Մեծ հայրենականի վետերան Ռիանոս Մկրտչյանը այսօրվա պես հիշում է, թե պատերազմի տարիներին ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանողները ինչպես էին ոգեշնչվել եւ միմյանց հերթ չտալով միաձայն կամավոր գրվել: «Առավոտի» հետ զրույցում նա մտաբերեց. «Պատերազմի սկզբից դեռ մի ամիս չանցած, մեր կուրսի բոլոր աղջիկները գնացին պատերազմի դաշտ՝ որպես բուժքույր, կուրսում մնացինք երեք տղաներով ու սպիտակ ագռավների էինք նման, այնքան անհարմար էինք մեզ զգում, որ դիմեցինք խնդրանքով՝ մեզ էլ ուղարկեն»: Նրա խոսքով, այդ տարիներին պատերազմի դաշտ գնալ ցանկացող համալսարանականների բանակը մեծաթիվ էր. «Վայենկոմատում մեզ մի գլուխ ասում էին՝ սպասեք, սպասեք: Դեկտեմբերին ինձ էլ ուղարկեցին: Սկզբում շտաբում էի աշխատում, 6 ամիս հետո ինձ կրտսեր լեյտենանտի կոչում տվեցին, դրանից հետո ուղարկեցին ռազմաճակատ»:
Երեկ մայր բուհում մեծ տոնախմբությամբ ավարտվեց Մեծ հայրենականի 65-ամյակին նվիրված միջոցառումների շարքը: Դեռեւս ապրիլի 15-ից մեկնարկած միջոցառումների փակմանը ուսանողները հրավիրել էին նաեւ համալսարանական վետերանների: Միջոցառմանը ներկա էր նաեւ Հայաստանում ՌԴ դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն: Նա մեկ առ մեկ մտաբերեց պատերազմի մասնակից հայ անվանի հերոսներին, ապա ընդգծեց, որ միայն Հայաստանը Մեծ հայրենականին տվել է 5 մարշալ. «Այսօր ուրախալի է, որ նոր սերունդը, որը միայն լսել է պատերազմի մասին, այսպիսի ոգով նշում է Հայրենականի 65-ամյակը, ես հավատում եմ՝ մենք դեռ դարերով ենք տոնելու ու գնահատելու մեր տատերի ու պապերի հաղթանակը: Փառք մեր պապերին»: