ՍԻՆԳԱՊՈՒՐԻ ՄԵՐ 5-ՐԴ ՄԱՍՆԱԿԻՑԸ
ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքէջը տեղեկացնում է, որ օգոստոսի 15-26-ը Սինգապուրում կայանալիք պատանիների անդրանիկ օլիմպիական խաղերի մասնակից Հայաստանի մարզիկների թիվն ավելացավ եւս մեկով: Հրաձգության միջազգային ֆեդերացիան մասնակցության տեղ է հատկացրել 18-ամյա Ռոմիկ Վարդումյանին (ատրճանակ): Նա մրցակցական որոշակի փորձ ունի՝ հանդես է եկել աշխարհի ու Եվրոպայի պատանեկան եւ երիտասարդական առաջնություններում եւ մրցաշարային աղյուսակներում միջին դիրքեր է զբաղեցրել: Այսպիսով, ներկայիս դրությամբ մեր հանրապետությունը Սինգապուրում ներկայացնելու իրավունք ունեն երկու ծանրորդ եւ մեկական ձյուդոիստ, սպորտային մարմնամարզիկ եւ հրաձիգ: Վարկանիշային մրցումները դեռ շարունակվում են:
ՆՊԱՏԱԿԸ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆՆ Է
Այս օրերին Վանաձորում ընթանում է ծանրամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը: Մասնակիցները պայքարում են այդ տարիքային խմբի հանրապետության հավաքական ընդգրկվելու համար, որը կսկսի նախապատրաստվել հունիսի 11-20-ը՝ Սոֆիայում կայանալիք աշխարհի երիտասարդական առաջնությանը: Արդեն մրցահարթակ մտած քաշային կարգերում հաղթող են դարձել:
56 կգ՝ Վարազդատ Տեպոյան (Երեւան, ՕՀՊՄՔ),
62 կգ՝ Կնյազ Վարդանյան (Սամաղար),
69 կգ՝ Զորիկ Պողոսյան (Վանաձոր, ԲԿՄԱ),
77 կգ՝ Կարեն Աթոյան (Վանաձորի ՄԴ):
ՍԿՍԵՑ ՈՉ-ՈՔԻՈՎ
Աստրախանում մեկնարկեց շախմատի տղամարդկանց «Grand Prix»-ի վերջին՝ վեցերորդ փուլը: Մեկնարկային տուրում Հայաստանի միակ ներկայացուցիչը՝ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը ոչ-ոքի արեց Բորիս Գելֆանդի (Իսրայել) հետ: Միավորը բաժանեցին նաեւ Պավել Էլյանովն ու Պյոտր Սվիդլերը, Շախրիյար Մամեդյարովն ու Դմիտրի Յակովենկոն, Վան Յուեն ու Պետեր Լեկոն, Եվգենի Ալեքսեեւն ու Թեյմուր Ռաջաբովը, Էռնեստո Ինարկիեւն ու Ռուսլան Պոնոմարյովը: Օրվա միակ հաղթանակը տարավ Վուղար Հաշիմովը: Նա պարտության մատնեց Վասիլի Իվանչուկին: Երեկ՝ երկրորդ տուրում, Վլադիմիրը սեւերով ուժերն էր չափելու Էլյանովի հետ: