Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հաղթանակի տոնը՝ թիվ 16 դպրոցում

Մայիս 12,2010 00:00

Երկրորդ աշխարհամարտում տարած հաղթանակը եւ Շուշի քաղաքի ազատագրումը տեղի են ունեցել տարբեր թվականներին, սակայն նույն օրը՝ մայիսի 9-ին: 65 տարի առաջ եւ մեր ժամանակներում տեղի ունեցած այս երկու իրադարձությունները բովանդակային համադրումով եւ հետաքրքիր ու հուզիչ լուծումներով նշվեցին Երեւանի Ավ. Իսահակյանի անվան թիվ 16 միջն. դպրոցում: Դահլիճում գտնվող հյուրերը, ծնողները, ուսուցիչները, ինչպես նաեւ N զորամասի  զինվորները՝  հրամանատար, մայոր Արման Ավետիսյանի գլխավորությամբ, միջոցառման սկզբից մինչեւ վերջ անմար հետաքրքրությամբ ու անսքող հուզմունքով էին հետեւում բեմում տեղի ունեցող իրադարձություններին: Նախապատերազմյան խաղաղ օրեր… Բնական կյանք, որ խաթարվեց 1941թ. հունիսի 22-ին ֆաշիստական Գերմանիայի՝ Խորհրդային Միության տարածք ներխուժմամբ, որի կազմում մեծ կորուստներ ու տառապանքներ կրած հայ ժողովուրդը, որի զավակներն իրենց հոգու ու սրտի կանչով մեկնեցին իրենց հնագույն ժողովրդի անվտանգությունը պաշտպանելու: Հրաժեշտի հոգեխռով պահեր… Մարտադաշտ. կռվի դադարի պահին, մարմրող խարույկի կողքին կռվից հետո հանգստացող մարտիկներ, որոնց թվում կան նաեւ վիրավորներ: Մեկ էլ հնչում է հանրահռչակ հաղորդավար Լեւիտանի խոսքը՝ զգաստացնող եւ սարսռազդու, սակայն այս անգամ՝ անհուն բերկրանք պատճառող եւ հաղթանակի լուրն ավետող: Ու Բեռլինում, Ռայխստագի մոտ թափ է առնում հայկական քոչարին՝ որպես հաղթանակի յուրօրինակ խորհրդանիշ: Ու հերոսացավ մեր ժողովուրդը, տվեց մարդկությանը նացիզմի դարչնագույն ժանտախտից փրկող զորավարներ՝ Բաղրամյան, Բաբաջանյան, Իսակով, Խամփերյանց: Ապա բեմում երգի, պարի, ասմունքի միջոցով հյուսվող պատումը անդրադարձավ Արցախյան ազատամարտին ու հերոսական օրերին:
Հուզիչ միջոցառումը կազմակերպել էր դպրոցի զինղեկ՝ մայոր Գեւորգ Գեւորգյանը: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել