Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռուսական լիցեյ չի լինի

Մայիս 12,2010 00:00

Հայաստանի ԿԳ նախարարության օրենսդրական նախաձեռնությունը՝ երկրում վերաբացել օտարալեզու դպրոցները, արդեն մեծ արձագանք է ստացել: lragir.am-ի մատուցմամբ, մայիսի 5-ին հրավիրած ժողովում Պուշկինի անվան դպրոցի տնօրեն Մարիետա Մատղաշյանը աչքալուսանք էր տվել, թե ընթացիկ տարվա սեպտեմբերի 1-ից իր ղեկավարած կրթօջախն աշակերտության առջեւ դռները բացելու է որպես ռուսական լիցեյ: ԿԳ նախարարության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Բաղդասարյանից հետաքրքրվեցինք՝ իսկապե՞ս հնարավոր է որեւէ դպրոց ռուսական լիցեյ դառնա, երբ նախաձեռնությունը դեռ քննարկման փուլում է: Ա. Բաղդասարյանը հայտնեց հետեւյալը. «Նման բան լինել չի կարող, կա ընդամենը  նախագիծ, որը կառավարության հավանությանն է արժանացել… Հարցրեք այդ տնօրենից, թող ինքն էլ մեկնաբանի իր հայտարարության հիմքերը: Այդ նախաձեռնությունը օրենսդրական փոփոխության նախաձեռնություն է, իսկ փոփոխությունը դեռ կատարված չէ: Ի դեպ, նախարարն էլ հեռուստատեսությամբ ասաց, որ այն դեռ լայն քննարկման պիտի դրվի»:
Մարիետա Մատղաշյանից էլ համապատասխան պարզաբանում խնդրեցինք: Նա փոխանցեց, որ լուրն իրականությանը չի համապատասխանում, ավելին, մայիսի 5-ին ժողով չեն արել. «Ոչ մի ժողով չի կայացել վերջին մեկ ամսվա ընթացքում, ոչ մի ժողովի չեմ մասնակցել, հետեւաբար նման հայտարարությամբ հանդես չեմ եկել»: Մեր այն դիտարկմանը, որ Պուշկինի անվան դպրոցում, որը նախկինում ռուսական է եղել, միշտ էլ անլեգալ ռուսական դասարաններ են գործել, Մ. Մատղաշյանն այսպես արձագանքեց. «Անլեգալ երբեք ոչինչ չի արվել մեր դպրոցում: Ռուսական դասարաններում էլ սովորում են այն երեխաները, որոնց ծնողներն ունեն ՌԴ քաղաքացիություն»:
Քաղաքապետարանի կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանն էլ «Առավոտին» հայտնեց, որ ռուսական լիցեյի մասին խոսք լինել չի կարող, վկայակոչեց ԿԳ նախարար Աշոտյանի վերջին հեռուստահարցազրույցը, որտեղ նա նման պարզաբանում էր տվել նաեւ մի հեռուստադիտողի հարցի առնչությամբ: Վարչության պետը նաեւ պաշտպանեց Մ. Մատղաշյանին, ասելով, որ նա բազմափորձ տնօրեն է, ու չպատճառաբանված հայտարարություններ անել չէր կարող:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել