Ինչպես հայտնի է, ՀՀ ԿԳ ներկայիս նախարարը «ՀՀ լեզվի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին նախագիծ է ներկայացրել, որով առաջարկվում է օրենքով թույլ տալ Հայաստանում հայազգի քաղաքացիների համար բացել օտարալեզու հանրակրթական դպրոցներ:
Նախագծի սխալաշատ ու կիսագրագետ «Տեղեկանք-հիմնավորման» մեջ կան այսպիսի արտահայտություններ. «Օրենսդրական այս նախաձեռնությամբ առաջարկվում է հնարավորություն տալ, որպեսզի Հայաստանի Հանրապետության կառավարության համաձայնությամբ եւ նրա կողմից սահմանված կարգով հիմնվեն Հայաստանի Հանրապետության տարածքում օտար լեզուների խորացված կամ այլ առարկաների օտար լեզուներով ուսուցման կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ, ինչը հնարավորություն կտա նոր որակական մակարդակի բարձրացնել կրթական ծրագրերի իրականացումը»։ «Ներկայումս «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը սահմանափակում է միջազգային հեղինակություն ունեցող միայն հանրակրթական այլընտրանքային հաստատությունների մուտքը Հայաստանի Հանրապետություն, այն դեպքում, երբ որակյալ կրթություն ստանալու պահանջարկը մեծ է, իսկ արտերկրում դա ապահովելու հնարավորություն ունեցողներինը՝ քիչ»։
Նախարարի այս մոտեցումը նշանակում է՝ ի սկզբանե առաջին կարգի հռչակել օտարալեզու դպրոցները եւ երկրորդ կարգի՝ հայկականները: Սա կա՛մ կանխամտածված խտրական քաղաքականություն է, որի նպատակն է հասարակ ժողովրդին տալ ձեւական կրթություն եւ զրկել սոցիալական առաջխաղացման հնարավորությունից՝ դրա մենաշնորհը վերապահելով միայն ներկայիս վերնախավին, կա՛մ էլ կրթության ոլորտի ղեկավարների անզորության խոստովանություն է:
Ամեն դեպքում նրանք թքում են հայկական (ազգային) դպրոցի վրա՝ թողնելով այն հասարակ ժողովրդին, եւ ստեղծում են օտարալեզու վերնախավային (էլիտար) դպրոց՝ գերնպատակ հռչակելով օտար լեզուներ ուսուցանելը: Աշխարհում դեռ տեսնված չէ այդպիսի բան, որ հանրակրթության գերնպատակը լինի օտար լեզուների ուսուցումը: Սա հայկական գավառամտության վերջին ճիչն է, եթե դավադրություն չէ հայ ազգի դեմ, ինչպես մեծ եղեռնը:
Մեր ռուսակիրթ բժիշկ նախարարը մոռանում է, որ օտար լեզուներն իրենց համեստ տեղն ունեն հանրակրթական մոտ երկու տասնյակ առարկաների շարքում: Եթե հանրակրթական առարկաները քաղաքակիրթ դասակարգման են ենթարկվում, ապա միշտ առաջին տեղերում լինում են մայրենի լեզուն ու մաթեմատիկան, բայց ոչ երբեք օտար լեզուները: Դպրոցում բոլոր առարկաների դասավանդումն էլ պիտի իրականացվի պետական կրթական չափորոշիչների ու ծրագրերի համաձայն: Իսկ օտար լեզուների (ռուսերենի եւ անգլերենի կամ մեկ այլ լեզվի) չափորոշիչներն ու ծրագրերը վերջնական արդյունքում նախատեսում ու շրջանավարտից պահանջում են այդ լեզուների ազատ իմացություն (ներառյալ կարդալը, գրելը եւ խոսելը):
Ստացվում է, որ մեր կրթական համակարգի ղեկավարները, չկարողանալով ապահովել այդ պահանջների կատարումը, խաչ են քաշում ընդհանրապես հայալեզու դպրոցի վրա եւ ստեղծում են նոր տեսակի դպրոց, որտեղ օտար լեզուներ պիտի ուսուցանվեն մայրենի լեզվի հաշվին, իսկ մյուս առարկաներն ընդամենը միջոց, օժանդակ նյութ պիտի լինեն օտար լեզուներ ուսուցանելու համար: Մի քանի այդպիսի «էլիտար» դպրոցների ստեղծումը շղթայական ռեակցիայով կհանգեցնեն նրան, որ 10-15 տարի անց կվերանան հայկական դպրոցները, 30-40 տարի անց՝ հայերեն խոսողները:
Բայց ո՞վ է տեսել, որ ղեկավարության անզորության, անկարողության համար երկրի պետական լեզուն, ազգի մայրենին զոհաբերվի, դառնա քավության նոխազ: Քաղաքակիրթ երկրում անզոր ղեկավարին առնվազն պաշտոնանկ են անում եւ պատժում՝ իրեն վստահված գործը տապալելու համար: Մինչդեռ մեր ղեկավարները ոչ միայն օտար լեզուների ուսուցումն են տապալել: Նրանք տապալել են նաեւ մյուս բոլոր հանրակրթական առարկաների ուսուցման գործը: Ավելին, այսօր մեր երկրում գնալով շատանում են հանրակրթական դպրոցի վկայական ունեցող ոչ տառաճանաչ անգրագետները: Եվ դրա համար առայժմ ոչ ոք պատասխան չի տվել ու չի պատժվել:
Քանի որ հանրակրթական դպրոցը իր աշակերտներին բավարար գիտելիքներ չի տալիս, ծնողները հարկադրված վճարում են կրկնուսույցներին (որոնք մեծ մասամբ հենց դպրոցի դասատուներն են)՝ դպրոցի թերացումը լրացնելու համար: Իսկ կրթության կազմակերպիչները, փոխանակ դպրոցից հաշիվ պահանջելու եւ կրթական համակարգը առողջացնելու, դպրոցում տրվելիք կամ կրկնուսուցմամբ վաճառվող գիտելիքի փոխարեն առաջարկում են պատրաստի թվանշաններ, մայրենի լեզվով կրթության ու դաստիարակության փոխարեն էլ առաջարկում են օտար լեզուների այնքան հիմնավոր ուսուցում, որ մարդիկ հնարավոր համարեն ու գերադասեն այլ երկրներում ապրել:
Երեսպաշտությունը հասել է այնտեղ, որ մի կողմից քննարկումներ են կազմակերպվում՝ իբր գտնելու համար երիտասարդ ուղեղների արտահոսքը կանխելու, ազգի ծնելիությունը մեծացնելու ուղիներ, մյուս կողմից՝ փորձ է արվում իրականացնելու արտագաղթին նպաստող այս ծրագիրը (օտարալեզու դպրոցների հիմնում):
Համաշխարհային տեղեկատվական դաշտին լիարժեք մասնակից լինելու համար շուտով այլեւս պարտադիր չի լինելու մի քանի լեզու իմանալը: Բավական կլինի ունենալ համակարգչային ու համացանցային թարգմանիչ ծրագրեր եւ օգտվել ցանկացած լեզվով տեղեկույթից: Մինչդեռ հայերեն էլեկտրոնային թարգմանիչ համակարգերը դեռեւս քարի դարում են: Հայաստանցիների ու հայերի մասին մտահոգվող նախարարը ավելի ճիշտ կաներ, որ միջոցներ ձեռնարկեր հայերենը համընդհանուր թարգմանիչ ծրագրերի (օրինակ՝ «Գուգլի» թարգմանչի) մեջ ներառելու ուղղությամբ:
Հայերին միավորող եւ հայ պահող միակ իրական գործոնը հայերենն է: Մինչդեռ հայերի կեսից ավելին աշխարհում այսօր արդեն հայախոս չէ, մնացածի էլ միայն կեսը գիտի խոսակցական հայերեն: Մյուս կողմից՝ հայերի այդ 3/4-ը որպես մայրենի լեզու գիտի կա՛մ ռուսերեն, կա՛մ անգլերեն, կա՛մ ֆրանսերեն, կա՛մ իսպաներեն, կա՛մ արաբերեն, կա՛մ թուրքերեն եւ այլն:
Սա նշանակում է, որ օտար լեզուների տիրապետող հայերի պակաս մենք չունենք: Ընդհակառակը, ունենք հայերենին տիրապետող հայերի պակաս: Ուրեմն մեր խնդիրը ոչ թե հայախոս հայերին օտարախոս դարձնելը պետք է լինի, այլ օտարախոս հայերին հայախոս դարձնելը: Արդյունքում մենք կունենանք տարբեր տեսակի երկլեզվակիր հայեր, որոնք կկատարեն այն դերը, ինչ թերեւս ուզում են «Լեզվի մասին» օրենքը փոփոխել ցանկացողները: Այսինքն՝ կապահովվի հայության եւ աշխարհի մշակութային երկխոսությունը: Իրական կդառնա Սփյուռքի հետ լիարժեք համագործակցությունը: Ուրեմն պետք է Հայաստանում բացել հայալեզու գիշերօթիկ դպրոցներ օտարախոս սփյուռքահայ երեխաների համար եւ նրանց սովորեցնել ընտիր հայերեն:
Երբ դպրոցները հայալեզու են, դրանից անգլերենի վարկը չի ընկնում, անգլերենը չի մեռնում, եւ մարդիկ փող չեն խնայում անգլերենի իմացության պակասը լրացնելու համար: Բայց եթե դպրոցները անգլալեզու լինեն, հայերենի վարկը կընկնի, պահանջարկը կնվազի, մարդիկ հայերեն սովորելու այլեւս չեն ձգտի, հայերենի իմացության պակասը լրացնելու համար ոչ մի լումա էլ չեն ծախսի, եւ հայերենը կմեռնի:
Ահա այս տարբերությունը պետք է հասկանան հայկական ազգային պետության ղեկավարները եւ իրենց հայ համարող միլիարդատերերը, քաղաքական գործիչները: Այսօր աշխարհում վտանգված են փոքր տարածում ունեցող լեզուները, այդ թվում՝ հայերենը: Իսկ անգլերենը, ընդհակառակը, ծավալվող ու գրոհող լեզու է, նրանից պետք է պաշտպանել վտանգված լեզուները: Բայց մեր ղեկավարները, փոխանակ ուժեղացնելու հայերենի պաշտպանությունը, անում են հակառակը. վերացնում են եղած պաշտպանական մեխանիզմները եւ հայերենը նետում անգլերենի ոտքի տակ:
Սա բառիս ուղղակի իմաստով՝ ազգային դավաճանություն է: Դարձյալ հիշենք՝ չլինի հայոց լեզուն, չի լինի հայ ազգը: Սա հին եւ բազմիցս փորձարկված ճշմարտություն է, որ չարժե նորից փորձել, այն էլ հայոց ազգի միջուկի՝ հայաստանաբնակ հայ ժողովրդի վրա:
Կարելի է կարծել, որ մեր ղեկավարները որոշել են Արեւելյան Հայաստանի համար նույնպես իրականություն դարձնել ցարական ու թուրքական կայսրությունների վաղեմի երազանքը՝ «Հայաստանն առանց հայերի»:
Ա՛յ քեզ ինքնաեղեռն…