Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅ-ՂՐՂԶԱԿԱՆ ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մայիս 12,2010 00:00

Ապրիլյան հեղաշրջումից հետո Ղրղըզստանի իրավապահները ձերբակալել են այն ութ դիպուկահարներին, որոնք ապրիլի 7-ի զանգվածային անկարգությունների ընթացքում փորձել էին պաշտպանել գրոհի ենթարկվող կառավարության շենքը: Այդ մասին, lenta.ru-ի մատուցմամբ, տեղեկացրել է ղրղզական «24kg» գործակալությունը՝ վկայակոչելով հանրապետության փոխվարչապետ Ազիմբեկ Բեկնազարովին:
Դեռ հայտնի չէ, ձերբակալվածներին մեղադրանք առաջադրվե՞լ է, թե՞ ոչ, բայց Բեկնազարովը հայտարարել է, թե նրանք արդեն ցուցմունքներ են տալիս, եւ ուժային կառույցներին արդեն հայտնի է, թե ովքեր են հրամայել հրազենից կրակել մարդկանց վրա:
Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին Բիշքեքում ապստամբները գրոհով վերցրել էին կառավարության շենքը, չնայած այն բանին, որ նրանց դեմ կիրառվել էին ե՛ւ հրազեն, արցունքաբեր գազ, եւ ռետինե փամփուշտներ, իսկ շենքի կտուրից խռովարարների ուղղությամբ կրակել էին նաեւ դիպուկահարներ: Ապրիլյան խռովության արդյունքում երկու կողմերից էլ ավելի քան 80 մարդ էր զոհվել: Ղրղըզստանի ժամանակավոր կառավարությունը պնդում է, թե դիպուկահարները կրակել են անզեն մարդկանց ուղղությամբ:
Հիշեցնենք, որ համանման զարգացումներ եղել էին նաեւ Հայաստանի մայրաքաղաքում, եւ ընդդիմությունն այսօր էլ պնդում է, որ անզեն մարդկանց վրա կրակել են նաեւ դիպուկահարներ, որոնց առկայությունը իրավապահները թեեւ հաստատել, այդուհանդերձ, այսօր էլ նրանց ինքնությունը հայտնի չէ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել