Ըստ «Հեյֆեր Հայաստան» կազմակերպության, ներդրողները սիրում են աշխատել միակամ ու համախմբված համայնքի հետ
2009 թվականի սեպտեմբերի 19-ին՝ «Օգնենք, որ օգնեք» հրապարակմամբ տեղեկացրել ենք արդեն 10 տարի Հայաստանում աշխատող «Հեյֆեր Հայաստան» կազմակերպության յուրօրինակ ծրագրի մասին: Կազմակերպությունը գյուղացուն հղի կով է նվիրում, պայմանով, որ նա կաթից բաժին կհանի նաեւ հարեւանին, իսկ երեք տարի անց մեկ այլ հղի կով կնվիրի նույն համայնքի այլ բնակչի:
Այս ծրագրին զուգահեռ, «Հեյֆեր Հայաստանը» մեր համայնքները անձնագրավորելու գործընթաց է սկսել: Գյուղական չորս համայնքներում՝ Արփի, Արենի, Գետափ (երեքն էլ՝ Վայոց ձոր) եւ Վարսեր (Գեղարքունիք), որոշակի քայլեր արդեն արվել են: «Հեյֆեր Հայաստան» գրասենյակի տնօրեն Անահիտ Ղազանչյանը այսօր դեռ չի շտապում կոնկրետ եւ հստակ ասել, թե ինչ կտա անձնագրայնացումը համայնքներին ու դրա բնակիչներին: Տիկին Ղազանչյանի խոսքով, գլխավորն այն է, որ համայնքների բնակիչները միախմբվում են եւ միասին նախանշում իրենց խնդիրները ճիշտ եղանակով լուծելու ճանապարհը: «Սա մի ծրագիր է, որը համայնքի բնակիչներին «ստիպում» է ինքնահաստատվել»,- ասաց Անահիտ Ղազանչյանը:
Անձնագրայնացումը ոչ այնքան ֆինանսական միջոցներ, որքան ժամանակ ու համբերություն է պահանջում եւ չորս փուլ ունի: Գործընթացին մասնակցում են համայնքների առավել ակտիվ բնակիչները: Նրանք նախ գնահատում են իրենց համայնքի իրավիճակը՝ նկարագրելով առանձնահատկությունը, բնակիչների զբաղվածության մակարդակը, մարդկային եւ նյութական ռեսուրսները, ինչ արտադրություն կամ արտադրություններ ունեն կամ ունեցել են եւ նման բաներ: «Այսինքն՝ բնակիչներն իրենք քարտեզագրում են իրենց բնակավայրը»,- ասաց «Հեյֆերի» պատասխանատուն: Հաջորդ փուլում համայնքի բնակիչները ամբողջացնում են իրենց երազանքների բնակավայրի մոդելը: Անահիտ Ղազանչյանի ասելով՝ դա չպետք է իրականությունից կտրված լինի, որպեսզի ուտոպիայի չվերածվի: Տիկին Ղազանչյանը հիշեց, որ, օրինակ, Վրաստանում մի գյուղի մի քանի բնակիչ իրենց գյուղի համար միջազգային օդանավակայանն են առաջին անհրաժեշտության կարիք համարել, իսկ Հայաստանում մեկը ջայլամաբուծության մասին կցկտուր տեղեկություններ ունենալով՝ առաջարկել էր գյուղում զարգացնել ջայլամաբուծությունը: «Երբ հարցերի միջոցով իրեն հանգեցրի այն մտքին, որ ջայլամաբուծությունը մեր շուկայի համար դեռեւս պահանջարկ չունեցող ոլորտ է եւ, բնականաբար, ոչ շահութաբեր, մարդը հասկացավ, որ կտրվել է իրականությունից եւ սկսեց խոսել առավել իրական ծրագրերի մասին: Լավ է, որ նրանց մեջ ապրում է երեւակայական ապագան, բայց կարեւորն այն է, որ այդ երեւակայությունը մեր հնարավորությունների սահմանում լինի»,- նկատեց տիկին Ղազանչյանը:
Երրորդ փուլով համայնքը սկսում է պլանավորել անելիքը, հասկանալու համար՝ ո՞ւր է գնում եւ ինչպե՞ս: «Մենք նրանց երբեք չենք ուղղորդում, թե ինչ գրեն կամ ինչի մասին գրեն: Եղել են դեպքեր, երբ գյուղի ոչ մի բնակիչ չի հիշատակել դպրոցի կամ մանկապարտեզի մասին: Մենք պարզապես հիշեցրել ենք, որ այդ բացը լրացնեն: Հասել ենք նրան, որ բնակիչները սկսել են գիտակցել, որ համայնքի հարցերը պետք է հոգա ոչ թե գյուղի ամենամեծ գերդաստանը, այլ՝ հենց իրենք: Եթե խնդիրը գյուղատնտեսական է, դա մեր գծով է՝ այդ ուղղությամբ մի շարք ծրագրեր ունենք, որոնցով շատ ընչազուրկ ընտանիքներ ոտքի են կանգնել, անգամ՝ տնտեսություն հիմնել: Իսկ երբ խնդիրը մերը չէ, դիմում ենք մեր գործընկերներին՝ տվյալ համայնքում ներդրումներ անելու առաջարկով: Դեպքեր էլ են եղել, երբ վարկեր տրամադրելու միջնորդությամբ դիմել ենք այլ կազմակերպությունների եւ դրական պատասխան ստացել: Եթե համայնքն արդեն միակամ ու համախմբված է, հավատացեք, յուրաքանչյուր կազմակերպություն այդ համայնքի հետ սիրով է համագործակցում»,- ասաց տիկին Ղազանչյանը:
«Հեյֆեր Հայաստանի» տնօրենի ասելով. «Մենք օգնում ենք, որ մարդը սեփական արժանապատվությունը պահպանելու, իրեն երկրի տեր ու հասարակության լիիրավ անդամ զգալու իրավունքը չկորցնի»: