Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՒՐԱՆԻ ՄԱՍԻՆ ԴԵՌ ԿՔՆՆԱՐԿԵՆ

Մայիս 12,2010 00:00

«Առավոտը» երեկ ստացել է «Էկոլուր» կազմակերպության հայտարարությունը, որում, մասնավորապես, գրված է. «Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը վստահեցնում է, որ հունիսի առաջին կեսերին Հայաստանում ուրանի ծրագիրը իրականացնող «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ն պատրաստ է շահագրգիռ կազմակերպությունների հետ միասին նորից քննարկում անցկացնել Կապանում: Այդ մասին խոսվում է էներգետիկայի եւ բնական պաշարների 07/ 24.1/ 833-10 համարով պատասխան նամակում, որը հասցեագրված է Կապանի «Հանուն էկոլոգիական անվտանգության ապահովման եւ դեմոկրատիայի զարգացման» հասարակական կազմակերպությանը: Հասարակությունը իր անհանգստությունը հայտնեց Սյունիքում ուրանի ծրագրի իրականացման վերաբերյալ եւ դիմեց  էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը՝ հանրաքվե անցկացնելու առաջարկով: Նախարարության պատասխան նամակում նաեւ նշվում է, որ 2010 թվականին «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ն  ենթադրում է շարունակել երկրաբանական հետազոտությունները, որոնց ընթացքում կնմուշարկվեն ապարները, հետախուզաառուներ եւ հետախուզահորեր կանցկացվեն: Նախարարությունը իր նամակում նաեւ հղում է անում «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ին տրամադրած թիվ 88 լիցենզիային, որտեղ նշվում է, որ լիցենզիան տրվում է ուրանի պաշարների հետազոտության համար՝ օգտակար հանածոների մշակման նպատակով: Լիցենզիայի ժամկետը  2009թ. օգոստոսի 5-ից մինչեւ  2014թ. օգոստոսի 23-ն է: Այս ծրագրի օրինականությունը, ինչպես ասվում է նամակում, պայմանավորված է ՀՀ բնապահպանության նախարարության պետական բնապահպանական փորձաքննության թիվ ԲՖ-78 դրական եզրակացության առկայությամբ: 2009թ. ընթացքում «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ն արդեն անցկացրել է վերցված նմուշների ռադոմետրիկ եւ լիտոերկրաքիմիական հետազոտություն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել