Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղցրաձայն Օրփեոսը

Մայիս 12,2010 00:00

Նրա սերը, արգոնավորդները, Լեսբոս կղզին ու մահապատիժը

Հունական առասպելաբանության մեջ, գետի ֆրակիական Էագրա աստծու եւ մուսա Կալլիոպեի որդի Օրփեոսը հայտնի էր որպես երգիչ եւ երաժիշտ։ Նա ծնողների կողմից արվեստի կախարդական ուժով էր համակված, ինչով գրավում էր ոչ միայն մարդկանց, այլ նաեւ աստվածներին ու բնությանը:
Գոյություն ունի մի լեգենդ, ըստ որի՝ որսի աստվածուհի Արտեմիդան շտապում էր Օրփեոսի երգերը լսել եւ ճանապարհին կուսազրկվում է Պան աստծու կողմից: Այդ բռնաբարության հետեւանքով ծնվում է սատիրը, մի էակ, որը կճղակներով եւ պոզերով էր ու սատանայի կերպարանքով մտել է քրիստոնեություն: Օրփեոսի քնարի նուրբ երաժշտության տակ աստվածները, հույները, կրիտացիները եւ նույնիսկ հպարտ ամազոնուհիները իսկական օրգիաներ էին կազմակերպում: Ախր շատ հաճելի էր այդ երաժշտության տակ գինի խմել եւ սիրով զբաղվել: Իմիջիայլոց, Օրփեոսը հայտնի էր ոչ միայն իր քնարով, այլ նաեւ սիրային բազմաթիվ արկածներով:
ԱՐԳՈՆԱՎՈՐԴՆԵՐԸ. Արդեն հասուն տարիքում էր, երբ Օրփեոսն արգոնավորդների արշավանքին մասնակցեց եւ իր քնարով, աղոթքներով հանգստացնում էր ալիքներին, օգնելով թիավարներին՝ պահել «Արգո» նավի ռիթմն ու տեմպը:
Արգոնավորդները (բառացի՝ «Արգո» նավով լողացողներ), հունական առասպելաբանության համաձայն, ոսկե գեղմի հետեւից գնացող ճանապարհորդներն էին: Գեղմը գտնվում էր Էյու (կամ Կոլխիդա) երկրում: Ճանապարհորդների առաջին կանգառը Լեմնոս կղզին էր, որի բնակչուհիները այդ օրվանից մեկ տարի առաջ անբարոյական պահվածքի համար բոլոր տղամարդկանց սպանել էին եւ միայն քաղցրաձայն Օրփեոսը կարողացավ համոզել, որ անձնակազմին ձեռք չտան: Կղզու դաժան բնակչուհիները առաջին հերթին գերվեցին ոչ թե Հերակլեսի, Յասոնի եւ մյուս ուղեկիցների երիտասարդությամբ, այլ Օրփեոսի քնարով: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները մի հսկայական քեֆ կազմակերպեցին, եւ երգիչը հիշելով իր երիտասարդությունը՝ ապացուցեց, որ 60-անց տղամարդը նույնպես կարող է հերոսություններ գործել: Օրփեոսից շատ շնորհակալ էր Յասոնը, որը մինչ Լեմնոս կղզի գալը՝ դեռ կույս էր, բայց այդտեղից որպես իսկական տղամարդ հեռացավ…
ՎԵՐՋԻՆ ՍԵՐԸ. Հախուռն, արկածներով լի կյանքից հետո Օրփեոսը ամուսնացավ Էվրիդիկայի հետ, որը տարիքով իրեն թոռ էր գալիս: Նա ոսկեգույն մազերով էր, փայլուն աչքերով, իսկ մարմինն ավելի կատարյալ էր, քան սիրո աստված Ամուրի կնոջ՝ Պսիխեայի մարմինը: Էվրիդիկայի գրկում Օրփեոսը իրեն երիտասարդ եւ ուժերով լցված զգաց, իսկ իր քնարը նորից սկսեց սիրո մասին երգել: Դժբախտաբար, այդ հրաշագեղ կնոջը ցանկանում էր տիրանալ որսորդ-կիսաաստված Արիստեոսը, որն էլ քանդեց նրանց ընտանիքը: Փորձելով փախչել նրա հետապնդումից, երիտասարդ կինը ոտքը թունավոր օձի վրա դրեց եւ նրա խայթոցից մահացավ… Դրանից հետո երգիչը մինչեւ իր մահը այդպես էլ սրտի վերքը չկարողացավ բուժել. Օրփեոսը երեք տարի երկրային բոլոր բարիքներից հրաժարվել էր եւ առաջին հերթին՝ կանանցից:
ԼԵՍԲՈՍ ԿՂԶԻՆ. Մի օր էլ չար ճակատագիրը նրան Լեսբոս կղզի բերեց: Էգեյական ծովում գտնվող այս փոքրիկ կղզին դեռեւս անհիշելի ժամանակներից հույներով է բնակեցված: Այստեղ կանանց թույլատրվում էր մասնակցել այլընտրանքային Օլիմպիական խաղերին եւ պետական կառավարմանը: Այն ժամանակ, երբ աթենացի կանայք պետք է երեխա ծնեին եւ մեծացնեին, իսկ իրենց ամուսինները գնում էին թատրոն, գինի խմում կամ պատերազմում, լեսբուհիները տղամարդկանց հետ հավասար սպորտով էին զբաղվում եւ տոներին առանց ամաչելու մերկ էին ման գալիս: Այդ կանայք հին Էլլադայի ամենագեղեցիկ կանայք էին համարվում, բայց եւ նրանք էլ չկարողացան գերել ծերացող Օրփեոսին, որը եկել էր հերթական Կալիստեյային (այլընտրանքային Օլիմպիական խաղեր): Լեսբոսի բոլոր տհաճություններն ու վատ համբավը սկսվեցին այն պահից, երբ այնտեղ եկավ Օրփեոսը:
ԱՐՎԱՄՈԼԻ ՄԱՀԱՊԱՏԻԺԸ. Էվրիդիկայի մահից հետո Օրփեոսը դարձել էր կնատյաց եւ Լեսբոսի տղամարդկանց սովորեցրեց միասեռականություն: Տեղացի կանանց վրդովմունքը սահման չուներ: Դաժան հաշվեհարդար տեղի ունեցավ: Ծովի քարերով ծածկված ափին նրանք երգչին սկսեցին քաշքշել, կոտրեցին նրա քաղցրաձայն քնարը, իսկ լարով նրա ամորձիները կապեցին եւ սկսվեց խմբակային մի բռնաբարություն, որը ոչ մի ընդհանուր բան չուներ այն սիրո հետ, որ երիտասարդ տարիներին գովերգում էր Օրփեոսը: Անարգելով ծերուկին, կանայք այդքանով չհանգստացան, լեսբուհիների ամբոխը կտրեց նրա գլուխը, իսկ տղամարդիկ զգալով իրենց սխալը, նույնիսկ չփորձեցին խառնվել: Այլ, առավել դաժան սցենարի համաձայն, Օրփեոսին քարերով են սպանել:                     

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել