Պետք չէ պարբերաբար հայելու մեջ նայել
«Եթե մարդուն դուր է գալիս ննջասենյակի առաստաղը պատել հայելիով կամ հյուրասենյակի կենտրոնում դնել մեծ հայելի, ուրեմն թող այդպես լինի, ինքն է այդ տանն ապրողը եւ հայելիների մեջ իրեն տեսնողը»,- ասում է նկարիչ, դիզայներ, ինտերիերի ձեւավորմամբ զբաղվող Մարինա Նիկոլյանը:
Երեկվանից սկսած, Հ. Թումանյանի անվան տուն-թանգարանում Մ. Նիկոլյանի նախշազարդ հայելիների ցուցահանդես-վաճառքն է:
Իսկ թե ինչո՞ւ հենց հայելիներ, Մ. Նիկոլյանը «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ տարիներ առաջ ունեցել է նկարների ցուցահանդես, եւ չկրկնվելու համար, ընտրել է հայելիները. «Որոշեցի հայելիների իմ շարքը ներկայացնել: Հայելիները, որպես դիզայնի առանձին էլեմենտ, շատ քիչ են հանդիպում: Հիմնականում հայելիները մտնում են կահույքի մեջ՝ որպես հավաքածու: Ցանկացա շեշտադրել այն՝ որպես առանձին, անկախ էլեմենտ: Հայելին ունի շրջանակ, որը թույլ է տալիս նաեւ աշխատել իր վրա՝ այսինքն՝ ձեւավորել այն տարբեր ձեւերով (փայտ, մետաղ): Սա նշանակում է՝ նկարչի համար աշխատելու տեղ կա: Աշխատանքները սկսելիս շեշտադրությունը դրեցի շրջանակների վրա»:
Այս ցուցահանդեսին ներկայացված է 30 աշխատանք՝ մեծ ու փոքր հայելիներ. «Հիմնականում մեծ հայելիների վրա եմ աշխատում, օրինակ՝ երկու եւ ավելի մետր բարձրությամբ»:
Հետաքրքրվեցինք՝ ճի՞շտ է հայելի ունենալ տան յուրաքանչյուր անկյունում, Մ. Նիկոլյանի խոսքով. «Ինքս շատ սիրում եմ հայելիներ, բայց՝ երբ այն օգտագործում են տան դիզայնի մեջ: Դա յուրահատուկ է եւ տվյալ տան տիրուհու մասին կարծիք է ստեղծում: Ասում են՝ տան մեջ հայելիների շատ լինելը ճնշում է մարդուն, բայց դա հարաբերական է: Օրինակ, եթե դու քեզ պարբերապար հայելու մեջ նայես, բնականաբար՝ կճնշվես: Իսկ եթե հայելին լինի տան ինտերիերի մի մասնիկ եւ, ըստ դիզայների գրագիտության, կախված լինի ճիշտ տեղում, չի ճնշի: Դիզայների գրագիտությունը կայանում է նրանում, որ հայելին կարողանա ճիշտ օգտագործել՝ նպատակ ունենալով մեծացնել տարածքը: Եթե դու նստես բազմոցին եւ անընդհատ քեզ տեսնես, պարզ է, որ կճնշվես եւ դիսկոմֆորտ կլինի տան պայմաններում: Ինքս շատ քիչ եմ նայում հայելուն, չեմ սիրում ինձ հայելու մեջ նայել: Դա ինձ ավելի է լարում: Չեմ ուզում տեսնել՝ ինչպես եմ մեծանում…»:
Նրա համոզմամբ, հայելին հնարավորություն ունի մեծացնելու տարածքը. «Մեզ մոտ տների միջանցքները շատ փոքր են ու նեղ, եթե պատերից մեկին հայելի լինի կախված, ապա այդ միջանցքը մեծ կերեւա: Այն մեծացնում է տարածքը եւ ճնշվածության, նեղության զգացումը հանում»:
Իսկ թե տան ո՞ր անկյունում է ճիշտ հայելի տեղադրել, դիզայների բնորոշմամբ՝ բարձր տեղերում. «Հայելին չպետք է լինի բազմոցի դիմաց կամ այնպիսի մի տեղ, որ անընդհատ քեզ տեսնես: Իսկ եթե մարդ հայելին դնում է տան կենտրոնում՝ որպես կահույքի գլխավոր մասնիկ, դա արդեն կապված է մարդու բնավորության հետ: Որպես դիզայներ՝ նշեմ, որ դրան շատ վատ եմ նայում: Չեմ սիրել եւ երբեք չեմ պատկերացրել՝ ինչպես կարելի է ապրել մի տան մեջ, որտեղ անընդհատ դու քեզ ես տեսնում: Չեմ կարծում, որ մարդ այդկերպ կարող է իրեն հանգիստ զգալ: Իմ տանը հայելիներ կան, բայց դրանք այնպիսի տեղերում են, որ երբ ես կարիք եմ զգում ինձ տեսնելու, այդ ժամանակ նոր կանգնում եմ հայելու առաջ: Հայելիները միշտ պետք է լինեն իրենց տեղում, չափի մեջ: Մեծ հայելին էլ կարող է շատ գեղեցկացնել հյուրասենյակը, բայց այն պետք է ճիշտ ընտրված տեղում լինի՝ բարձր, որ մոտենաս՝ նոր քեզ տեսնես: Ճաշակին ընկեր չկա արտահայտություն կա, որը տեղին է ասել. եթե մարդ ցանկանում է հայելին կախել տան կենտրոնում, թող այդպես անի, եթե իրեն այդպես է հարմար, ոչ ոք իրավունք չունի միջամտել»:
Նշենք, որ դիզայները երկար տարիներ աշխատում է դեկորատիվ կիրառական արվեստի եւ ինտերիեր-դիզայնի ոլորտում:
Գնահատելով հայկական տների ձեւավորումները, Մ. Նիկոլյանն ասաց. «Այսօր մեզ մոտ մեծամասնությունը չունի այնքան գումար, որ կարողանա ստեղծել իր ուզած միջավայրը: Մարդիկ այսօր շատ մեծ խնդիրներով են ապրում, այդ պատճառով չարժե գնահատական տալ: Եթե անգամ կահավորում են՝ ապա միայն իրենց հնարավորությունների սահմաններում: Բացի այդ, այստեղ առաջարկը քիչ է: Ես հաճախ եմ Մոսկվայում լինում, այնտեղ այնքան մատչելի է եւ տեսականին շատ, որ մարդիկ հեշտությամբ կարողանում են իրենց ցանկացածն իրականացնել: Իսկ ինչ վերաբերում է տների ձեւավորման ճաշակին՝ ես հաշվի եմ նստում բոլորի ճաշակի հետ: Իրավունք չունեմ գնահատել մարդու ճաշակը, նախապատվությունները: Եթե մարդ ցանկանում է իր սենյակը ներկել վարդագույն, ուրեմն թող ներկի, ինքն է ապրում այդ տան մեջ: Ես իմ մտքերը մարդկանց չեմ թելադրում: Եթե ինձ ինչ-որ բան դուր չի գալիս, դա չի նշանակում այն վատ է, սխալ է…»: