Լրահոս
Օրվա լրահոսը

Հերթը հասավ Նոբելին

Մայիս 12,2010 00:00

Տավուշի մարզպետի խորհրդական, իջեւանցի բանաստեղծ Լյուբիկ Չիբուխչյանը 16 գրքի հեղինակ է: Նա գիրք-ներբողներ է գրել Վլադիմիր Պուտինի, Սերժ Սարգսյանի, Պետրոս Մեծի, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպան, Հայոց ցեղասպանությունը հրապարակավ ընդունած Ջոն Էվանսի մասին: Հիմա  ավարտել է 241 էջանոց «Ալֆրեդ Նոբել» պոեմը, որն անգլերեն է թարգմանել Իջեւանի ավագ դպրոցի անգլերենի ուսուցչուհի Գեղեցիկ Գուլակյանը: Չիբուխչյանը բավական օրիգինալ ոճ եւ մտածողություն ունի: Ահավասիկ հատված՝ դեռեւս չտպված գրքից.
Գահ մականունով հետույքը հագավ, էլ չկշտացավ
Եվ թագի տեսքով փոխանցեց գլխին, էլ չկշտացավ,
Գլուխը կերավ, էլ տեղ չունեցած՝ թանգարանում է,
Թագմիտ նայողի եւ փոքրիկ գլուխ աչքը հանում է:
Նարնջին սպասելիս
Մեծ ազդագրերը ու լայնածավալ գովազդը ամիսներ առաջ հայտարարում էին, թե 2009 թվականի նոյեմբերի 4-ից «Orange» բջջային կապի օպերատորը գործելու է Հայաստանում: Անցել է վեց ամիս, սակայն Տավուշի մարզի Նոյեմբերյանի եւ Բերդի տարածաշրջաններում կապի այս օպերատորը դեռ գրասենյակ չի  բացել, եւ սահմանամերձ տարածաշրջանների բաժանորդները ստիպված են գործարքների համար մի քանի տասնյակ կիլոմետր կտրելով՝ հասնել մարզկենտրոն Իջեւան:
«Orange»-ը բազմաթիվ մրցույթներ է կազմակերպում, բարեգործական ծրագրեր իրականացնում, ինտերնետ կապի իր 25 000-րդ բաժանորդին ուղարկում Ֆրանսիա՝ Կաննի միջազգային կինոփառատոնի մրցանակաբաշխության արարողությանը մասնակցելու եւ այլն: Հետաքրքիր է, երբ բջջային կապի այս օպերատորը աշխատելու արտոնագիր է ստացել, հայտում գրե՞լ է, որ իր գործունեության սկզբից կես տարի անց սահմանամերձ շրջաններում գրասենյակ չի բացելու: Մեր տվյալներով՝ հիմա Նոյեմբերյան քաղաքի կենտրոնում, նախկին շրջկոոպի շենքում տարածք է նորոգվում, որը, հնարավոր է, դառնա «Orange»-ի գրասենյակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել