Միացյալ Նահանգները Աֆղանստանում, Բահրամի ռազմաօդային հենակետի տարածքում հատուկ բանտ են ստեղծել: BBC-ի մատուցմամբ, ի պատասխան BBC-ից ստացած հարցմանը, այդ փաստը հաստատել են նաեւ Միջազգային կարմիր խաչի ներկայացուցիչները՝ հավելելով, որ ամերիկյան իշխանությունները 2009թ. օգոստոսից ի վեր իրենց փոխանցում են այն կալանավորների անունները, որոնք պահվում են Բահրամի առանձին բանտում: Այդ բանտի 9 նախկին կալանավորներ BBC-ին փոխանցել են, որ իրենք պահվել են բանտի հիմնական շենքից առանձնացված մի հատվածում եւ կտտանքների են ենթարկվել:
Ամերիկացի զինվորականների ասելով, գլխավոր բանտը, որը իրենք հիմա «Պարվանի ժամանակավոր պահման վայր», իսկ կալանավորները՝ «սեւ բանտ» են անվանում, Բահրամի հենակետի տարածքում գտնվող միակ բանտն է: Ամերիկյան ռազմական համակազմի հրամանատարությունը միաժամանակ հայտարարել է, թե կուսումնասիրի այդ բանտում պահվող կալանավորներին ծաղրուծանակի ենթարկելու մասին մեղադրանքները: Իսկ բանտի նախկին կալանավորները հայտարարել են, թե իրենք պահվել են լիակատար մեկուսացման մեջ, ցուրտ խցերում, որտեղ լույսը մշտապես միացված է եղել, ու ամերիկացի զինվորականներն իրենց թույլ չեն տվել քնել: Մեկնաբանելով այդ պնդումները, Աֆղանստանում ամերիկյան բանտերի կառավարիչ, փոխծովակալ Ռոբերտ Հարվարդը հերքել է նման բանտի գոյությունն ու կալանավորներին կտտանքների ենթարկելու կամ նրանց ծաղրուծանակի առարկա դարձնելու մեղադրանքները:
Իհարկե, Աֆղանստանի նախագահ Համիդ Քարզայը Վաշինգտոն կատարած իր քառօրյա այցի ընթացքում ամերիկացի իր գործընկերոջ՝ Բարաք Օբամայի հետ Աֆղանստանի տարածքում ամերիկյան բանտերում տեղի ունեցող երեւույթների մասին չէ, որ բարձրաձայնելու է: Ինչպես փոխանցում է BBC-ն, Քարզայը հույս ունի հարթել Վաշինգտոնի եւ Քաբուլի միջեւ առկա տարաձայնությունները: Աֆղանստանի նախագահը Օբամայի հետ մտադիր է քննարկել Աֆղանստանում ամերիկյան զորքերի գործողությունների հետեւանքով խաղաղ բնակչության շրջանում զոհերի հաճախակի դարձած դեպքերը, իսկ ԱՄՆ-ի ներկայացուցիչները նախընտրելու են խոսել աֆղանական կառավարության կոռումպացվածության մասին: