Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱՐԻՆԵՐ՝ ԽՈՆԱՐՀՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐԱՐՄԱՆ

Մայիս 12,2010 00:00

\"\"58 տարեկանում հանկարծամահ եղավ «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպության (ԱՀ ԲՀԿ) հիմնադիր անդամ եւ անփոփոխ գործադիր տնօրեն Գրիգոր Կիրակոսյանը:
Չնայած Գրիգոր Կիրակոսյանը եղել է պրոֆեսիոնալ մեխանիկ-մեքենաշինարար՝ զբաղեցնելով պատասխանատու մասնագիտական պաշտոններ մի շարք գործարաններում, այսուհանդերձ, մենք հատկապես արժեւորում ենք մեկ այլ կարեւոր էջ նրա կյանքում. 1988 թվականի աղետալի երկրաշարժից եւ պատերազմից տուժած հայրենակիցներին օգնելու անկեղծ մղումով՝ նա անմիջապես որոշում կայացրեց. թողեց ամեն բան եւ միավորելով մի խումբ նվիրյալների՝ խիզախությամբ, երբեք չերկնչելով ո՛չ ֆինանսական, ո՛չ հոգեբանական եւ ո՛չ էլ համակարգային բազում, երբեմն էլ անլուծելի խոչընդոտներից, իր կազմակերպչական բացառիկ կարողությունների շնորհիվ ամենօրյա հետեւողական եւ անձնուրաց աշխատանքով կարողացավ ստեղծել սոցիալական ծառայությունների մի ողջ կայսրություն՝ «Առաքելություն Հայաստան» բարեգործական հասարակական կազմակերպությունը: Որդեգրելով կարիքավոր մարդկանց աջակցելու առաքելությունը՝ Գրիգոր Կիրակոսյանը այս երկար տարիների ընթացքում ներդրեց իր բոլոր ջանքերը՝ այն կյանքի կոչելու համար: Նրա անձնազոհ նվիրումը՝ մարդու կերպին ու կոչումին արժանի գործով զբաղվելու, աղքատից աղքատին անշահախնդրորեն աջակցելու առաքելությունը, հոգեպես հարստացրեց եւ հասունացրեց հենց իրեն, իմաստնալից ու արգասաբեր եղավ իր իսկ համար:
Գրիգոր Կիրակոսյանի՝ ԱՀ ԲՀԿ-ի գործադիր տնօրեն լինելու շուրջ երկու տասնամյակի ընթացքում ստեղծվեց ո՛չ պետական եւ ո՛չ էլ հասարակական հատվածում այլընտրանքը չունեցող համայնքահեն սոցիալ-առողջապահական ծառայությունների մի կուռ համակարգ, որն ընդգրկում է հանրապետության գրեթե ողջ տարածքը՝ մատուցվող ծառայությունների կենսական անհրաժեշտությամբ հանդերձ:
 Նրա ինքնաբուխ գործունեության արդյունքում ԱՀ ԲՀԿ-ն այսօր վերաճել է ՀՀ սոցիալական աջակցության բնագավառում սոցիալական ծառայությունների մատուցման փորձառությամբ ու գիտելիքներով իր բացառիկ տեղն ունեցող հզոր հասարակական կառույցի: Սիրելի Գրիգոր, ԱՀ ԲՀԿ-ն՝ շնորհիվ քո նվիրված, անխոնջ, տքնաջան աշխատանքի եւ բազում առաքինությունների, արժանացել է հազարավոր մարդկանց օրհնանքին:
Թող որ այդ օրհնանքները՝ միացած մեր անկեղծ սիրուն, ակնածանքին եւ հարգանքին, դառնան լուսավոր լապտերներ թե՛ քո երկնագնաց ճանապարհին եւ թե՛ մեր երկրային ընթացքում: Դու եղար այն հիմքը, որը չերեւալով՝ իր վրա է կրում շենքի ողջ ծանրությունը: Դու սերմն ես, որ մեռնելով՝ հազարներն է ծնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել