Մայիսի 10-ին Ֆիլիպիններում տեղի ունեցած նախագահական ընտրություններում հաղթել է ընտրություններում հիմնական թեկնածու համարվող Բենինյո Ակինո-կրտսերը (նկարում): AFP-ի մատուցմամբ, այդ մասին հայտնի է դարձել մայիսի 11-ին՝ ընտրությունների արդյունքների հաշվարկից հետո: Ակինո-կրտսերը ստացել է ֆիլիպինցի ընտրողների ավելի քան 40 տոկոսի վստահության քվեն, իսկ երկրորդ հորիզոնականում հայտնված նրա մրցակից, նախկին նախագահ Ջոզեֆ Էստրադան ստացել է անհամեմատ քիչ՝ ընդամենը 25,5 տոկոս ձայն: Ընտրությունների արդյունքում երրորդ տեղում հայտնված թեկնածու Մեննի Վիլյարը արդեն ընդունել է Ակինո-կրտսերի հաղթանակի փաստն ու շնորհավորել է վերջինիս՝ հայտարարելով, թե «ֆիլիպինցիները կատարել են իրենց ընտրությունը»:
Հիշեցնենք, որ Ակինո-կրտսերը Ֆիլիպիններում հայտնի քաղաքական գործիչ, նախկին բռնապետ Ֆերդինանտ Մարկոսի իշխանության օրոք՝ հանուն ժողովրդավարության շարժման առաջնորդ եւ 1983-ին աքսորից վերադառնալուց հետո սպանված Բենինյո Ակինոյի որդին է: Ինչպես lenta.ru-ն է փոխանցում, նա ընտրողների համակրանքը վայելել է ոչ միայն իր հայտնի ազգանվան շնորհիվ, այլեւ այն պատճառով, որ, վերլուծաբանների համոզմամբ, գրագետ ընտրարշավ է վարել, որի ընթացքում ֆիլիպինցիներին խոստացել է պայքարել երկրում աղքատության դեմ եւ արմատախիլ անել կոռուպցիան: