շարունակում են դավանել քրիստոնեությունը:
Սակայն պետք է ասել, որ համշենահայերը, չնայած մահմեդական լինելուն, շարունակում են պահպանել իրենց լեզուն, եւ գիտակցության մեջ պահպանվում է ազգային դիմագիծը: Համշենցիները ունեն շատ հարուստ բանահյուսություն, որոնցում հստակ երեւում է հայկական կոլորիտը, ավանդույթներում արտացոլված է հայկական ոգին, երգերը հայկական ելեւէջներով են, ծեսերն ու ավանդույթները նույնպես հայկական տարրեր ունեն: Վերջին շրջանում հատկապես ակտիվացել է համշենահայության նկատմամբ հետաքրքրությունը, կատարվում են ուսումնասիրություններ, պատրաստվում զեկույցներ: Համշենահայերի մոտ եւս ինքնության զարթոնքը շատ բուռն է, իսկ հետաքրքրությունների շրջանակները երկկողմանի բնույթ են կրում:
Համշենահայերի մոտ վերադարձ կա դեպի հայկական արմատները: Մի շարք համշենահայեր շարունակում են դիմել համապատասխան կառույցներ եւ վերականգնել իրենց ինքնությունը: