Հայաստանի «Անկախության գավաթի» խաղարկության 18-ամյա պատմության ընթացքում երբեւէ եզրափակիչում չէր գրանցվել 4:0 խոշոր հաշիվ: Ու դա բնական է, միանգամայն բացատրելի. պայքարելով «ջունգլիների օրենքներով»՝ մասնակիցներից եզրափակիչ են հասնում ուժեղագույն երկու թիմերը: Այդպես է Հայաստանում, այդպես է ողջ աշխարհում: Գոլառատությունն էլ խաղի տրամաբանությամբ է պայմանավորվում՝ երկու թիմերի գրանցած հաջողություններով, եւ ոչ թե միակողմանի դարպասի գրավմամբ: Իհարկե, հազվադեպ բացառություններ լինում են, բայց դրանք միայն հաստատում են օրինաչափությունը: Խոսքը, սակայն, չի վերաբերում Հայաստանի «Անկախության գավաթի» 2010թ. գագաթնախաղին: Մեզ մոտ տրամաբանության ու ջախջախիչ հաղթանակի «հետքերը» բացարձակ այլ հարթություններ են տարվում:
Այո՜, «Փյունիկը» վստահ հաղթանակ տոնեց: Հինգերորդ անգամ նվաճեց գավաթը՝ հավասարվելով այդ ցուցանիշով «Արարատին» ու «Միկային»: Ի վերջո, թույլ չտվեց մրցակցին նախորդ բոլոր եզրափակիչների համար ռեւանշի հասնել, բայց միեւնույն ժամանակ ի ցույց դրեց հայկական ֆուտբոլի ողջ անկարողությունը: Դե ֆակտո ակնհայտ է, որ թե առաջնությունում, թե գավաթի խաղարկությունում թիմերը բաժանվում են երեք խմբի. միավորներ բաժանող ակնհայտ աուտսայդերներ, միմյանց միջեւ արծաթե ու բրոնզե մեդալները խաղարկող թիմեր եւ՝ «Փյունիկ»: Շատերը կարող են առարկել, թե ընդամենը հաշված օրեր առաջ, ավելի քան մեկ տուր «Միկան» «Փյունիկին» զրկել էր տարիների ընթացքում իր համար այդքան սովորական դարձած առաջին հորիզոնականից: Սակայն զարմանալի զուգադիպություն. հենց այդ ընթացքում բավական լուրջ փոփոխություն է տեղի ունենում «Միկա» ակումբում. ակումբի նախագահի պաշտոնում Վիգեն Խաչատրյանին փոխարինելու է գալիս այդ գործում արդեն «ստաժավոր» Կարլոս Ղազարյանը: Վերջինս «Միկայից» չէր հեռացել իր նախագահությունների արանքում: Զբաղեցնում էր «Միկայի» մարզական համալիրի տնօրենի պաշտոնը, ինչը հիմա ստիպված է համատեղությամբ կատարել: Բայց դա չէ հետաքրքիրը, այլ այն ուշագրավ փաստը, որ վերջին տարիներին «Փյունիկին» շրջանցած յուրաքանչյուր թիմ՝ լինի դա «Արարատը», թե «Միկան», անմիջապես ենթարկվում են տարօրինակ փոփոխությունների: 2007-ի աստեղային «Արարատում» անբացատրելի պայմաններում թիմը լքեց գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը ու նրա փոխարեն նշանակվեց Դուշան Միհիչ անունով սերբ մի մասնագետ, ում օրոք դաշտում մյուսների ահուսարսափը դարձած թիմը վերածվեց անատամ շնիկի, որն անգամ հաչել չէր կարողանում: Միմյանց հաջորդեցին խոշոր հաշվով պարտություններ, եւ, արդյունքում՝ «Արարատն» այլեւս խնդիր չէր «Փյունիկի» համար: Այդ առաջնության ավարտից ընդամենը կես տարի անց Սուքիասյանը վերադարձավ թիմ ու չհեռացավ, գործն էլ հասավ «ոսկե խաղին», որում անհասկանալի մրցավարությամբ հաղթանակը շնորհվեց «Փյունիկին»:
Այժմ փոփոխությունը «Միկայում» է, ու տարօրինակ զուգադիպությամբ այդ փոփոխությանը շատ կարճ ժամանակահատվածում հաջորդեց «Փյունիկի» վերադարձը առաջին հորիզոնական: Սա ֆուտբո՞լ է, թե՝ մանիպուլյացիա: Դեռ վաղ է դատել, սակայն ակնհայտ է մի բան. նմանօրինակ փոփոխություններին հաջորդում են այդ պահին գուցե աննշան թվացող, բայց՝ գլոբալ փոխատեղումներ:
Այս ամենը գավաթային եզրափակիչի հետ առնչվում է այնքանով, որ մեր ֆուտբոլում գործող տրամաբանությունն է: «Փյունիկը» եզրափակիչում արժանի հաղթանակ տոնեց՝ որեւէ մեկին կասկածի տեղիք չթողնելով իր ուժեղ լինելու հարցում: Բայց առաջնությանը վերաբերող հարցականները նոր-նոր են թափ հավաքում՝ հայկական ֆուտբոլի տրամաբանությամբ: