Օտարերկրացիները զարմացած են հայերի նկարելու ցանկությամբ
«Պատկերապատումը ծաղրանկար չէ եւ դրա հետ ոչ մի կապ չունի, սա պատմություն է նկարների տեսքով»,- ասում է պատկերապատող Ագատա Բադալյանը:
Մայիսի 14-16-ը Երեւանում կանցկացվի Պատկերապատման երկրորդ միջազգային փառատոնը: Երեկ այս մասին «Նովոստի» ակումբում կայացած ասուլիսի ժամանակ տեղեկացրին փառատոնի կազմակերպիչները:
Փառատոնի կազմակերպիչ, պատկերապատման գծով լրագրող, Հայաստանում պատկերապատման զարգացման միության համահիմնադիր Լորան Մելիքյանի խոսքով, զարմանալի է, որ հայերի շրջանում մեծ հետաքրքրություն կառաջացնի արվեստի մի ուղղություն, որը զարգացած չէ. «Երբ առաջին անգամ եկա Հայաստան, պատկերապատման ոլորտն այստեղ զարգացում չուներ, մարդկանց այն չէր հետաքրքրում: Այդ ժամանակից անցել է չորս տարի եւ պատկերն այսօր այլ է՝ մեծ առաջընթաց եմ տեսնում ոլորտում»:
Նրա խոսքով, փառատոնը նպատակ ունի հնարավորություն տալ հայ մարդուն նկարել, հրատարակել եւ կարդալ պատկերապատումներ. «Փառատոնի շրջանակներում Հայաստանում կհանդիպեն պատկերապատման հեղինակների առաջին սերնդի ներկայացուցիչները, եվրոպացի եւ Հայաստանի հարեւան երկրների պատկերապատման նորահայտ հեղինակներ: Ինչպես նաեւ փառատոնը հնարավորություն կտա բացահայտելու պատկերապատման նոր ձեւ, որը դուրս է գալիս թղթային արգելքներից՝ թվային տեխնիկայի էկրաններին երեւալու համար»:
Պատկերապատողի բնորոշմամբ, արվեստի այս ճյուղը միայն երեխաների համար չէ. «Կարելի է կարծել, թե պատկերապատումը պատմություն է՝ նախատեսված երեխաների համար, սակայն դա այդպես չէ, այն բոլորի համար է: Պատկերապատումը մշակութային լեզու է: Ինչպես ամերիկացիները կամ ճապոնացիներն ունեն իրենց պատկերապատումները, ես կցանկանայի, որ հայերը նույնպես ունենային իրենց արտահայտման ձեւը»:
Փառատոնի կազմակերպիչ Ագատա Բադալյանի փոխանցմամբ, երեք օրերի ընթացքում փառատոնի շրջանակներում լինելու են ցուցահանդեսներ, գրքերի եւ ամսագրերի ներկայացումներ, դասընթացներ, պատկերապատման հիման վրա նկարահանված մուլտֆիլմերի ցուցադրություն:
Ըստ պատկերապատող, Անգուլեմի պատկերապատման բարձրագույն դպրոցի ժյուրիի անդամ Դոմենիկ Բեղտղայնի, պատկերապատման մեջ կարեւոր է նախ սցենարը, կադրերի բաշխումը եւ հետո նոր գունազարդումը. «Հայաստանում շփումներիս արդյունքում բացահայտեցի նոր, օրիգինալ մտքեր, երիտասարդների, որոնք կարող են փայլել այս ոլորտում: Նրանք կարողանում են ճիշտ եւ ըստ հերթականության, այսինքն՝ գրագետ կառուցել պատկերապատումը: Ինձ հայերի մեջ ամենաշատը զարմացնում է այն, որ բոլոր հայերի, մասնավորապես՝ երիտասարդության մեջ նկարելու մեծ ցանկություն կա»:
Համաշխարհային պատկերապատման դեսպան Բարբարա Կանեպանը, որը փառատոնի պաստառի հերոսուհու՝ Նոայի հեղինակն է, ասաց, որ մասնագիտությամբ ճարտարապետ է: Երկար ժամանակ ստեղծել է պերսոնաժներ՝ իտալական Դիսնեյի համար: Բ. Կանեպանը զարմացած է, որ Հայաստանում էլ է հանդիպել իր աշխատանքներից. «Ասել էին, որ այս երկիրը պատկերապատում չունի, մինչդեռ ինձ ուրախացրեց այն փաստը, որ անգամ իմ աշխատանքները հետաքրքրել են հայ հանդիսատեսին»: