Լրահոս
Օրվա լրահոսը

Գորդոն Բրաունը հրաժարական կտա

Մայիս 12,2010 00:00

\"\"Մեծ Բրիտանիայի դեռեւս գործող վարչապետ, Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Գորդոն Բրաունը հայտարարել է, թե մինչեւ այս տարվա սեպտեմբեր ամիսը՝ կուսակցության համաժողովի անցկացումը, լեյբորիստները նոր առաջնորդ պետք է ընտրեն: Նա հայտարարել է, որ կուսակցության առաջնորդի պաշտոնում ինքն այլեւս չի առաջադրվի եւ որեւէ մեկի թեկնածությունը չի պաշտպանի: Բրաունը, որը 2007թ.-ից գլխավորում էր երկրի կառավարությունը, նաեւ հայտարարել է խորհրդարանական ընտրություններում երրորդ տեղը զբաղեցրած լիբերալ-դեմոկրատների առաջնորդ Նիկ Կլեգգի հետ կոալիցիա ձեւավորելու նպատակով պաշտոնական բանակցությունների մեկնարկի մասին:
Թեեւ մայիսի 6-ին տեղի ունեցած ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո՝ պահպանողականներն ամենաշատ քվեներն են ստացել, այդուհանդերձ, կառավարություն ձեւավորելու համար խորհրդարանում բացարձակ մեծամասնություն չունեն: Ընտրություններից անմիջապես հետո լիբերալ-դեմոկրատների առաջնորդ Նիկ Կլեգգը սկսել էր բանակցություններ վարել ե՛ւ պահպանողականների, ե՛ւ լեյբորիստների հետ: Պահպանողականների առաջնորդ Քեմերոնը հայտարարել է, թե պատրաստ է պաշտպանել լիբերալների՝ ընտրական համակարգը բարեփոխելու նախաձեռնությունը, որն այդ կուսակցության համար առաջնային խնդիրներից մեկն է համարվում: BBC-ին հաջողվել է պարզել, որ պահպանողականներն ու լիբերալները կարող են համաձայնության գալ եւ շահավետ գործարք կնքել հետեւյալի շուրջ՝ պահպանողականները ձեւավորում են փոքրամասնության կառավարություն, իսկ լիբերալները չեն արգելափակում նրա աշխատանքը: Կլեգգը հայտարարել է, թե իր թիմն ու պահպանողականների առաջնորդ Դեւիդ Քեմերոնը «շատ կառուցողական բանակցություններ են վարել» եւ «զգալի առաջընթաց են գրանցել», բայցեւ հավելել է, որ կողմերը խորհրդարանում լիարժեք կոալիցիա ձեւավորելու հարցում առայժմ «համընդհանուր համաձայնության» չեն հասել: Այդուհանդերձ, եթե խորհրդարան անցած երեք կուսակցություններից երկուսին հաջողվի համագործակցության շուրջ պայմանավորվածություն ձեռք բերել, ապա Մեծ Բրիտանիան 1970թ.-ից ի վեր առաջին անգամ կղեկավարի կոալիցիոն կառավարությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել